ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

189 753 ՀԱՇՄԱՆԴԱՄ
Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ սոցապ նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) ընդգրկված է եղել 189 753 հազ. հաշմանդամ: Մինչեւ 18 տարեկան ընդգրկված է ընդամենը 8148 հաշմանդամ, որից 2556-ը կանայք են: 18-ից մինչեւ 40 տարեկան ընդգրկված է 27407 հաշմանդամ, որից 8556-ը կին է: Նրանցից անժամկետ հաշմանդամություն ունեն ընդամենը 19807 մարդ, որից 5453-ը կին է: Իսկ 40-ից մինչեւ կենսաթոշակային տարիքի ընդգրկված է ընդամենը 98763 հաշմանդամ, որից  50752-ը կին է: Նրանցից անժամկետ հաշմանդամություն ունեն ընդամենը 48932 մարդ, որից 22736-ը կին է: Կենսաթոշակային եւ բարձր տարիքի ընդգրկված է 55435 մարդ, որից 27592-ը կին է:

ԴՐԱԿԱՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Հայաստանի «Բորոդինո» պահածոների գործարանը աուդիտի է ենթարկվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից եւ չի ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն: Հիշեցնենք, որ  941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի էին ենթարկվել 630-ը, որից 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203-ը  չէին ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, իսկ 311-ում աուդիտ չէր անցկացվել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության հաշվապահ Հասմիկ Հարությունյանի հետ. «Ունեինք դուստր ձեռնարկություն, որը վաղուց գործունեություն չի ծավալում եւ ոչ էլ լուծարված է: Եվ դուստր ձեռնարկության հիմնական միջոցները չեն վերագնահատվել միջազգային ստանդարտներին համապատասխան, ու դրա պատճառով ընկերությունը ստացել է վերապահումով դրական կարծիք:  Ուրիշ թերություններ չեն եղել, ամեն ինչ կարգին է»: Նշենք, որ վերապահումով դրական կարծիքը համարվում է դրական կարծիք չստացած:

ԿԻԹԱՌՈՎ ԿԻՋՆԻ՞
Երեկ ուսանողները Կառավարության դիմաց հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Նրանք պահանջել են, որ չեղյալ համարվի  ուսման վարձերի թանկացման  անօրինական որոշումը, ինչպես նաեւ բարձրացվեն պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը՝ առանց ուսման վարձերը բարձրացնելու: Ակտիվիստները «վար-չա-պետ» վանկարկումներով պահանջել են, որ Տիգրան Սարգսյանը իջնի եւ խոսի իրենց հետ: Սակայն   ուսանողների հետ հանդիպել է դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վերջինս տեղեկացրել է, որ վարչապետը զբաղում է իր աշխատանքային գրաֆիկով, եւ նրա անունից ինքն է իջել: Սակայն ակտիվիստները չցանկացան խոսել վարչության պետի հետ եւ ամեն կերպ պահանջում էին, որ վարչապետը իջնի, նույնիսկ հարցրին. «Իսկ եթե կիթառ բերենք, կիջնի՞»:




Լրահոս