ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆ ՁԳՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտի վերջին ՊԵԿ աշխատակիցների անունից համացանցում հրապարակված լսանյութը՝ իբրեւ բաց նամակ, շարունակվում է քննարկվել ինչպես իրավապահ կառույցների, այնպես էլ հասարակության շրջանում: Ու թեեւ այն ջնջվեց համացանցից, այնուամենայնիվ, մենք արխիվացրել ենք դրա օրինակը եւ վերստին լսելուց հետո այժմ անհրաժեշտ ենք համարում որոշակի նկատառումներ ներկայացնել:

Նախ արձանագրենք, որ տարածված լսանյութը պատերազմական գործողություններով «ընդմիջվեց» եւ այսօր վստահ կարելի է ասել, որ այն ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ էր հետապնդում, որքան հարկային ու մաքսային ծառայությունում «իշխանափոխություն» իրականացնելու: Եւ կատարվածը ներքաղաքական ու ներիշխանական լուրջ «ռազբորկայի» թեմա դարձավ, ինչպես սպասվում էր: Աներկբա է, որ Գագիկ Խաչատրյանի դիրքերը թուլացնելու խնդիր կա:
Ինչո՞ւ, որովհետեւ բոլորի համար էլ հասկանալի է, որ այդպիսի համակարգի գոյությունը տարիներ շարունակ չէր կարող լինել առանց առավել բարձր ատյանների թողտվության: Եւ կոռուպցիոն բացահայտման մեջ կան նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնք միայնակ չեն գործել: Թերեւս առանձին լսանյութի կարիք կլինի առաջիկայում, եթե իհարկե, իրավապահները իրականում որոշեն ամբողջապես բացահայտել կոռուպցիայի մեխանիզմը:
Նախ առաջին, այսպես ասած, վրիպումը լսանյութի վրա դրված լոգոն է, որը հարկային պետական ծառայության խորհրդանիշն է: Սակայն այդպիսի ծառայություն Հայաստանում վաղուց գոյություն չունի: Հայաստանում գործում է պետեկամուտների կոմիտե, եւ ՊԵԿ աշխատակիցները մաքսային ծառայության մասին այս լսանյութը պատրաստելիս չէին կարող այդ «մանրուքը» չնկատել:
Հիշեցնենք, որ լսանյութի մեջ ակնհայտորեն փոխված բամբ ձայնով տղամարդը խոսում է մաքսային ծառայությունում առկա կոռուպցիոն երեւույթների մասին՝ հայտնելով. «Միջին եւ բարձր պաշտոնները զբաղեցնող աշխատողները, անկախ իրենց մասնագիտական եւ մարդկային որակներից, որոնք աշխատել են Գագիկ Խաչատրյանի օրոք, ՊԵԿ-ի եւ առհասարակ պետության ղեկավարների կողմից դիտվում են որպես կաշառակերներ, որոնցից անհրաժեշտ է շատ արագ եւ ցանկալի է անաղմուկ ազատվել»: Համակարգի ներսում աշխատող մարդը, եթե հեղինակեր այս տեքստը, դժվար թե այդ լեզվամտածողությամբ կառուցեր ասելիքը: Նրանք կգրեին, որ մեզ մոտ՝ ՊԵԿ-ում աշխատող կադրերը… Ակնհայտ է, որ տեքստ կառուցողներն իրականում համակարգից դուրս գտնվող մարդիկ են, որոնք ունեցել են կոնկրետ մարդկանց անունը հանրայնացնելու եւ դրանով ինչ-որ խնդիր լուծելու հստակ նպատակ:
Բանն այն է, որ ՊԵԿ-ն այսօրվա արատավոր բարքերով տարիներ շարունակ աշխատել է, եւ որեւէ նորություն, ըստ էության, հրապարակված անանուն լսանյութի մեջ գոյություն չունի: Պարզապես անուններն են փոխված: Եթե այսօր խոսվում է այն մասին, որ մաքսային ոլորտի ողջ վերահսկողությունը Գ. Խաչատրյանը տվել է իր եղբոր որդուն՝ ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, ապա նախկինում եղել է այլ դերակատար:
Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե ում անուններն է հրապարակվել՝ իբրեւ կոռուպցիոն սկանդալի դերակատարներ: Ըստ լսանյութի՝ նրանք են՝ «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետ Ռոբերտ Գայֆաջյանը, Բագրատաշեն մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը՝ Կյաժ մականունով, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը (լուսանկարում), ով «լեւի» գործեր անելու ու փողեր գցելու համար սույն թվականի հունվարին ազատվեց աշխատանքից, եւ այլք:
Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանն արդեն կազմալուծել է ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի բաժինը, որի՝ արդեն պաշտոնազուրկ ղեկավար Սեդոյը՝ Սամվել Բաղդասարյանը, եւ ՊՊԾ ղեկավար Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչ, ունեցել են մաքսային «պապկաներ»: «Ժողովուրդ»-ը կանդրադառնա լսանյութում առկա դեմքերին՝ ի սկզբանե նկատի ունենալով կարեւորագույն հանգամանք, որ բոլոր կոռումպացված դեմքերը չեն ներառված լսանյութի մեջ: Պարզապես ընթերցողներին հետաքրքիր է իմանալ, թե ում են թիրախավորել «բաց նամակի» հեղինակները:
Եւ այսպես, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, որը եղել է ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետը, ըստ լուրերի՝ իրականում նաեւ խոշոր գործարար է: Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ Վահրամ Գուրողլյանը խոշոր բիզնես ունի Վիեննայում: Ի դեպ, պարզեցինք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Իսկ ո՞վ է նա, ինչպե՞ս է դերակատար դարձել համակարգում: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հիշեցրին, որ 2007-2008 թվականներին հարկային պետական ծառայության պետ աշխատած Վարհամ Բարսեղյանն է Վահրամ Գուրողլյանին նշանակել հարկային ծառայության ներքին անվտանգության վարչության (7-ի) պետ: Ծագումով արցախցի Վահրամ Բարսեղյանը աղմկալի կերպով ազատվեց աշխատանքից, քանի որ նրա «ոտքի տակը» փորել էր հենց նույն Վահրամ Գուրողլյանը:
Համակարգի հնաբնակները հիշում են, որ Վահրամ Գուրողլյանը, օգտագործելով իրեն տրված պաշտոնական լծակները, ձայնագրել էր իր ղեկավար Վահրամ Բարսեղյանի եւ հարկայինի օպերատիվ հետախուզության գլխավոր վարչության պետ Արկադի Բալայանի զրույցը՝ այն հասցնելով մինչեւ Սերժ Սարգսյանը: Այս զրույցից հետո Վահրամ Բարսեղյանն ազատվեց իր պաշտոնից:
Նկատենք, որ Արկադի Բալայանի տեղակալ Գագիկ Մազմանյանն այսօր կալանքի տակ է՝ հայտնի «Տապինո»-ի գործով: Իսկ Բալայանը առայժմ անվերադարձ մեկնել է Մոսկվա:
Շարունակելի

