
Այսօր Հայաստանում գործող օլիգարխներն ավելի մեծ գումարներ են վճարում իշխանությունների «սեւ դրամարկղ», քան պետական բյուջե: Ընդ որում, տարիներ շարունակ գոյություն ունեցած «սեւ դրամարկղը» գնալով նորանոր ձեւեր է ստանում, նույնիսկ մասամբ «օրինականացվել է»: Խոսքը տվյալ դեպքում իշխանություններին կից զանազան բարեգործական հիմնադրամների մասին է, որոնց միջոցները գոյանում են նույն օլիգարխների կատարած «նվիրատվություններից»: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ նվիրատվությունները միշտ չէ, որ կրում են կամավոր բնույթ, այլ իշխանության ներսում հստակ քվոտավորված է, թե որ օլիգարխը որ հիմնադրամին որքան գումար պետք է վճարի: Ընդ որում, այդ քվոտաները «վավերացվում են» անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: