«Լինսի» հիմնադրամի միջոցներով 2002 թվականի գարնանից մինչեւ 2003 թվականի ամառ մոտ 550 հազար դոլարի վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաեւ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:
Ի դեպ, շատերի կարծիքով մշակութային օջախներում շինարարներն ավելի քիչ հնարավորություն են ունեցել ինչ-որ բան կիսատ թողնելու. ԾԻԳ-ից բացի, գործընթացը վերահսկել են տվյալ մշակութային հաստատությունների ղեկավարները` շատ լավ հասկանալով, որ նման վերանորոգում մի քանի տասնյակ տարին մեկ անգամ է հնարավոր: Տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը շինարարների հետ երկու տարի կռիվ է տվել, որի արդյունքում, օրինակ, թատրոնի առջեւի մասում մայթի սալահատակը շատ որակյալ է արված: Իսկ մի քանի տասնյակ մետր այն կողմ սալիկները տեղ-տեղ պոկվում են:
-Մեկուկես տարի, ինչ ընթանում էին վերանորոգման աշխատանքները, ես դադարել էի լինել բեմադրիչ-ռեժիսոր եւ դարձել էի աշխղեկ: Փոխվեցին աթոռները, բերվեց արդիական ե՛ւ լուսային, ե՛ւ ձայնային տեխնիկա: Տեղադրվեցին ջեռուցման, օդափոխության համակարգեր, մի խոսքով` թատրոնն ստացավ թատրոնի տեսք: Բայց երբեք չի կարելի սահմանափակվել արված գործով: «Լինսի» ծրագրից անցել է 10 տարի, եւ թատրոնում նոր աշխատանքներ են իրականացվել առաջին հերթին լուսային եւ ձայնային տեխնիկայի առումով, կառուցվել է թատրոնի թանգարանը, որոշ չափով արդիականացվել են գրիմանոցները, կահավորանքը…
-Կարելի՞ է ասել, որ եթե պահանջկոտ, հետեւողական չլինեիք, հնարավոր է` գլխառադ անեին:
-Ոչ թե հնարավոր է (ծիծաղում է-Ռ.Թ.), այլ նման ցանկություն իսկապես ունեին: Չեմ ուզում հիմա արդեն խոսել այդ մասին. անցյալից փորձում եմ հիշել միայն լավը:
-Ամեն դեպքում կայի՞ն աշխատանքներ, որոնք իրականացվեցին անորակ, եւ կարճ ժամանակ անց արվածը շարքից դուրս եկավ:
-Անորակ բաներ, իհարկե, կային, բայց «Լինսի» ծրագրի մեջ կար մի շատ լավ կետ, ըստ որի, շինարարը վերջնական գումարի, կարծեմ, վերջին 20-25 տոկոսը ստանում է մեկ տարի շահագործումից հետո: Օրինակ, մեր աթոռները շատ անորակ էին պատրաստված, ու, երբ սկսեցին շարժվել, քանդվել, մեկ տարի հետո ես հրաժարվեցի ակտը ստորագրել: Ստիպված էին վերանորոգել դահլիճի բոլոր 300 աթոռը: Եվս մի երկու թերի բան կար` կապված փոքր դահլիճի հետ, որոնք նույնպես վերացրեցին: Ու միայն այդ ամենից հետո ակտը ստորագրեցի: Եվ արդեն 10 տարի է` աթոռները նորմալ վիճակում են:
ԳԼԽԱՌԱԴ ԿԱՆԵԻՆ, ԵԹԵ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