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 
ԳՈՒՅՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ
Երեկ ՀՀ ընտրական նոր օրենսգքրի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց փաստաթղթում արդեն իսկ արված որոշակի փոփոխությունները: Նա նշեց, որ հրաժարվել են գունավոր քվեաթերթիկներից: Հիշեցնենք, որ ԸՕ նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ ԱԺ ընտրությունների ժամանակ կուսակցություններից յուրաքանչյուրը պետք է ներկայացված լինի առանձին քվեաթերթիկով, որոնց գույները պետք է տարբեր լինեին: «Քվեաթերթիկի ծրարները լինելու են հատուկ՝ անկյունը կտրված, որպեսզի ծրարի միջից երեւա քվեաթերթիկը: Քվեաթերթիկի վրա փակցվելու են ինքնասոսնձվող դրոշմանիշներ, որոնք յուրաքանչյուր տեղամասի համար առանձին են լինելու եւ պաշտպանված: Եթե քվեաթերթիկի վրա չկա դրոշմանիշ, այդ քվեաթերթիկը ոչինչ է, սովորական թուղթ»,- պարզաբանել է Հարությունյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջարկվում է հրաժարվել քվեաթերթիկները եւ ծրարները հատուկ հաշվառման փաստաթուղթ համարելուց:

