ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Օբամային կոչ է արել օգտագործել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերջին շանսը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով աջակցում է Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը, բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ պարոն նախագահ,

2009թ. նախագահ ընտրվելուց մեկ տարի անց Դուք ստացաք Խաղաղության Նոբելյան մրցանակ: Ընդունելով մրցանակը՝ Ձեր ելույթում հայտարարեցիք, որ դրան արժանացաք համաշխարհային հարթակում Ձեր աշխատանքի սկզբում, այլ ոչ թե վերջում: Այդ օրը Դուք խոսեցիք մարդու հիմնական իրավունքների մասին: Եվ Ձեր կողմից նշված սկզբունքները սահմանեցին որպես նախագահ Ձեր աշխատանքը:

Ձեր արտաքին քաղաքականությունում Դուք ընդգծեցիք ողջ աշխարհում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Դուք աջակցություն ցուցաբերեցիք փախստականներին: Դուք հիմնեցիք դաժանությունները կանխելու հարցով Խորհուրդ, որպեսզի կոորդինացնեք զանգվածային վայրագությունների և ցեղասպանությունների կանխման հարցով մեր գործողությունները:

Ապրիլի 24-ին ողջ աշխարհը նշում է 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի ոչնչացման 101-րդ տարելիցը: Այդ մասին ապացույցներ չեն պահանջվում: Եվ ես գիտեմ, որ Դուք ծանոթ եք այդ դաժանություններին, քանի որ համոզմունքով խոսում էիք այդ մասին, երբ Սենատի անդամ էիք:

Պարո՛ն նախագահ, նրանց և նրանց սերունդների համար ցեղասպանություն բառը սուրբ է, քանի որ այն նշանակում է, որ աշխարհը չի մոռացել և չի մոռանա նրանց: Ցեղասպանությունը ժխտելը կրկնակի սպանություն է:

Այս ապրիլի 24-ը Ձեզ համար վերջին հնարավորությունը կլինի` որպես նախագահ բացահայտ արտահայտվելու հայերի ցեղասպանության մասին:

Պարո՛ն նախագահ, անկախ այն բանից, թե Դուք ինչ կասեք այս ապրիլի 24-ին, կարելի է չկասկածել, որ Թուրքիան կանի այն, ինչ մշտապես արել է Միացյալ Նահանգների հետ՝ կգործի իր շահերից ելնելով: Մեր եվրոպացի դաշնակիցների և համաշխարհային առաջնորդներից շատերը, ներառյալ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ճանաչել են Ցեղասպանությունը, սակայն նրանք շարունակում են համագործակցել Թուրքիայի հետ, քանի որ դա Թուրքիայի շահերից է բխում: Նույնը տեղի կունենա ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանությունն ընդունելուց հետո:

Ես, ինչպես և միլիոնավոր հայեր, հույս ունենք, որ Դուք կօգտագործեք վերջին հնարավորությունը: Օգնե՛ք մեզ դառնալ այն Ամերիկան, որը մենք պետք է լինենք՝ ազատության և արժանապատվության փարոսը, որը փայլատակում է համաշխարհային պատմության խավարի մեջ»:




Լրահոս