Լոռու մարզում է գտնվում երկաթուղային տրանսպորտի ամենաբարդ ինժեներական կառույցը: Մարզն ունի 12 երկաթուղային կայան, 400 աշխատակից: Այստեղ վերջին տարիներին բավականին մեծածավալ աշխատանքներ են կատարվել: Միջքաղաքային եւ միջհանրապետական պետական ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող Հարավ-կովկասյան երկաթուղու կողմից արվել են մեծ ներդրումներ: Կապիտալ վերանորոգվել է 1400 վագոն: Մարզի 107 կմ գծահատվածում վերջին 2 տարիների ընթացքում կապիտալ վերանորոգվել է Վանաձոր-Արջուտ, Արջուտ-Սպիտակ հատվածը: Ներկայումս ընթացքի մեջ են Սպիտակ-Նալբանդ երկաթուղային վազորդի միջին վերանորոգման աշխատանքները. 9 կմ-ից 7,5 կմ հատվածն արդեն վերանորոգվել է, 1,5 կմ-ի աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել սեպտեմբերի 10-ին: Հիմնանորոգվել է Սանահին կայարանը:
«Կարեւոր ձեռքբերումներից մեկը այն է, որ մենք կարողանում ենք հանրապետության ամենակարեւոր բեռները ժամանակին տեղափոխել իրենց նշանակության վայրերը», – նշում է Վանաձորի գծակայարանային միավորման տնօրեն Ռաֆիկ Սխլեյանը: Հպարտությամբ խոսելով իրենց աշխատանքների ու ձեռքբերումների մասին` նա շարունակում է առաջնային ձեռքբերումը համարել գնացքների միջին քաշի բարձրացումը: Այս կարեւոր բնագավառի ձեռքբերումները նկատում եւ գնահատում են նաեւ Լոռու մարզպետարանում եւ Վանաձորի քաղաքապետարանում: Այդ էր վկայում Երկաթուղայինների օրվա կապակցությամբ մարզպետարանում կազմակերպված հանդիպումը, որտեղ փոխմարզպետ Արսեն Դարբինյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի եւ ողջ աշխատակազմի անունից շնորհավորեց երկաթուղայինների մասնագիտական տոնի կապակցությամբ եւ մաղթեց նրանց անփորձանք աշխատանք: Նա մասնագետ աշխատողներից մի քանիսին իրենց բարեխիղճ եւ անձնվեր աշխատանքի համար հանձնեց մարզպետի շնորհակալագրերը, իսկ Վանաձորի քաղաքապետարանի կողմից երկաթուղայինի աշխատակիցներն ստացան նվերներ ու շնորհավորագրեր:
Առաջին անգամ Երկաթուղայինների տոնը նշվել է 1886թ.-ին` Ռուսաստանում եւ նվիրվել Նիկոլայ Առաջին ցարին, ով առաջինը սկսեց երկաթուղային գծերի շինարարությունը: 1936թ.-ից որոշվեց սահմանել Երկաթուղայինների մասնագիտական օր: 115 տարի շարունակ օգոստոս ամսվա առաջին կիրակին 10 մլն. մարդ ԱՊՀ եւ որոշ եվրոպական երկրներում նշում է Երկաթուղայինների մասնագիտական տոնը:
Լոռի