 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ՀՀ կառավարության գործարար-նախարարների կողմից Արցախին օգնության համար փոխանցված գումարների չափը: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ինչպես հայտնի է, «Ավշարի» գինու-կոնյակի գործարանի համասեփականատերն է: Իր կողմից ներկայացրած պաշտոնական հայտարարագրով 2015 թվականի տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 776 հազար դոլար, 300 հազար ռուբլի, 969 մլն 167 հազար դրամ: Նախարարը նաեւ հայտարարագրել է շահաբաժնից ստացված 31 մլն 730 հազար դրամի եկամուտ, իսկ այլ աղբյուրներից հայտարարագրել է 46.5 մլն դրամի եկամուտներ: Մի խոսքով, Արամայիս Գրիգորյանն իրականում ոչ թե նախարար է, այլ գործարար, որը ձեռքի հետ նաեւ նախարարի գործ է անում: Բնապահպանության նախարարությունից տեղեկացանք, որ միլիարդատեր նախարարը, ի տարբերություն իր մյուս գործընկեր նախարարներից մի քանիսի, ոչ թե մեկ, այլ երկու ամսվա աշխատավարձն է փոխանցել Արցախի օգնության հաշվեհամարին: Տվյալ դեպքում խոսքը 1 մլն 160 հազար դրամի մասին է: Նկատենք, որ այդ գումարը կազմում է նախարարի տարեկան եկամուտների մեկ տոկոսը:

 

 

ԹՈՂԵՔ՝ ՄԱՐԴԸ ՀԱՄԱԽՄԲՎԻ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ցանկանում խոսել ղարաբաղա- ադրբեջանական քառօրյա պատերազմի մասին: «Ժողովուրդ»-ր փորձեց նախկին քաղաքապետից պարզել, թե այդ օրերին ինքն ինչով էր զբաղված, երբ բոլորը ցուցակագրվում էին Արցախ մեկնելու համար, Վարդան Ղուկասյանն այս առնչությամբ ասաց. «Ուրիշ բաների մասին մտածեք, երբ ամբողջ ազգը համախմբված է, մի ընկեք մարդկանց հետեւից»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՄԵԿՆԻ ՊԵԿԻՆ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 15-ին երկօրյա այցով կմեկնի Պեկին։ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Չինաստանի արտգործնախարար Վան Իի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ: Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

 

 

ԵԹԵ  ՉԽԱՆԳԱՐԵՔ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին երեկ ասել է, թե հայերը լավ գիտեն, որ դարեր շարունակ կարողացել են խնդիրներ հաղթահարել՝ միայն իրենք իրենց վրա հույս դնելով: «Նրանք պետք է իրենց սեփական կազմակերպությունները ձեւավորեին, եւ հատկապես սփյուռքահայերը շատ լավ գիտեն, որ իրենց մշակույթը պահպանելու համար իրենք պետք է կազմակերպեն իրենց»:

 

 

ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ-Ն
Աժ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Հրանտ Բագրատյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ` Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին: Այն բաղկացած է ընդամենը 2 հոդվածից: Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ԿՈՐՉԻ ԵՏՄ-Ն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, օգտվելով օրենքով նախատեսված ընթացակարգերից, երեկ Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՉԸ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, միջնորդները կոչ են արել Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ սկսել խաղաղ բանակցությունները: Մենք կաշխատենք կողմերի հետ այդ ուղղությամբ՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:




Լրահոս