«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շփումները սկսել են պարբերական բնույթ կրել: Ինչպես հայտնի է՝ քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի բնակարան, եւ մոտ մեկ ժամ նրանք զրուցել էին Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումից հետո Սարգսյանը եւ Տեր-Պետրոսյանը սկսել են շարունակական շփվել: Ըստ նույն լուրերի՝ Սերժ Սարգսյանը հաճախակի է զանգահարում Տեր-Պետրոսյանին` ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող զարգացումնները քննարկելու նպատակով:
Այս լուրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից եւ ՀԱԿ կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանից: «Հանրապետության նախագահի այցելությունների եւ հանդիպումների մասին պատշաճ կարգով եւ ժամանակին տեղեկացնում ենք»,- պատասխանեց Վլադիմիր Հակոբյանը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը վերը նշված լուրերի իրական լինել-չլինելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես նման օդից վերցրած բաներ չեմ մեկնաբանում»:
Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ գործարարները առանձնապես տեղից չեն շարժվում: ՌԴ իշխանություններին եւ հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, զայրացրել է այն, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ Հայաստանի երիտիշխանավորների ձեռամբ, եւ որ ՀՀ իշխանություններն ուղղակիորեն ՌԴ-ին մեղադրեցին` Ադրբեջանին զենք վաճառելու համար: «Ժողովուրդ»-ին մոսկվայաբնակ գործարարների շրջանակներից տեղեկություններ հասան առ այն, որ ՌԴ իշխանական շրջանակները Ռուսաստանի՝ ազգությամբ հայ մեծահարուստներին հասկացրել են, որ նրանց կողմից Հայաստանին ֆինանսապես աջակցելը կարող է իրենց հետագա գործունեության համար խնդիրներ առաջացնել: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի հայ մեծահարուստները պարզապես պետք է ընտրություն կատարեն` ի հեճուկս ՌԴ իշխանությունների գումա՞ր փոխանցեն Արցախին, թե՞ ենթարկվեն «հրահանգին»: Ինչպես երեւում է՝ նրանք երկրորդ տարբերակն են ընտրել:
Վաղը Հայաստանի տարբեր մարզերի՝ թվով 36 համայնքներում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ եւ Արագածոտնի մարզի Թալին համայնքները վաղը քաղաքապետ են ընտրելու: Թալինում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ ՀՅԴ անդամ Տիգրան Հարությունյանը: Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկու ՀՀԿ-ականներ են` Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը եւ գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
Մարտի 30-ին համացանցում տարածվել էր մի լսանյութ` ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների անունից, որում ներկայացված էր մաքսային մարմիններում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն համակարգը: ՀՀ գլխավոր դատախազությունն այս ձայնագրությունն ուղարկել էր ԱԱԾ՝ ուսումնասիրելու համար: Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ այդ ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռ 2014-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով ՊԵԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասով քրգործ է հարուցվել, որը մինչ օրս քննվում ԱԱԾ-ում: Վերը նշված ձայնագրությունը կցվել է 2 տարի առաջ հարուցված այդ քրեական գործին: «Ժողովուրդ»-ի այս լուրը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին. «Քանի որ արդեն իսկ ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից չարաշահումներ մասով կար հարուցված քրեական գործ եւ քննվում է ԱԱԾ-ում, համացանցում հայտնված լսանյութը կցվել է այդ քրեական գործին: Առանձին լսանյութի մասով քրեական գործ դեռես չի հարուցվել»: Իսկ թե ինչ գործի մասին է խոսքը, չմանրամասնեցին:
ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել: Այդ մասին ժամը 18.00-ին ահազանգ ստացած ոստիկանության աշխատակիցները, շտապելով դեպքի վայր, պայթյունի լուրջ հետեւանքներ չեն արձանագրել: Մոսկվայից միջադեպին արձագանքած Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն էլ կատարվածը որակել է որպես «ուռճացված աղմուկ, անհեթեթ միջադեպ»: Արդյոք միջադեպն այդքան անհեթեթ է եւ ուռճացված: Քոչարյանի տան վրա նռնակի նետումը գուցե այդքան աղմուկ չառաջացներ, եթե դա տեղի ունենար մի քանի ամիս առաջ, օրինակ` անցած տարվա նոյեմբերի սկզբին: Իսկ նոյեմբերի վերջին՝ Նոր Նորքում զինված հանցախմբի վնասազերծումից եւ նրանց կողմից Ս. Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու մասին խոսակցություններից հետո, Քոչարյանի տան վրա այս հարձակումը այլ երանգ է ստանում:
Երեկվա միջադեպը հատկապես ուշագրավ է դառնում Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպումից եւ դրան հետեւած հայտարարություններից հետո: Փաստորեն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում կոշտ որակումներ հնչեցնելով Քոչարյանի հասցեին եւ Ղարաբաղի բանակցային գործընթացում առկա ձախողումների մեղքը ամբողջովին նրա վրա բարդելով` Սերժ Սարգսյանին այդ հարցում պատասխանատվությունից դուրս դրեց՝ այդպիսով նաեւ ի սկզբանե փորձելով տորպեդահարել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպման հնարավորությունը: Իսկ Քոչարյանի եւ նոր կուսակցության շինարարությամբ զբաղված Վարդան Օսկանյանի հրապարակային հայտարարություններից հետո էլ ակնհայտ դարձավ, որ առաջիկայում Հայաստանում իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը լինելու է ղարաբաղյան կարգավորումը:
Այս ամենից հետո երեկվա միջադեպը բազում հարցերի տեղիք է տալիս: Նախ` ում էր պետք նռնակ նետել Քոչարյանի տան վրա այն դեպքում, երբ հայտնի էր, որ նա գտնվում է Մոսկվայում: Բացի այդ՝ ինչու պետք է «ահաբեկիչը» Քոչարյանի տան վրա նետեր Սերժ Սարգսյանի ասած` «80-ականների» արտադրության մի նռնակ, որը որեւէ լուրջ վնաս չէր կարող հասցնել: Այս ամենն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հանցագործի եւ նրա պատվիրատուների նպատակը եղել է ոչ թե իսկապես վնաս հասցնելը, այլ հենց աղմուկ բարձրացնելն ու երկրի ներսում իրավիճակի ապակայունացումը:
Բացառել, որ դա կարող էր ձեռնտու լինել դրսի ուժերին, իհարկե, չի կարելի, հատկապես ներկայիս գերլարված փուլում: Թեպետ նման տարբերակի դիտարկումն էլ իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջ բերում` ուղղված երկրի ԱԱԾ-ին: Սակայն այս պահին, թերեւս առավել հավանական կարելի է համարել ներքին պատվիրատուի տարբերակը, որի բացահայտումն, ի դեպ, շատ ավելի բարդ խնդիր կարող է լինել` հաշվի առնելով կատարվածից պղտորված քաղաքական ջրերում ձուկ որսալու ցանկություն ունեցողների առատությունը՝ սկսած ներկայիս նոմինալ ընդդիմությունից, ավարտած նոմինալ իշխանությամբ, այդ թվում` նախկին, համարվող ձկնորսներով: