
Ապրիլի 19-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ելույթ է ունեցել Ժնևի Շվեյցարական մամուլի ակումբում «Լեռնային Ղարաբաղ․ լարվածության ուժգնացում Ադրբեջանի հետ» վերնագրով կազմակերպված քննարկմանը՝ նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և տարածաշրջանին առնչվող այլ խնդիրներին:
ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների հավանական պատճառները, ընթացքը և նրանց հետևանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի կարևորությունը, ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նշանակությունը:
ԼՂՀ ներկայացուցիչը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին:
Միջոցառմանը մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, փորձագետներ, լրագրողներ, շվեյցարահայ համայնքի անդամներ: