ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ լրահոսից
Երեկ Գառնիի մի քանի հարյուր բնակիչներ փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները եւ դուրս հանել տեխնիկան: Բնակիչների հետ զրուցում էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Վարդան Վարդանյանը, ով փորձում էր համոզել դադարեցնել ցույցը: Ցուցարարաներն իրենց հետ բերել են «Փրկենք մեր գետը, մեր բնությունը, մեր պատիվը», «Դուրս բերեք շինարարական տեխնիկան», «Չծառայեցնեք հայ զինվորի արյունը ձեր անձնական շահերին» եւ այլ գրությամբ պաստառներ:
ՀԱՐՑ. Ես եւ տղաս ապրում ենք մի բնակարանում, որի վրա դատական վճիռ կա (50% բաժնեմասով ապրելու եւ օգտագործելու): Ամուսինս, որը հանդիսանում է տվյալ բնակարանի սեփականատերը, կարո՞ղ է առանց իմ կարծիքը հաշվի առնելու վաճառել այդ բնակարանը: Ես իրավունք ունե՞մ արգելել նրան վաճառել բնակարանը: Խնդրում եմ մեջբերել օրենքներ:
Տաթեւիկ Հարությունյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի գրությանն ի պատասխան՝ հայտնվում է հետեւյալը.
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց:
Նույն օրենսգրքի 170-րդ հոդվ. 2-րդ մասի համաձայն՝
2. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Միաժամանակ անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝
1. Սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու եւ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ օրենքներով նախատեսված չեն այնպիսի դեպքեր, երբ անձի կողմից բնակարանի ձեռքբերման հիման վրա կդադարեցվի իր մյուս բնակարանի նկատմամբ սեփականության կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, բացառությամբ սեփականության իրավունքով պատկանող եւ նոր ձեռքբերվող բնակարանների փոխանակման դեպքում:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ պետական գրանցման սուբյեկտները պարտավոր են գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների փոփոխության հետ կապված ցանկացած իրավական գործարք 30 օրվա ընթացքում ներկայացնել անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում: Պետական գրանցման հետ կապված վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե դիմորդները մրցութային հավասար միավորներ են հավաքում, ապա ո՞ր խմբերին է, ըստ հերթականության, առավելություն տրվում:
Ալիսա Նազարեթյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում.
ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,
բ) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,
գ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային 1-ին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը,
ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ուսումնական տարվա քննությունների եւ ստուգարքների արդյունքում միեւնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու եւ ավել ուսանողների պարագայում երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին: