ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ՈՒՂԱՐԿՎԵՆ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» դրդապատճառների եւ հետեւանքների վերաբերյալ «Ժողովուրդ»-ը շարունակում է զրուցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:

Այս անգամ հարցի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել Եվրախորհրդարանի հույն պատգամավոր, ԵՄ արտաքին քաղաքականության, զարգացման, խնդրագրերի, ԵՄ-Թուրքիա միացյալ խորհրդարանական հանձնաժողովների անդամ Էլենի Թեոխարուսը:
-Տիկի՛ն Թեոխարուս, ինչպե՞ս կմեկնաբանեք ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
-Անկասկած, կոնֆլիկտի համար իրավական եւ քաղաքական պատասխանատվություն է կրում Ադրբեջանը: Ակնհայտ էր, որ մի շարք պրովոկացիոն ռազմական գործողությունների նպատակը միայն ռազմական թիրախավորումը չէր, այլ հենց անմեղ բնակիչները, որոնց թվում նաեւ երեխաներ էին: Սա անմարդկային է եւ անընդունելի: Ադրբեջանը մտադիր էր ստեղծել ապակայունացնող իրավիճակ, որը ռիսկային է ամբողջ տարածաշրջանի համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ապրում է մի պատրանքով, որը նրան թույլ է տալիս մտածել Լեռնային Ղարաբաղը վերագրավելու մասին:
-Իսկ ինչո՞ւ հենց այժմ վերսկսվեցին գործողությունները, ըստ Ձեզ՝ որո՞նք են պատճառները:
-Ադրբեջանի կառավարությունը առերեսվում է մի շարք խնդիրների, որոնք կապված են ժողովրդավարության դեֆիցիտի հետ, որը այս դեպքում քաղաքական եւ իրավական իրականության մի մասն է: Այսպիսով, ադրբեջանական ռեժիմը փորձ է անում այրել մարդկանց հոգիները եւ ուղեղները կույր կատաղությամբ եւ շեղել նրանց իրական խնդիրներից: Հայտնի է նաեւ, որ ֆաշիստական ռեժիմը միշտ էլ տանում է իմպերալիստական գործողությունների:
-Այնուամենայնիվ, կա կարծիք, որ այս ամենի հետեւում նաեւ այլ երկրներ են կանգնած: Ի՞նչ եք մտածում այս առնչությամբ:
-Ես չգիտեմ՝ արդյո՞ք դավադրության տեսություն գոյություն ունի, թե չէ, բայց մի բան հստակ է՝ Թուրքիան անմիջապես եկավ աջակցելու Ադրբեջանին նոր ագրեսիվ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում:
-Ապրիլի 5-ին Ադրբեջանի առաջարկած հրադադարը իրականում հրադադար չէ, քանի որ հենց Ադրբեջանն է շարունակում այն խախտել, իսկ միջազգային հանրությունն էլ պատշաճ գործնական արձագանք չի տալիս: Ձեր կարծիքով՝ այս դեպքում ի՞նչ քայլեր պետք է գործադրել` կայուն հրադադարի հասնելու համար:
-Այս հրադադարի դրական արդյունքը կախված է ոչ միայն ադրբեջանական կողմից, այլեւ Բաքվի նկատմամբ միջազգային հանրության գործադրած ջանքերից եւ ճնշումներից: Կարծում եմ՝ այս հարցում Ռուսաստանը կարող է ունենալ ճակատագրական դեր, քանի որ Կովկասի տարածաշրջանը գտնվում է հենց իր ազդեցության տակ: Մի՛ սպասեք որեւէ տպավորիչ եւ արդյունավետ նախաձեռնության ԵՄ-ից: Միջազգային հանրությունը կարող է իր սեփական դերն ունենալ, սակայն այն պետք է հիմնված լինի միմիայն համակողմանի համագործակցություն վրա: Ուստի մենք՝ որպես ԵՄ, պետք է այնպես անենք, որ Ադրբեջանի կառավարությունը դառնա կառուցողական քաղաքականության հետեւորդ՝ հետեւում թողնելով ռազմական հարձակումները:
Այս հարցում խաղաղ լուծման կարելի է հասնել միայն ինքնաճանաչման իրավունքի պահպանման դեպքում: Սա այն է, ինչ միջազգային իրավունքն է իրենից ենթադրում եւ այն բաղադրատոմսը, որը պետք է լինի ընդունելի բոլորի համար:
-Տիկի՛ն Թեոխարուս, վերջին իրադարձությունները կարելի՞ է որակել որպես պատերազմ, թե՞ այլ սահմանում կտաք:
-Սա ռազմական ճգնաժամ էր, որում ագրեսորը կա եւ մնում է Ադրբեջանը, որը այսպես նաեւ ցանկանում էր ստուգել մեր արձագանքը: Եթե իրականացվել են հանցագործություններ, ապա միջազգային արդարադատությունը պետք է ձեռնարկի քայլեր: Սա, կարելի է ասել, իրավական գործընթաց է եւ կանխարգելիչ քաղաքականություն:
-Եթե տեղյակ եք՝ օրերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնվեց 18 զինծառայողի մարմին, որոնք խոշտանգված էին՝ գլխատումներ, դիակապտություն, նաեւ` խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումներ: Ինչպե՞ս կգնահատեք ադրբեջանական կողմի նմանատիպ վայրագությունները:
-Այս վայրագությունները խայտառակություն են միջազգային հանրության համար, եւ պատասխանատուները պետք է անմիջապես ուղարկվեն Հաագայի միջազգային դատարան: Հայկական կողմը պետք է ներկայացնի բոլոր համապատասխան փաստաթղթերը արդարադատության միջազգային հանրությանը՝ պահանջելով պատժել մեղավորներին:

