ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԿԱՊ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է 2015 թվականի Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որն անդրադառնում է աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին:

Օգտագործելով քաղաքական ուժը
Ըստ զեկույցի` Մարդու իրավունքների ոլորտում այս տարվա ամենալուրջ խնդիրներից են պետպաշտոնյաների կողմից կառավարական ռեսուրսների օգտագործումը՝ իշխող ՀՀԿ-ի գերակայությունը պահպանելու համար, երկրի իշխանությունների կողմից տնտեսական եւ քաղաքական ուժի օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու եւ իրավապահներին ու դատական համակարգը կոռումպացնելու, ինչպես նաեւ սահմանափակելու դատական համակարգի անկախությունը: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղական եւ միջազգային դիտորդները, քաղհասարակության անդամներն ու լրագրողները հաղորդեցին ընտրական իրավունքի բազմաթիվ խախտումների մասին. «Վարչական ռեսուրսների օգտագործում, բազմակի քվեարկություն, լցոնումներ, պաշտոնյաների կողմից դիտորդների եւ ընտրահանձնաժողովի անդամների ահաբեկումներ: Դեկտեմբերի 18-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է 34 քրեական գործ:

Օրենքն ու կոռուպցիոն դրսեւորումները
Զեկույցում առանձին մաս նվիրված է կառավարությունում կոռուպցիայի եւ թափանցիկության բացակայությանը. «Օրենքը քրեական պատասխանատվություն է սահմանում պաշտոնյաների կողմից կոռուպցիոն արարքների համար, սակայն կառավարությունը արդյունավետ չի կիրառել օրենքը, եւ պաշտոնյաները հաճախ ներգրավվել են կոռուպցիոն գործընթացներում եւ անպատիժ մնացել: Կառավարությունում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բազմաթիվ պնդումներ կան: Թեեւ Սահմանադրությամբ արգելվում է, որ պետական պաշտոնյաները ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեն, սակայն ընկերությունների ղեկավարներն ու օլիգարխները շարունակել են զբաղեցնել Ազգային Ժողովի մանդատները, եւ կառավարության այլ պաշտոնյաներ շարունակել են առաջ տանել իրենց բիզնես շահերը: Մի շարք դիտորդների պնդմամբ՝ օլիգարխները կապ են ունեցել կառավարության հետ: Իշխանությունները շարունակում են արհամարհել լրատվամիջոցների բարձրաձայնումները, ինչպես նաեւ այս թեմայով հրապարակված զեկույցներրը՝ կոռուպցիոն գործընթացներում պաշտոնյաների ներգրավվածության մասին: Զեկույցում անդրադարձ կա նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը. «Օրենքը պահանջում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները լրացնեն գույքի տարեկան հայտարարագրեր: Եղել են վարչական տուգանքներ՝ ոչ պատշաճ եւ կեղծ հայտարարագրեր լրացնելու համար, սակայն Էթիկայի հանձնաժողովը, որը պատասխանատու է հայտարարագրերը հավաքելու եւ մոնիտորինգի ենթարկելու համար, այդ տեղեկությունների իսկությունը ճշտելու եւ եկամուտների աղբյուրը ստուգելու կամ կեղծ տեղեկությունների դեպքում, տուգանելու լիազորություններ չի ունեցել: Այս տարվա ընթացքում մի քանի դատավորներ, ինչպես նաեւ գլխավոր դատախազը եւ այլ պաշտոնյաներ հայտարարագրել են մի քանի հազար դոլարի նվերներ՝ որպես իրենց եկամուտ, սակայն որեւէ պետական կառույց չի հետաքննել, թե որտեղից են այդ նվերները»:

Կասկածելի հանգամանքներն ու բռնության աճը
Մյուս խնդիրները վերաբերում են բանակում կասկածելի հանգամանքներում եւ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, եւ հատկապես որպես օրինակ ներկայացված է 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մասին: Դեպարտամենտը նաեւ անդրադարձել է Ղարաբաղա-Ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին. «Անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում էին պահպանել Լեռնային Ղարաբաղի եւ ադրբեջանական յոթ տարածքների վերահսկողությունը: ԼՂ-ի վերջնական կարգավիճակը մնաց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջամտության հարցերից մեկը՝ «Շփման գծում նկատելի էր բռնության աճ: Մեկ տարվա ընթացքում ռազմական գործողությունները հանգեցրին մեծաքանակ զոհերի ներառյալ հաստատված 6 բնակիչների»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

 

