Գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունն ընդունել է 2016թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում, որով թույլատրվել է «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին` մինչև մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով թույլատրվել է վերոնշյալ ընկերություններին գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու: Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է նաև որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 80 հազ. հա հողատարածություններին, որից 45 հազ. հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ ամեն տարի այն իրականացվում է. աջակցություն են ստանում մեր գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները:

Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Մեծ Պարնու համայնքի 0,7050 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման ու սպասարկման նպատակով օգտագործելու պայմանով: Ծրագրի նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ կասեցվել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը և հողհատկացման գործընթացը: Ըստ հիմնավորման՝ Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերից ներգրավելիք բանկային միջոցներով 2016թ. նախատեսվում է սկսել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի» իրականացման աշխատանքները:

Ծրագրով նախատեսվում է ավտոճանապարհի համապատասխան հատվածի երթևեկելի մասի լայնացման, ինչպես նաև որոշակի հատվածներում ճանապարհի ծրագծի փոփոխման աշխատանքներ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է որոշման երկրորդ կետում (նշված գոտիներում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացումը համաձայնեցնել ՀՀ տրանսպորտի և կապի ու ՀՀ քաղաքաշինության նախարարությունների հետ) ավելացնել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, քանի որ հարցն առնչվում է համայնքների հետ և անհրաժեշտ է կանոնակարգել մարզպետարան-համայնք աշխատանքները:




Լրահոս