Հայաստանում ապրանքատեսակների գները շարունակում են ավելի արագ աճել, քան աշխատավարձերը, ինչը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենում հանրության սոցիալական վիճակի վրա:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 2 տոկոս գնանկում: Նշենք, որ պարենային ապրանքների շուկայում (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) արձանագրվել է 5.1 տոկոս գնանկում, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում` 1.5 տոկոս գնանկում: Սրան զուգընթաց թանկացել են ծառայությունների սակագները՝ 2.9 տոկոս գնաճ: Թեեւ ԱՎԾ-ն արձանագրել է 2 տոկոս գնանկում, այնուամենայնիվ, այս տարվա մարտին ապրանքատեսակները ՀՀ տարբեր քաղաքներում վաճառվել են իրարից տարբեր գներով. մեկում՝ թանկ, մյուսում՝ էժան:
Օրինակ՝ բարձր տեսակի 1 կգ ալյուրը առավել թանկ գնով վաճառվել է մայրաքաղաք Երեւանում: Իսկ Էջմիածինում այն վաճառվել է՝ 280 դրամով, Արտաշատում՝ 380-ով, Գյումրիում՝ 310-ով, Հրազդանում՝ 290-ով: Մեկ կիլոգրամ ձավարը նույնպես թանկ գնով վաճառվել է Երեւանում՝ 700 դրամ, Գյումրիում այն եղել է 500 դրամ, Գավառում՝ 390, Կապանում՝ 580, Արտաշատում՝ 450, Իջեւանում՝ 570 դրամ:
Իսկ մեկ կիլոգրամ բարձր տեսակի հացը Երեւանում վաճառվել է 513 դրամով, Գյումրիում՝ 410-ով, Վանաձորում՝ 460-ով, Կապանում՝ 440-ով, Արտաշատում՝ 480-ով: Լավաշի 1 կգ-ը նույնպես մայրաքաղաքում բարձ գին է ունեցել: Այն մարտ ամսին վաճառվել է 760 դրամով: Իսկ Վանաձորում մեկ կիլոգրամ լավաշի գինը կազմել է 800 դրամ: Մինչդեռ Արտաշատում այն վաճառվել է 500 դրամով, Հրազդանում՝ 610-ով, Էջմիածնում՝ 570-ով: Մակարոնի 1 կգ-ը Երեւանում վաճառվել է 500 դրամով, Գյումրիում՝ 420 դրամով, Հրազդանում՝ 410-ով, Գավառում՝ 390-ով, Կապանում՝ 520-ով, Արտաշատում՝ 440-ով: Ուշագրավն այն է, որ մեկ կիլոգրամ մակարոնը Վանաձորում վաճառվել է 280 դրամով: Համաձայնեք, որ տարբերությունը հսկայական է:
Հիմա անդրադառնանք մսամթերքին. տավարի մսի 1 կգ-ը Երեւանում վաճառվել է 2450 դրամով, Գյումրիում՝ 2360-ով, Էջմիածնում՝ 2480-ով, Աշտարակում՝ 2500-ով: Իսկ Հրազդանում եւ Եղեգնաձորում այն վաճառվել է 2290 դրամով: Խոզի մսի 1 կիլոգրամը բարձր գին ունեցել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3200 դրամ: Իսկ Արտաշատում այն վաճառվել է 2450 դրամով, Վանաձորում՝ 2610-ով, Եղեգնաձորում՝ 2710-ով, Գյումրիում՝ 2840-ով, Իջեւանում՝ 2680-ով: Մայրաքաղաք Երեւանում խոզի մսի 1 կիլոգրամը վաճառվել է՝ 2770 դրամով: Իսկ, ահա, ոչխարի մսի 1 կգ-ն այստեղ վաճառվել է 2990 դրամով: Գյումրիում ոչխարի մսի 1 կիլոգրամը 2600 դրամ է եղել, Աշտարակում՝ 2900, Հրազդանում՝ 3130, Արտաշատում՝ 2850: Ինչ վերաբերում է թռչնամսին, ապա այն Արտաշատում վաճառվել է 1600 դրամով, հավի բուդը՝ 900-ով: Իսկ մայրաքաղաքում թռչնի մսի 1 կիլոգրամը վաճառվել է 1560 դրամով, հավի բուդը՝ 1130-ով:
Ուշագրավն այն է, որ Երեւանում 1 կգ կարագը մարտին վաճառվել է 4050 դրամով, իսկ ՀՀ մյուս քաղաքներում՝ մոտ 3000 դրամով: Ստացվում է, որ այն մայրաքաղաքում 1000 դրամով ավելի թանկ է վաճառվել:
Արդյոք գնային այս անհավասարությունը համապատասխան օղակների կողմից վերահսկվում է: Այս խնդրին անդրադառնալիս համապատասխան կառույցը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, արդարանում է՝ նշելով, որ ազատ շուկայական հարաբերություններ են, եւ յուրաքանչյուր տնտեսվարող ինքն է որոշում, թե որ ապրանքատեսակը որքանով վաճառի: Իսկ տնտեսվարողներն էլ գները սահմանում են՝ առանց հաշվի առնելու, թե տվյալ տարածաշրջանի բնակիչը որքանով է գնողունակ: Ստացվում է, որ անբարեխիղճ տնտեսվարողները ամենուր են եւ շարունակում են մնալ անպատիժ:
Սրան զուգընթաց տեղեկացնենք, որ Հայաստանում միջին ամսական պետական աշխատավարձը այս տարվա փետրվարին կազմել է 154 հազար 981 դրամ, իսկ ոչ պետականը՝ մոտ 210 հազար դրամ: Օրինակ՝ այս տարվա հունվարին ՀՀ Արագածոտնի մարզում միջին ամսական աշխատավարձը կազմել է 123 հազար դրամ. Աշտարակ քաղաքում՝ 135 հազար դրամ, Ապարանում, Արագածում՝ 110 հազար դրամ, Թալինում՝ 105 հազար դրամ: Իսկ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում միջին ամսական աշխատավարձը կազմել է 126 հազար դրամ, Արարատում՝ 170 հազար դրամ, Մասիսում՝ 150 հազար դրամ:
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում միջին ամսական աշխատավարձը հունվարին 178 հազար դրամ է կազմել, Էջմիածնում՝ 112 հազար դրամ: Գեղարքունիքի մարզի Գավառում այն կազմել է 146 հազար դրամ, Ճամբարակում՝ 111 հազար դրամ, Վարդենիսում՝ 189 հազար դրամ, Սեւանում՝ 125 հազար դրամ: Լոռու մարզի Ստեփանավանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 124 հազար դրամ, Սպիտակում՝ 105 հազար դրամ, Վանաձորում՝ 135 հազար դրամ: Այն Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կազմել է 151 հազար դրամ, Հրազդանում՝ 164 հազար դրամ:
Իսկ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում միջին ամսական աշխատավարձը 127 հազար դրամ է, Արթիկում՝ 115 հազար դրամ, Աշոցքում՝ 116 հազար դրամ: Սյունիքի մարզի Գորիսում միջին ամսական աշխատավարձը կազմել է 141 հազար դրամ, Կապանում՝ 259 հազար դրամ, Մեղրիում՝ 176 հազար դրամ, Սիսիանում՝ 118 հազար դրամ: Տավուշի մարզի Իջեւան քաղաքում 160 հազար դրամ է կազմել միջին ամսական աշխատավարձը, Դիլիջանում՝ 140 հազար դրամ: Իսկ, ահա, մայրաքաղաք Երեւանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 190 հազար դրամ: Ի դեպ, ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը եղել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 218 հազար դրամ:
Հաշվի առնելով պարենային ապրանքների` օրեցօր բարձրացող գները՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանում միջին աշխատավարձով անհնար է նույնիսկ նորմալ սնվել, ո՞ւր մնաց մտածել հագուստի, հանգստի կամ զվարճանքի մասին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՅՈՒՆ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ
Երեկ կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին՝ զբաղվել զոհված զինծառայողների ընտանիքների խնդրով: «Հանձնարարում եմ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր մշակել եւ կառավարությանը ներկայացնել համապարփակ զեկույց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: Հանձնարարում եմ այն ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում»,- ասել է վարչապետը: