Արդեն 5 օր է, ինչ ՀՀ քաղաքացի Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը ռազմագերության մեջ է Ադրբեջանի Հանրապետությունում: Իսկ ՀՀ ՊՆ խոսնակը երեկ հայտարարել է, թե ադրբեջանցիների որեւէ սադրանք անպատասխան չի մնում: Թեեւ լավ կլիներ նման հայտարարություններից առաջ մտածել գերի ընկած մեր հայրենակցի մասին:
Երեկ երկոյան Ադրբեջանի կողմից տարածվեց մի տեսանյութ, որտեղ մեր հայրենակիցը պատմում էր, թե հրամանատարն իրեն ուղարկել է ջուր բերելու, ինքը չի կատարել նրա կամքը, ինչի արդյունքում հարվածել է աչքին: Դեպքից հետո զինվորն ինքնակամ անցել է ադրբեջանական սահմանը: Թե որքանով է իրական այս պատմությունը, իհարկե, վիճելի է, քանի որ հայը գտնվում է Ադրբեջանում՝ գերության մեջ եւ ստիպված կարող է ասել այն, ինչ պարտադրեն:
Մինչդեռ ՀՀ ՊՆ-ն պնդում է, որ ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով զինծառայողը, հատելով ղարաբաղաադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի տարածքում:
Ի՞նչ է արվել մինչ օրս 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այդ աշխատանքների մասին տեղեկություն ստանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ասաց. «Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները գիտեք, եւ տվյալ դեպքում մենք որեւէ բան անել չենք կարող, բացի միջազգային կառույցներին դիմելուց: Մենք դիմել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որպեսզի պարբերաբար հիշեցնեն եւ հնարավորության դեպքում արագ հանդիպում կազմակերպեն զինվորի հետ»:
Նշենք, որ երեկ օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների գործով պետական հանձնաժողովի քարտուղար Շախին Սայիլովը ասել է, որ հայ զինվորին տեղափոխել են Բաքու ու հանձնել պաշտպանության նախարարությանը: Իսկ թե ինչ վիճակում է մեր ռազմագերին, տեղյակ չէ անգամ միջազգային կազմակերպությունը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Երեւանի պատվիրակությունից մեզ հայտնեցին, որ Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ-ին տեղեկացրել են, որ հայ գերին իրենց մոտ է. «ԿԽՄԿ-ի պատվիրակությունը Բաքվում ներկա պահին աշխատանքներ է տանում, որպեսզի կարողանա հանդիպել ռազմագերու հետ, մինչ հիմա չի հանդիպել»: Մեր հարցին, թե ի՞նչ տեղեկություններ կան Հակոբի առողջականի հետ կապված, ԿԽՄԿ-ն զարմանալի պատասխան տվեց. «Չգիտենք, թե ինչքանով եք ծանոթ մեր կազմակերպության աշխատելաոճին, բայց ԿԽՄԿ-ն նման հայտարարություններով հանդես չի գալիս: Անգամ եթե պատվիրակությունը հանիդիպած լիներ, տեսած էլ լիներ, միեւնույն է, առողջական վիճակի մասին հայտարարություն չի անում»: Փաստորեն, ԿԽՄԿ-ին չի անհանգստացնում ռազմագերու մոր վիճակը, չի հետաքրքրում նույնիսկ այն, թե ինչեր կարող են անցնել հարազատների մտքով:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հարությունյանների ընտանիքը եւս տեղեկություն չունի Հակոբի մասին, բայց հույս ունեն, որ իրենց որդին առողջ եւ անվտանգ կվերադառնա հայրենիք: «Մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, նույնիսկ զորամասից, որ պետք է զանգահարեին մեզ եւ տեղեկացնեին, որ եղբայրս գտնվում է հակառակորդի տարածքում, չեն էլ զանգահարել: Դիմել ենք ՊՆ եւ Կարմիր խաչ, ՊՆ-ն ասում է, որ իրենք ամեն ինչ անում են իրենց մասով, իսկ Կարմիր խաչից մեզ հայտնում են, որ որեւէ տեղեկություն իրենք էլ չունեն: Մենք Հակոբի մասին ինֆորմացիան ստանում ենք լրատվամիջոցներից»,-ասաց զինծառայողի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը: Նրա խոսքով, Հակոբը երբեւէ չի դժգոհել ծառայությունից, Ադրբեջանի կողմից տարածված տեղեկությունն էլ իրականությանը չի համապատասխանում. «Եղբայրս, բացի իր անունը սխալ ասելուց, ուրիշ բան չի ներկայացրել: Նա իրեն ներկայացրել է որպես Գեւորգ Ինջիղուլյան, բայց իրականում անունը Հակոբ է: Նույն ադրբեջանցիները տեղեկություն էին տարածել, որ Հակոբին չոբան ա բռնել, բերել»:
Հավելենք, որ գերի ընկած Հակոբը տեսողական խնդիրներ է ունեցել, սակայն զինվորական բուժզննումից հետո որոշվել է, որ պիտանի է ծառայության, եւ նույնիսկ ուղարկել են ճակատ: Թե ով է պատասխատանու այս քայլի համար, ՊՆ-ից դեռ չեն գաղտնազերծում:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը ՀՀ ՊՆ-ից պարզեց, որ վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանում, բացի Հակոբ Ինջիղուլյանից, գերի է ընկել եւս 7 զինծառայող, ովքեր, հայրենիք վերադառնալու փոխարեն, ապրելու համար ընտրել են երրորդ երկիր: Նման գործելաոճը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի քաղաքացիները կամավոր ընտրում են երրորդ երկիր, նրանք էլ ստիպելով ՀՀ քաղաքացիներին են երրորդ երկրի ընտրության հնարավորություն տալիս, որ միջազգային ատյաններին ցույց տան, թե ինչպես իրենց մոտ է, այնպես էլ Հայաստանում է: Հավելենք, որ Հայաստանում ներկայումս կա մեկ ադրբեջանցի գերի, վերջին 5 տարիների ընթացքում ադրբեջանցի 3 գերիները վերադարձել են հայրենիք:
ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