Զրուցեց ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

 

 

 
ՆՈՐ ԸՕ-Ն ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱԺ ԱՌԱՋԻԿԱ ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ

Ապրիլի 1-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ընթացող պատերազմական գործողությունները երկրորդ պլան մղեցին բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում եւ նոր ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը: Վերջին օրերին, սակայն, սահմանային հարաբերական հանգստության ֆոնին վերստին սկսվեցին ԸՕ նախագծի քննարկումները: Թե որ փուլում են այժմ գտնվում այդ աշխատանքները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից:

-Պարո՛ն Սահակյան, ընտրական նոր օրենսգրքի քննարկումները այժմ ո՞ր փուլում են գտնվում:
-Քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ ե՛ւ մեր, ե՛ւ հասարակության, ե՛ւ բոլորի ուշադրությունը մեկ տեղ էր` հայ զինվորի հետ, Արցախում: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է խախտենք ընտրական օրենսգիրքը ընդունելու համար Սահմանադրությամբ ամրագրված ժամկետները: Առաջիկա քառօրյայում, կարծում եմ, մենք հնարավորություն կունենանք ԸՕ-ն առաջին ընթերցմամբ քննարկել: Բայց մինչեւ առաջին ընթերցմամբ ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ լիագումար նիստերում քննարկելը, կունենանք մաքսիմալ քննարկված ընտրական օրենսգրքի նախագիծ:
Այս փուլում նորից ամփոփումներն են, քննարկումներն են: Մեզ են ներկայացվել բազմաթիվ գրավոր առաջարկություններ, որոնք մենք ի մի ենք բերում: Իրատեսական առաջարկությունները փորձում ենք ընդգրկել նախագծի մեջ, մյուսները քննարկման առարկա ենք դարձնում: Անցած քառօրյայում չքննարկելու իմաստը կայանում էր նրանում, որ կարողանանք ավելին անել այս առումով: Քննարկումներ են ընթանում նաեւ 4+4+4 ձեւաչափի շրջանակներում եւ նմանատիպ մի քանի քննարկումներ մենք ունենք արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ: Կարծում եմ՝ ժամկետների մեջ մենք անպայման կհասցնենք:
-Նշվում է, որ հնարավոր է՝ ընդունվի ողջ ընտրական գործընթացը, այլ ոչ թե միայն գրանցումը էլեկտրոնային տարբերակով անցկացնելու եղանակը: Այդպե՞ս է, թե՞ ոչ:
-Ընտրական գործընթացը մենք պայմանական բաժանում ենք երեք փուլի` ընտրողների գրանցում, քվեարկություն եւ հաշվարկ: Մեր հնարավորությունները թույլ են տալիս ըտրողների գրանցման գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականցնել: Ըստ մեզ՝ դա բավականին կմեղմի կամ կփոքրացնի ընտրական գործընթացների հանդեպ անվստահությունը: Մենք, անձամբ ես, ուսումնասիրել եմ ամբողջովին շղթայական էլեկտրոնային համակարգին անցնելու միջազգային փորձը, սակայն այն այդքան էլ չի խրախուսվում, դա պետք է լինի աստիճանաբար: Փորձել ենք այս պահին զերծ մնալ ամբողջապես ընտրություններն էլեկտրոնային համակարգով անցկացնելու գործընթացից: Բայց այս փուլում ընտրական գրանցման այն մեխանիզմները, որոնք որ մենք պատկերացնում ենք եւ որոնք կկարողանանք անխափան կիրառել, բավականին խնդիրներ կլուծեն:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանն անցած տարվա ընթացքում վաճառել է 45 մլն դրամ արժողությամբ «Range Rover supercharged 5.0 Vogue» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են մոտ 1 մլրդ 76 մլն դրամ եւ 125 հազար դոլար: Նա պատգամավորական աշխատավարձից բացի՝ հայտարարագրել է նաեւ 1 մլն 80 հազար դրամ եկամուտ, որը ստացել է իբրեւ վարձավճար եւ 1 մլն 314 հազար դրամ ու 2 հազար 100 դոլար էլ ստացել է որպես փոխառությունների տոկոսավճար: Հիշեցնենք, որ վերջինս դեռեւս 2012 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր 5 հատ ավտոմքենա, 4 հատ բնակարան եւ ընդհանուր` 412 մլն 675 հազար դրամի բաժնեմաս՝ 4 տարբեր ընկերություններում:
Պատգամավորի տնային տնտեսուհի կինը` Էլվինա Սարգսյանը եւս բավականին պատկառելի կարողություն է կուտակել: Նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 2 մլն 395 հազար դրամ եւ 426 հազար 865 դոլար: Ինչպես հայտնի է՝ «Սաս» սուպերմարկետների, «Նեքսթ», «Բալդի», «Ալդո», «Դեբենհամս» խանութների ցանցը պատկանում է հենց Սարգսյանների ընտանիքին:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ
Ինչպես հայտնի է՝ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 92 հոգի, որից 4-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ մեկ երեխա: Մինչ օրս անհետ կորած է մնում մեկ զինծառայող, որի գտնվելու վայրը դեռեւս անհայտ է: Ապրիլի 13-ին ադրբեջանական կողմը տեղեկություն էր հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանից փորձեց պարզվել, թե արդյո՞ք ադրբեջանական կողմի հրապարակած տվյալում նշված զինվորը մեր` անհետ կորած զինծառայողն է: «Դեռ հայտնաբերված զինվորի ինքնությունը պարզված չէ, դրա համար ադրբեջանցիները մեզ չեն փոխանցում»,- պատասխանեց Վիկտոր Քոչարյանը:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԵԿ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են կառուցվածքային փոփոխություններն ու նշանակումները: Մեր տեղեկություններով՝ պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանը տեղափոխվել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ: Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ է նշանակվել Արտակ Անդրեասյանը:




Լրահոս