Ադրբեջանի սանձազերծած պատերազմը լիովին տեղավորվում է հակամարտության զարգացման տրամաբանության ադրբեջանական տեսլականի մեջ: Բանակցություններում առաջացած անելանելի փակուղին ազդակ էր, որ Ադրբեջանը վաղ թե ուշ նման մի գործողություն ձեռնարկելու է: Հակառակորդի գործողություններից անակնկալի եկած հայաստանյան իշխանությունները, սակայն, կարծես թե տրամադրված չեն սեփական սխալների վերհանմանն ու շուտափույթ շտկմանը: Այս առումով ուշագրավ համեմատություն է ուրվագծվում արաբա-իսրայելական 1973թ. ռազմական գործողությունների համար պատասխանատու իսրայելական իշխանությունների եւ նրանց հայաստանյան ժամանակակից պաշտոնակիցների միջեւ:
1973թ. հոկտեմբերի 6-ին Եգիպտոսի հարձակումը անակնկալի բերեց Իսրայելին: Անշուշտ, վերջինիս կառավարությունը դեռ նախորդ բախումների ժամանակ էր ապացուցել, որ ի վիճակի է կանխարգելիչ հարված հասցնել հակառակորդին եւ նրան լուրջ կորուստներ պատճառել, ինչը մասնավորապես տեղի ունեցավ 1967թ. պատերազմում: Սակայն 1973թ. աշնանը Իսրայելը չգնաց կանխարգելիչ պատերազմի ճանապարհով: Ըստ էության, դրանում իր բացասական դերակատարությունն ունեցավ Միացյալ Նահանգները: Հայտնի է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները պատերազմի մեկնարկից երկու օր առաջ հատուկ հաշվետվության մեջ խիստ կասկածելի էին համարում եգիպտա-իսրայելական հակամարտության պոռթկումը: Ավելին` դիվանագիտական ճակատում ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հատուկ նախազգուշացրել էին Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյրին կանխարգելիչ հարված հասցնելու անթույլատրելիության մասին` առաջնահերթ համարելով ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերություններում արձանագրված դրական տեղաշարժի միտումը չվնասելը: Ըստ այդմ, Իսրայելը, դառնալով ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի զոհը, ենթարկվեց ռազմական ագրեսիայի, որի արդյունքում տվեց մինչեւ 2800 զոհ եւ 8800 վիրավոր: Կասկածից դուրս է, որ եգիպտական ուժերին կանխարգելիչ հարված հասցնելու պարագայում Իսրայելի կորուստները շատ ավելի քիչ կլինեին: Բայց միեւնույն ժամանակ չի կարելի մոռանալ, որ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը զգալիորեն նպաստեց Իսրայելի հաջողությանը, այսինքն` Միացյալ Նահանգները հավասարության նշան չդրեց կողմերի միջեւ` անգամ լինելով հետագայում նրանց միջեւ հրադադարի ու խաղաղության պայմանագրի նախաձեռնողը:
Իսրայելի քաղաքական ղեկավարությունը, որը պատասխանատու էր սկզբնական շրջանում կրած ռազմական անհաջողությունների համար, ղեկավարվում էր աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Գոլդա Մեյրի կողմից: Իսրայելի ամենաերեւելի կին գործիչներից մեկը լինելով` Մեյրն իր քաղաքական կարիերայում զբաղեցրել էր բազմաթիվ պաշտոններ, այդ թվում` ԽՍՀՄ-ում արտակարգ եւ լիազոր դեսպանի, ղեկավարել Իսրայելի աշխատանքի նախարարությունը, եղել երկրի արտաքին եւ ապա ներքին գործերի նախարարը: 1967թ. 6-օրյա պատերազմից հետո Մեյրը կազմեց ազգային համաձայնության կառավարություն` միաժամանակ ազդարարելով խաղաղության հասնելու Իսրայելի կառավարության ցանկությունը: Հաջողությամբ հաղթահարելով անակնկալ պատերազմի մատուցած շոկը` Գոլդա Մեյրի ղեկավարությամբ Իսրայելը հաղթանակ տարավ Յոմ Կիպուրի պատերազմում: Այստեղ էլ դրսեւորվեց պետական գործչի «մեյրյան» փայլուն կեցվածքը: Հասարակության կողմից բարձրացված հարցերը, թե ինչո՞ւ Իսրայելի բանակը համապատասխան պատրաստվածության բերված չէր, ինչո՞ւ էր հակառակորդին հաջողվել նկատելի առաջխաղացում ունենալ, հանգեցրին հատուկ հանձնաժողովի ստեղծմանը, որի գնահատականով` Գոլդա Մեյրը բանակի հրամանատարությունն իրականացրել էր պատշաճ կերպով` հակառակորդին նահանջ պարտադրելով: Նույն 1973թ.-ի դեկտեմբերին նրա կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, սակայն Մեյրը չհամաձայնեց կատարել վարչապետի պարտականությունները` համարելով, որ իր պատասխանատվությունը չափից դուրս մեծ է պատերազմում ունեցած Իսրայելի կորուստների հարցում: Գոլդա Մեյրը 5 տարվա վարչապետությունը բավական համարեց` ցուցաբերելով իսկական պետական գործչի հատկություններ:
Հայաստանի քաղաքական իշխանության առաջին դեմքը` Սերժ Սարգսյանը, պատերազմական ագրեսիայի պահին հայտնվեց գրեթե նույն վիճակում: Հաշվի առնելով ռուսական շրջանակների ազդեցությունը Հայաստանի իշխանության վրա` կարող ենք վստահաբար պնդել, որ ռազմական ագրեսիայի ողջ ընթացքում ճնշումների պակաս հաստատապես չի զգացվել: Ավելին` ինչպես ԱՄՆ-ն Իսրայելի պարագայում, այնպես էլ Ռուսաստանը Հայաստանի պետական շահերը զոհաբերեց հանուն սեփականի, ինչը օրինաչափ է բոլոր գերտերությունների պարագայում: Այդուհանդերձ, այս դեպքում Ռուսաստանը ոչ միայն չօժանդակեց հայկական կողմին, այլեւ միանգամայն հավասար եւ ընդհուպ մինչեւ Հայաստանի հանդեպ արհամարհական կեցվածք որդեգրեց: Եթե ԱՄՆ-ն պաշտպանեց ու աջակցեց իր դաշնակցին, ապա Ռուսաստանն իր դաշնակցին ստորադասեց գործընկերոջը: Ահա թե ինչպիսի մակարդակի անվտանգության եւ արժեքային համակարգի մեջ է իշխանությունը ներառել Հայաստանը:
Մեր երկրում Ղարաբաղյան պատերազմը հաղթած էլիտայից այսօր իշխանությունը պատկանում է միայն մեկին, որն ամեն ինչ արեց եւս առնվազն 5 տարի իշխանության ղեկին մնալու համար: Անկախություն նվաճած եւ հաղթանակը ապահոված գործիչներից Վազգեն Սարգսյանը սպանվեց, Վանո Սիրադեղյանն արտաքսվեց, Սամվել Բաբայանը ձերբակալվեց ու դուրս մղվեց որոշումների կայացման տիրույթից: Ռոբերտ Քոչարյանը կարծես այնքան էլ դժգոհ չէ, ռուսական մամուլի պնդմամբ, միլիարդատիրոջ կարգավիճակից, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու հեղափոխություններից առաջինը 2008թ. խեղդվեց արյան մեջ, իսկ երկրորդը «գողական» ռազբորկաներով ի չիք դարձվեց 2015թ.: Իշխանությունը կենտրոնացնելով բացառապես իր ձեռքում եւ սահմանադրական փոփոխություններով վճռականորեն ձգտելով շարունակել իր կառավարումը` Սերժ Սարգսյանն այս օրերին ցույց չտվեց պետական գործչի որակներ, ինչի մասին է վկայում հրատապ փոփոխություններ պահանջող իրավիճակի հանդեպ նրա ակնհայտ անհողդողդությունը: Բայց ինչպիսի իսկական հայրենասիրական քայլ կլիներ հետեւել պատերազմ հաղթած Գոլդա Մեյրի օրինակին եւ ընդունելով սեփական պատասխանատվությունը 92 զոհերի առաջ` արտահերթ արդար ընտրություններ անցկացնելուց հետո հեռանալ իշխանությունից:
Շարունակելի
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՌԱՏԱՇԵՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵԺ ԵՆ ԱՆՑՆԵԼՈՒ
ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրիլի 17-ին գյուղապետի ընտրություններ են տեղի ունենալու: Առաջադրված թեկնածուները 5-ն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վահրամ Հարությունյանը, ՀՀԿ-ական Համազասպ Երանյանը, ՀՀԿ-ական Զավեն Ինջիղուլյանը, ՀՀԿ-ական Արտակ Ղազարյանը, ով գյուղի դպրոցի պահակն է, եւ անկուսակցական Հովհաննես Անդրեասյանը: Ի դեպ, վերջինս Առատաշենի նախկին գյուղապետն է եւ երրորդ անգամ է պայքարում գյուղապետի պաշտոնի համար: Ըստ առատաշենցիների՝ այս ընտրությունները թեժ են անցնելու: «Ժողովուրդ»-ը զրուցեց առաջադրված թեկնածուներից երկուսի` գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վահրամ Հարությունյանի եւ նախկին գյուղապետ Հովհաննես Անդրեասյանի հետ:
Առատաշենի գյուղապետ եւ առաջադրված թեկնածու Վահրամ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, ընտրություններին մնաց երկու օր: Գյուղում նախընտրական ի՞նչ մթնոլորտ է:
-Խաղաղ է ու հանգիստ:
-Այս ընտրություններում ունեք 4 մրցակից, դժվա՞ր է Ձեզ համար:
-Ընդամե՞նը 4 (ծիծաղում է, Ս.Հ.), շատ են: Իհարկե, դժվար է: Բոլոր թեկնածուներով էլ իրար հետ կապված ենք: Ժողովրդի համար էլ է ընտրելը դժվար դարձել, ընկերներ են, հարեւաններ: Արդեն ընտրություն անելն էլ է դժվարացել:
-Իսկ թեկնածուների միջեւ լարվածություն կա՞:
-Կարելի է ասել, որ չկա:
-Հովհաննես Անդրեասյանի հետ արդեն երրորդ անգամ եք մրցակցելու…
-Առաջին անգամ, երբ առաջադրեցի թեկնածությունս, պարտվեցի, իսկ Անդրեասյանը հաղթեց: Բայց նախորդ ընտրություններին ես 350 ձայն իրենից ավել հավաքեցի: Հիմա մեր մեջ ոչ մի լարվածություն չկա:
Առատաշենի գյուղապետի թեկնածու Հովհաննես Անդրեասյան
-Պարո՛ն Անդրեասյան, ինչպե՞ս եք պայքարելու 4 մրցակցի դեմ:
-Պայքար է, ուղղակի պայքար: Ես որեւէ մեկի տուն չեմ մտնում ու չեմ խնդրում ինձ ձայն տալ:
-Ձեզ համար դժվա՞ր չէ:
-Ես վստահ եմ իմ ուժերին:
-Ինչո՞ւ եք այդքան վստահ, եթե նախորդ ընտրություններին պարտվել եք:
-Ժողովուրդը հոգնում է, եթե մի գյուղապետ երկար է մնում պաշտոնին: Ես տասը տարի աշխատել էի: Եւ 4 տարի հանգստացա, իմ հողերը մշակեցի: Այս 4 տարիների ընթացքում գյուղացիները եկել են իմ տուն եւ խնդրել են առաջադրվել: Ես էլ առաջադրվեցի:
-Իսկ ի՞նչ կիսատ գործ ունեք թողած, որ կրկին առաջադրվել եք:
-Գյուղում ակումբ, ամբուլատորիա կառուցվել է միայն իմ պաշտոնավարման տարիներին: Ամեն մի ծնված երեխայի ընտանիքնին ես գումար եմ տվել, ցանկացած միջոցառում ես եմ կազմակերպել, ամեն անգամ 10-րդ դասարանի շրջանավարտներին ես եմ տարել Սեւան: Հիմա ես մտածում եմ, որ դա շարունակել է պետք: Իսկ գործող գյուղապետը միայն հաստիքներ է ավելացնում:
-Գյուղապետի հետ լարվածություն կա՞:
-Ես իրեն հետ անձնական խնդիրներ ունեմ եւ չեմ կարող հրապարակել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՀԱՅՐԸ ՆԵՐԵՑ ԳՈՂ ՈՐԴՈՒՆ
Իջեւան քաղաքի բնակիչ Աշոտ Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվար-փետրվար ամիսներին գաղտնի հափշտակել է Իջեւան քաղաքի Աբովյան 24/78 հասցեի տան երկրորդ հարկում գտնվող, իր հորը՝ Պատվական Սարհատյանին պատկանող երկու բազկաթոռ, կարի մեքենա եւ վերմակ՝ հորը պատճառելով 175 հազար դրամի վնաս: Ա. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:
Իջեւանից ստացված տեղեկության համաձայն՝ Աշոտ Սարհատյանի ընտանիքը բնակվում է նույն տան առաջին, իսկ հոր ընտանիքը՝ երկրորդ հարկում, նրանց միջեւ վատ հարաբերություններ են:
Նշենք, որ մինչ այդ Ա. Սարհատյանը գտնվում էր կալանքի տակ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, քանի որ 2015թ. հունիսի 15-ին ծեծել էր իր կնոջը: Սական 2015թ. հոկտեմբերի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել էր Ա. Սարհատյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով առաջադրված մեղադրանքը կարճել՝ իր կնոջ՝ տուժողի հետ հաշտվելու պատճառով: 2016թ. մարտի 16-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Պատվական Սարհատյանից դիմում է ստացվել այն մասին, որ նա հաշտվել է որդու՝ Աշոտ Սարհատյանի հետ, նրանից որեւէ պահանջ չունի եւ խնդրել է նրան պատասխանատվության չենթարկել: Դատաքննության ժամանակ Աշոտ Սարհատյանը հայտնել է, որ ինքը հաշտվել է հոր հետ եւ խնդրել է քրեական գործի վարույթը կարճել: 2016թ. ապիրիլի 14-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Աշոտ Սարհատյանին առաջադրված մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճել ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառով, Աշոտ Սարհատյանի հանդեպ խափանման միջոցը վերացվել է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