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Նախորդ տարվա ապրիլի 7-ին Հայաստանում կալանավորվեցին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման նախաձեռնող «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության` վերջիններս ձերբակալվել էին 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նկատենք, որ այս գործով նախաքննության մեկ տարին լրացել է, սակայն ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը, գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում:
«Ժողովուրդ»-ը այս գործով կալանավորված, այժմ ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց՝ քննչական գործողություններ ծավալվո՞ւմ են: «Ինձ, կոնկրետ չեմ հիշում, անցած տարի մայիս ամսին են կանչել քննչական կոմիտե, այնքան վաղուց է եղել, որ մոռացել եմ, թե երբ են կանչել: Մենք երկրից չհեռանալու մասին ստորագրություն ենք տվել եւ երկրից չենք կարող բացակայել: Գարեգին Չուքասզյանին 4 անգամ մերժեցին գործուղումների գնալ: Անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նրան հրավեր էր ուղարկել, բայց թույլ չտվեցին բացակայել երկրից»:
Ավելին, ըստ Ավետիսյանի՝ քննչական գործողություններ շատ վացուց չեն կատարվում. «Կոնկրետ մեկ անգամ Պարոն Սէֆիլյանին են ծանուցագիր ուղարկել դեկտեմբեր ամսին, որ դադարեցրեք ձեր գործունեությունը, եւ անշուշտ ստացել էին պատասխանը»:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ գործը չի կարճվում, քանի որ նպատակը մեկն է՝ սահմանափակել իրենց գործողությունները. «Իրենց կարճ ուղեղով մեզ վախի մեջ են ուզում պահել, սահմանափակել մեր գործողությունները, ինչը լուրջ չէ: Կրկնում եմ՝ իրենցից ամեն ինչ սպասում ենք, բայց որեւէ մտավախություն չունենք»:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն գործը հարուցել էր փետրվարի 18-ին, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները կալանավորվեցին ապրիլի 7-ին եւ ազատ արձակվեցին մեկ ամիս անց:
Ստացվում է, որ նշված գործիչներին 1 տարի շարունակ քննվող քրգործի շրջանակներում պարզապես «պատանդ են պահում», որպեսզի նրանց վրա ճնշման օղակ ունենան:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՂԲԱՅՐՆԵՐՈՎ
Ապրիլի 13-ին Ստամբուլում իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ ԼՂ շփման գծում վերջին իրադարձություններն ու ներկայիս իրավիճակը:

 

 
ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Աննա Դանիբեկյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Արսեն Նիկողոսյանը` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

 

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ
Ապրիլի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փորձ է արվել անհիմն սահմանափակել «Aravot.am» կայքի թղթակից Ամի Չիչակյանի օրինական մասնագիտական աշխատանքը։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող ՏԸՀ նախագահ Վեներա Թորոսյանի գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը լրագրողին տեղեկացրել է, որ Վեներա Թորոսյանը չի ցանկանում, որ դատական նիստն ընդհանրապես լուսաբանվի: Լրագրողի դիտարկմանը, թե դատական նիստը դռնբաց է, տեղի ունեցածն էլ հանրային հետաքրքրություն է ներկայացնում, դատավորը պատասխանել է, որ իբր առկա է անձի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների գաղտնիության խնդիր: Ամբաստանյալի փաստաբան Արմինե Ֆանյանն էլ սպառնացել է «Aravot.am»-ի լրագրողին՝ ասելով՝ եթե իր պաշտպանյալի անունը հայտնվի որեւէ հրապարակման մեջ, ապա լրատվամիջոցը խնդիրներ կունենա: Դատարանը բավարարել է ամբաստանյալի եւ նրա փաստաբանի միջնորդությունը եւ որոշել է արգելել դատական նիստի լուսաբանումը: Խորհրդակցելով իրավաբանների ու մեդիա-փորձագետների հետ՝ Ամի Չիչակյանը, այդուհանդերձ, լուսաբանել է դատական նիստը։

 

 

ԴԻՎԵՐՍԻՈՆ ՓՈՐՁ
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 9 խախտում եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաեւ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 4:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից եւ հետ շպրտվել:

 

 

ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ
Հակառակորդի համարձակությունը գալիս է մեկ պատճառով. նրանք շատ լավ գիտեն, որ այսօր Հայաստանի նախագահի աթոռը զավթած անձնավորությունն ամեն ինչ անելու է, որ լայնածավալ պատերազմ չլինի: Երեկ նման կարծիք է հայտնել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: «Մեր զինվորների արիության պատճառով նրանց ծրագրերը չիրականացան: Նույնիսկ Արցախյան ազատամարտի տարիներին չեմ հիշում, որ մեկ կամ երկու օրվա ընթացքում այդքան զոհ տայինք», – նշել է նա` նկատելով, որ միայն այս կատարվածով բավական դժվար է լինելու, որ նույն բնակիչները նախկին հանգստությամբ վերադառնան նույն բնակավայրերը եւ բնակվեն:

 

 

ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ
Այսօր Երեւանում տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը: Կքննարկվեն «Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական ոլորտներին եւ միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության հակազդմանը վերաբերող հարցեր»:




Լրահոս