Առաջնային են հակաականային գործունեության ոլորտի հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդունեց հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ուկրաինայի պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության շրջակա միջավայրի անվտանգության և հակաականային գործունեության վարչության հակաականային գործունեության բաժնի ղեկավար Սերգեյ Ռոկունը, Արտակարգ իրավիճակների ծառայության հումանիտար ականազերծման վարչության պետ Օլեգ Բոնդարը, Հումանիտար ականազերծման բաժնի ղեկավար Դմիտրո Յուրչուկը, ենթակառուցվածքային նախարարության ականազերծման ավագ մասնագետ Իգոր Կուբատովը և Ազգային ծրագրի պատասխանատու, ԵԱՀԿ Ուկրաինայի ծրագրի համակարգող Անտոն Շևչենկոն:

Ողջունելով հյուրերին՝ Վ. Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության ստեղծման պատմությունը, անդրադարձավ նշանակալի ձեռքբերումներին.

– Մեր նախարարությունում կամ, ինչպես ընդունված է կոչել, «Արտակարգ քաղաքում», ստեղծված են բոլոր հարմարությունները բնականոն աշխատանքային ընթացքն ապահովելու նպատակով: Ինչ վերաբերում է ականազերծման աշխատանքներին, ապա կարող եմ ասել, որ 2015թ. տվյալներով՝ մեր աշխատակիցները մասնակցել են պայթուցիկ սարքավորումների հայտնաբերման և վնասազերծման 25 դեպքի՝ հայտնաբերել ավելի քան 2000 պայթուցիկ սարքավորում:

Վ. Գաբրիելյանը նաև նշեց, որ տարվում են համապատասխան աշխատանքներ ինժեներասակրավորական ջոկատին նորագույն սարքավորումներով և համապատասխան հագուստով վերազինելու ուղղությամբ, որոնք կնպաստեն տվյալ բնագավառում էլ ավելի արդյունավետ աշխատանքների իրականացմանը: Ինչպես նաև՝ բոլոր սակրավորներն ունեն պահանջվող համապատասխան գիտելիքներ և պարբերաբար վերապատրաստում են անցնում հումանիտար արձագանքման կենտրոնում:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության հումանիտար ականազերծման վարչության պետ Օլեգ Բոնդարը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ներկայացրեց իրենց հիմնական գործառույթները.

– Շատ հաճելի էր լսել ձեր «Արտակարգ քաղաքի» մասին: Ես միայն կավելացնեմ, որ ամբողջ աշխարհի փրկարարները մի մեծ ընտանիք են, որոնց ջանքերն ուղղված են մարդկային կյանքեր փրկելու դժվարին գործին:

Օ. Բոնդարը նշեց, որ Ուկրաինայում հիմնական խնդիրը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո տարբեր տարածքներում բազմաքանակ և լուրջ վտանգ ներկայացնող ռազմամթերքի առկայությունն է, որտեղ հիմա կենտրոնացված են սակրավորների խմբերը: Նա նաև նշեց, որ Ուկրաինայի հումանիտար ականազերծման կենտրոնը համապատասխան աշխատանքներ է տանում բնակչության հետ, թրեյնինգ կենտրոններում վերապատրաստում աշխատակիցներին, ինչպես նաև՝ իրականացնում ստորջրյա ականազերծման աշխատանքներ:

Կողմերը քննարկեցին նաև հակաականային գործունեության կազմակերպման և տվյալ ոլորտի աշխատանքները կանոնակարգող խմբերին առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակեցին այս ոլորտում նոր միջոցներ ներդրելու ուղղությամբ:

Հանդիպման վերջում ՀՀ ԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մ. Գրիգորյանի, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊ հավաքական ուժերի կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Կ. Մարգարյանի և ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Ա. Մնացականյանի ուղեկցությամբ հյուրերը այցելեցին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը ներկայացրեց կենտրոնի հիմնական գործառույթները:
Ամփոփելով այցը՝ Օ. Բոնդարը նշեց, որ պատվիրակությունը հիացած է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքով, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և գործում է միջազգային չափորոշիչներին համապատասխան:




Լրահոս