ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 6-ին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: Ըստ վարչապետի՝ այն համակարգում է այդ ընտանիքներին օգնության հատկացման գործընթացը: Սակայն այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ստեղծված աշխատանքային խումբը կոնկրետ ինչ է արել ընտանիքներին օգնելու նպատակով:
«Չեմ կարծում, թե Հայաստանում կամ Սփյուռքում կան մարդիկ, որոնք չէին ուզի աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցածն աննախադեպ էր, եւ դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը, Ղարաբաղը եւ Սփյուռքը միավորվում են դժվար պահին: Դա ակնհայտ դարձավ նաեւ մեր, այսպես կոչված, «բարեկամների» համար: Ակնհայտ է, որ մենք օգնել ենք, օգնում ենք եւ կօգնենք այդ ընտանիքներին»,- խոստացավ վարչապետը՝ ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ:
Իսկ արդյոք մեր գործող օրենսդրությունը նախատեսել է նման իրավիճակների համար լուծումներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի կարծիքով՝ այսօրվա օրենսդրությունը պատրաստ է այս իրավիճակին: Մասնագետի ներկայացմամբ` մահացած, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող պետական (դրամական) աջակցությունը բաժանվում է երկու մասի՝ միանվագ եւ պարբերական: Ի դեպ, օրենսդրության համաձայն՝ միանվագ աջակցությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
«Այն տրվում է ընտանիքի անդամին զոհվելու փաստի հիման վրա, գերեզմանի հատկացման, պահպանման ծախսերի համար: Դրանց չափը վաղուց սահմանվել է կառավարության 778 որոշմամբ. օրենսդրության համաձայն, հայրենիքը պաշտպանելիս կամ հատուկ առաջադրանքներ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում նշանակվում է 2 մլն դրամ միանվագ գումար: Հուղարկավորության հետ կապված ծախսերի համար տրվում է 700 հազար դրամ, եւս 1 մլն 400 հազար դրամ հատկացվում է գերեզմանների բարեկարգման համար»,- ներկայացրեց վարչության պետը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ կերակրողին կորցնելու դեպքում զինկենսաթոշակ է նշանակվում նաեւ ամուսնուն մինչեւ երեխայի 14 տարին լրանալը, եթե վերջինս նրա հետ հաշվառված է նույն հասցեում եւ չի աշխատում: «Այսինքն՝ կենսաթոշակ նշանակելու հիմքում գաղափար է դրվում կերակրող կորցրե՞լ են, թե՞ ոչ: Նշեմ, որ նշանակվող կենսաթոշակի չափը տարբեր է: Նվազագույն չափը 24 հազար դրամ է, սահմանված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային զինծառայողների համար: Մնացած դեպքերում կենսաթոշակի չափը պայմանավորված է զոհված զինծառայողի զբաղեցրած պաշտոնով»,-բացատրեց մասնագետը:
Ենթադրենք՝ զոհված զինծառայողն ունի 10 տարեկան երեխա, մայրը չի աշխատում: Առանձին կենսաթոշակ կնշանակվի երեխային՝ մինչեւ նրա 18 տարեկան դառնալը, եւ մորը՝ մինչեւ երեխայի 14 տարեկան դառնալը: Նրանց առանձին-առանձին կնշանակվի նաեւ պարգեւավճար: Ի դեպ, դրանց չափերը նույնպես տարբեր են: Պարգեւավճար կնշանակվի նաեւ ընտանիքին` 30 հազար դրամի չափով: Իսկ եթե երեխան ունի հաշմանդամություն եւ ստանում է հաշմանդամության նպաստ, ապա պարգեւավճարի չափն ավելանում է: Տիկին Գալստյանից տեղեկացանք նաեւ, որ այս բոլորը պարբերական վճարումներ են, եւ մինչեւ իրավունքի դադարումը նրանք ամեն ամիս կարող են ստանալ ե՛ւ կենսաթոշակը, ե՛ւ պարգեւավճարը: Նշենք, որ կենսաթոշակ ստանալու համար պետք է դիմի զոհված զինծառայողի ընտանիքի անդամը:
Ի դեպ, վարչության պետ Անահիտ Գալստյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախում զոհված զինծառայողների եւ ազատամարտիկների ընտանիքներին օգնելու հարցով ձեւավորված աշխատանքային խումբը ներկայումս տվյալների հավաքագրման եւ մշակման ուղղությամբ աշխատանքներ է տանում, որոնց արդյունքները կհրապարակվեն: Նշենք, որ աշխատանքային խումբը կոնկրետ դեպքերը քննարկելու համար է ստեղծվել:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ եւ հետաքրքրվեց, թե կառավարությունը կոնկրետ ինչ ծախսեր կարող է կրճատել եւ դրա հաշվին բարձրացնել զոհված զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքներին տրվող կենսաթոշակները:
«Կառավարության համար որեւէ դժվարություն չի ներկայացնում միջոցներ գտնել զոհված զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքներին օգնելու հարցում: Պետական կառույցներ կան, որոնք այնքան անարդյունավետ ծախսեր են թույլ տալիս: Օրինակ՝ հատուկ քննչական կոմիտեի կոմունալ ծախսերը, Երեւանի քաղաքապետարանի կողմից գնված աղբամանները, նստարանները: Ուղղակի պետք է նախ իրենց մոլուցքը, ճոխությունները վերացնել: Սովորական քաղաքացիները նման դեպքերում կրճատում են իրենց ծախսերը: Եւ պետական կառույցների կողմից անարդյունավետ ծախսերը կրճատելու դեպքում բյուջեում հաստատ լարվածություն չի առաջանա»,- նկատեց տնտեսագետը: Վ. Խաչատրյանի կարծիքով, այս հարցը պետք է արտահերթ օրակարգ մտնի եւ լուծվի. «Եւ պետությունը պետք է համարի պատիվ, որ ինչ-որ ձեւով կարող է այդ ընտանիքներին օգնել»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ԻՑ
Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանյան որոշ բանկեր, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետեւանքները, պատերազմական գործողությունների ընթացքում զոհված հայ հերոս զինծառայողների եւ նրանց ընտանիքների ստանձնած վարկային պարտավորությունները զրոյացրել են:
ArmLur.am-ը փորձեց պարզել՝ միացե՞լ է արդյոք այս նախաձեռնությանը «Յունիբանկ»-ը: Հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ Բանկն իր աջակցությունը հայտնել է վերջին օրերին մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին եւ արդեն իսկ զիջել Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները: «Բարձր ենք գնահատում մեր հայ զինվորների անձնազոհությունն ու արիությունը եւ խորին ցավակցությունները հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հարազատներին»,- հավելեցին «Յունիբանկում»:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՃԱՆԱՉԻ՞
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: Այս մասին «Արմենպրեսս»-ին հայտնել է Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի քաղաքական խորհրդական Հենրիեթ Ռայցը: «Դա կլինի «Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» եւ Սոցիալ֊դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցությունների համատեղ նախաձեռնությունը»,-հայտնել է Ռայցը: Հիշեցնենք, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի եւ բանաձեւի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձեւը հետ կանչել լրացուցիչ մշակման համար: Գերմանիայի խորհրդարանը դեռեւս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների եւ աքսորի մասին բանաձեւ, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը: Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ֊Վալտեր Շտայնմայերի եւ կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները ցեղասպանություն որակեց: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւ: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ եւս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձեւի քվեարկությունը հետաձգվեց անորոշ ժամանակով: