ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ԳՈՐԾԸ ԼՌՎԵԼ Է
Հայտնի գոմեշի մսի գործի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, այն ոչ մի կերպ չի ավարտվում, գործն էլ դատարան չի ուղարկվում: Մինչդեռ մայիսի 18-ին արդեն զինվորական դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում: Հիշեցնենք նաեւ, որ գործով գլխավոր մեղադրյալներից Կապանի մսի գործարանի տնօրենի նկատմամբ ամիսներ առաջ փոխվեց խափանման միջոցը` կալանքը փոխարինվեց չբացակայելու մասին ստորագրությամբ:
ՄԻԳՐԱՆՏԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ
Ռուսաստանում օրեցօր սրվում է միգրանտների դեմ սանձազերծված պայքարը. Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից հետո հանգստյան օրերին տեղական շուկաներում «մաքրման» գործողություններ են իրականացվել Կամչատկայում, Տյումենում, Պերմում ու Վոլգոգրադում: Այդ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 1300 օտարազգի: 413 աշխատանքային ներգաղթյալ է ձերբակալվել Պերմում, Տյումենի ցուցանիշը կազմել է ավելի քան 800 մարդ: Այս հակամիգրանտային պայքարի թիրախում են նաեւ ՌԴ արտագաղթած հայերը, որոնց Հայաստանի ռազմավարական դաշնակիցը վերաբերվում է ծայրահեղ կոպտությամբ: «Առաջին լրատվականի» տեղեկություններով, Ռուսաստանից արտաքսում են նաեւ Սամվել Կարապետյանին պատկանող օբյեկտներում աշխատող հայազգի քաղաքացիներին, անգամ, եթե նրանց փաստաթղթերում ամեն ինչ կարգին է:
ԿՀԱՆԴԻՊԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս շաբաթվա ընթացքում կհանդիպի բուհերում ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքի ակցիա անցկացնող «Ներազգային ազատագրական շարժման» ակտիվիստներին: NEWS.am-ի տեղեկություններով, մինչեւ ամսվա վերջ ակտիվիստները պատրաստվում են մասշտաբային բողոքի ակցիա անցկացնել, իսկ սեպտեմբերից էլ ուսման վարձը չվճարելու եւ դասադուլ անելու կոչ են անելու:
ՆՈՐՎԵԳԱՑԻ ՀԱՐՈՒՆ ԱԼ-ՌԱՇԻԴԸ
Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերին կայանալիք պառլամենտական ընտրություններից առաջ հասարակ նորվեգացիների հետ շփվելու եւ երկրի իրավիճակի մասին նրանց կարծիքն իմանալու համար մեկ օր Օսլոյում կերպարանափոխված աշխատել է որպես տաքսու վարորդ: Որքան էլ վարչապետը ցանկացել է անճանաչելի մնալ, սակայն մի ուղեւոր նրան, այնուամենայնիվ, ճանաչել է:
ԲԱ ՂԱՐԱԲԱ՞ՂԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 13-23-ը կգտնվի արձակուրդում, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Փաստորեն, Տիգրան Սարգսյանն էլ է արդեն սկսել նախապատվությունը տալ արտերկյա հանգստին, մինչդեռ նախկինում նա արձակուրդն անցկացնում էր բացառապես Հայաստանում՝ հորդորելով մյուս պաշտոնյաներին եւս այդպես վարվել:
ԲԵՐՄԱՆ ԷԻՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Թուրքիայի ոստիկանությունը երկու օր առաջ բերման է ենթարկել Վան այցելած Հայաստանի 4 քաղաքացիների եւ մոտ 4 ժամ պահել նրանց ոստիկանության բաժանմունքում: Բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շարքում են եղել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը եւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Բերման ենթարկելու պատճառը եղել է լրագրողի կատարած նկարահանումը: Պարզվել է, որ Արշակյանը նկարահանել է սպայական շինություն` առանց տեղյակ լինելու այդ մասին: Համոզվելով, որ բերման ենթարկվածները ահաբեկիչներ չեն, թուրքերը ներողություն են խնդրել եւ նրանց ազատ արձակել: