ԽՈՏ ԳՆԵԼՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՁԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում (www.tavush.gov.am) հայտարարություն է զետեղված այն մասին, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Լուսաձորի անասնապահական համալիրի տարածքում շուկայական գներով Տավուշի մարզի բնակչությունից գնում է անասնակեր խոտ: Հայտարարության մեջ նշված են հիմնադրամի հեռախոսահամարները: Զանգահարեցինք այդ հեռախոսահամարներով եւ տեղեկացանք, որ հիմնադրամը անսահմանափակ քանակությամբ հակավորված խոտ է գնում, հակը՝ 750 դրամով: Որքանով է նպատակահարմար այդ տեղեկության հրապարակումը կառավարության տարածքային ստորաբաժանում հանդիսացող մարզպետարանի ինտերնետային կայքում, երբ մարզպետարանը հարկ չի համարում տվյալ կայքում առավել կարեւոր, մարզպետարանին վերաբերող տեղեկություններ հրապարակել: Օրինակ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հուլիսի 18-ին որոշումներ է ընդունել Տավուշի մարզպետարանի աշխատակիցների դրամական պարգեւատրման մասին: Սակայն պարգեւատրվողների ցուցակն ու պարգեւատրման գումարների չափի մասին տեղեկատվությունը կայքէջում բացակայում է:
Վերադառնալով  խոտ  գնելու մասին հայտարարությանը` հիշեցնենք, որ Իջեւանի տարածաշրջանի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը եւ մի քանի դիտավանցիներ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին  պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար դատի են տվել, եւ  ներկայումս այդ դատական գործն  ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից՝ Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս