Օգոստոսի 11-ին Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող «Իմպերիա» ռեստորանային համալիրում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, իսկ ավելի ուշ հնչել են կրակոցներ: Այդ ռեստորանը պատկանում է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի որդուն եւ, ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դատավորը, իր տղան անձամբ է զանգահարել ոստիկանություն ու հայտնել ռեստորանում տիրող վիճակի մասին:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել Ժամը 21:30-ի սահմաններում: Ըստ այդմ, ռեստորանում միջոցառման մասնակիցներից 1982թ. ծնված Կարենը, 1988թ. ծնված Դավիթն ու ոմն Գագիկ վիճաբանության մեջ են մտել Կորյունի հետ: Տղաները 20-25 րոպե ռեստորանում խուլիգանական հայհոյանքներ են հնչեցրել, փոխադարձ հարվածներ են հասցրել, ապա վիճաբանությունը շարունակվել է միջոցառման մյուս մասնակիցների միջեւ: Կորյունը ստացել է քթի վնասվածք, իսկ Կարենը «ճակատային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել հիվանդանոցում եւ հեռացել: Նկատեցի՞ք, ոստիկանությունը կրակոցների մասին ոչինչ չի ասում:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, ռեստորանից 18 անձ է բերման ենթարկվել, եւ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի (անզգուշությամբ առաջացնել ծանր հետեւանքներ. պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հուսանք, որ դատավորի գործոնն իսկապես չի խանգարի ոստիկանությանը օբյեկտիվ քննություն իրականացնել:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը այցելեց Կարենի եւ Գագիկի բնակարան. նրանք երկուսն էլ նույն բնակարանում են ապրում: Ու տան դուռը բացեց մի կին, ասաց, թե միջադեպին մասնակից են եղել իր հարազատները, սակայն չցանկացավ ներկայանալ եւ ավելացրեց, թե առհասարակ չի էլ ցանկանում խոսել այդ թեմայով:
Զրուցեցինք նաեւ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի հետ, ով ռեստորանի սեփականատիրոջ հայրն է:
-Պարոն Գրիգորյան, լուրեր կան, որ «Իմպերիա» ռեստորանային համալիրը պատկանում է Ձեզ, եւ օգոստոսի 11-ին լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել:
-Դա իմ տղայինն է, իմը չէ: Եվ երկրորդն էլ, ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ այնտեղ ո՛չ կրակոց է եղել, ո՛չ էլ դանակահարություն: Պարզապես ներկաներից մեկը ծաղկամանը վերցրել, տվել է մյուսի գլխին: Պահանջել եմ, որ ոստիկանությունը գա ռեստորան, տեղազննություն անի, եւ մեղավորներին բոլորին դատեն օրենքի խստությամբ:
-Ձեր որդին այս միջադեպի հետ կապ չունի՞:
-Ոչ, այս ամենն իմ տղայի սպասարկման եւ այլ բաների հետ ուրեւէ կապ չունի: Կարող եք զանգահարել դատախազին, ոստիկանապետին, եւ իմ «ֆակտորն» իզուր թող չչարաշահեն, եւ այս ամենը բոլոր տեղերում էլ կարող է պատահել:
– Կօգնե՞ք զրուցել Ձեր որդու հետ:
– Դրա կարիքը չկա: Իմ տղան չգիտի, թե ինչպես է դեպքը եղել: Ուղղակի նա իր աշխատասենյակում է նստած եղել ու աղմուկ է լսել: Որքանով գիտեմ, իմ տղան ինքն է ոստիկանություն զանգել, թե չէ կտային, ամեն ինչ կջարդեին:
-Հետաքրքրվե՞լ եք, թե ինչ խնջույք է եղել, ովքե՞ր են համարձակվել դատավորի տղայի ռեստորանում նման աղմուկ բարձրացնել:
-Ես որքանով իմացել եմ, այնտեղ հարսանիք չի եղել, ծննդյան տարեդարձ է եղել: Իմ տեղեկություներով` այդ ծննդյան տոնի մասնակից փեսան եւ այդ խնջույքին մասնակից ընտանիքի անդամներն իրար մեջ ինչ-որ անհաշտություն են ունեցել, եւ փեսայի կամ` չգիտեմ ում «ֆազերը քցել է», ու իջել են ռեստորանի դիմաց, ծեծուջարդ են արել: Կրկնում եմ` մենք այս ամենի հետ կապ չունենք: Այդ կռվողներին մենք չենք ճանաչում:
-Ձեր որդին այս մի ռեստորանային համալի՞րն ունի, թե այլ բիզնեսների էլ է տնօրինում:
-Ոչ, այս մեկն է, ես շատ կուզենայի, որ մի քանի հատ էլ ունենար, բայց չունենք:
-Ինչո՞ւ, դատավոր հայրիկ ունի: Դուք չե՞ք օգնում իրեն, որ այլ բիզնեսներ ձեռք բերի:
-Ոչ, այս մեկն էլ հերիք է իրեն, թող պատվով կատարի:
-Իսկ ստացվո՞ւմ է պատվով կատարել: Ահա միջադեպ է եղել, ավելին, ըստ տարածված տեղեկությունների, Ձեր տղայի ռեստորանում հաճախակի են նման վեճեր լինում, ու, քանի որ Դուք դատավոր եք, ամեն ինչ ծածկադմփոց եք անում: Այս մասին ի՞նչ կասեք:
-Արդեն տարիուկես է, ինչ գործում է օբյեկտը, ու այնտեղ երբեք վիճաբանություներ չեն եղել: Կարող եք ոստիկանությունից հարցնել: Այն, ինչ եղավ, մի ընտանիքի անշնորհք վարքագծի արդյունքն էր:
-Փաստորեն, եթե վիճաբանողները կապ ունենային Ձեզ հետ, այնուամենայնիվ, կմիջամտեիք, որ ոչ օբյեկտիվ քննությո՞ւն ընթանար:
-Իմ տղան այնպիսի «պրիլիչնի» տղա է, ու մի մտածեք այնպես, որ, եթե դատավորի կամ դատախազի տղա է, պետք է «ֆազերը քցած» լինի: Հիմա, իր բիզնեսի առանձնահատկությունից ելնելով, ասում են, թե նախրի մեջ մի անշնորհք մոզի պետք է լինի:
-Լավ, իսկ Դուք բիզնեսներ չունե՞ք Ձեր անունով:
-Հավատացեք, իմ նատուրայով բիզնեսից հեռու մարդ եմ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐԴՈՒ «ՖԱԶԵՐԸ ՔՑԱԾ ՉԵՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