Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մոտակա ժամանակներում նոր, ինտենսիվ բանակցություններ են սկսվելու: Նկատենք, որ երեկ այս հայտարությունից հետո Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց ԼՂՀ:
Առաջիկա ինտենսիվ բանակցությունների հնարավորությանն անդրադառնալով՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ ԼՂՀ հիմնահարցի վերջնական կարգավորումն առանց Ստեփանակերտի հնարավոր չէ: «Ադրբեջանն այս փուլում կփորձի վճռականորեն եւ համառորեն խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում ներգրավմանը, բայց պետք է ասել, որ ստեղծվել է բավականին հետաքրքիր եւ պարադոքսալ իրավիճակ: Մի կողմից Ադրբեջանը պատերազմում է մեզ հետ, բայց մյուս կողմից չի ցանկանում մեզ հետ բանակցություններ վարել եւ փորձում է խոչընդոտել լիարժեք բանակցային ֆորմատի վերականգմանը»,- ասել է Բաբայանը:
Հարցի հետ կապված Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էլ «Ժողովուրդ»-ին փոխանցեց հետեւյալը.«Հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բարձրագույն մակարդակով հանդիպումների հարցը: Այս պահին բանակցային գործընթացի կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձրագույն մակարդակով հանդիպումների ժամկետներն ու հնարավորությունը»:
Նկատենք, որ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը հիշատակում է միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանակներում քննարկումների բացակայությունը, իսկ թե արդյոք կա բանակցային գործընթացի մեկնարկի նախապատրաստություն` բացառապես Ռուսաստանի հովանու ներքո, այս մասին որեւէ բան չի ասվում:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարության համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ առաջիկայում սպասվում է բանակցային ինտենսիվ փուլ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Ըստ Ձեզ՝ ինչ կտա մեզ Վ. Պուտինի` «խաղի մեջ մտնելը»:
-Իրավիճակը շատ հստակ է: Այստեղ որեւէ նոր բան չկա: Դա ադրբեջանական կլասիկան է. բավականաչափ լուրջ սրում են ռազմական իրավիճակը, որպեսզի որոշակի խնդիրներ լուծեն, այդ թվում ԵԱՀԿ-ի համանախագահներին տեղից շարժել, եթե կարիք լինի հարց փոխելու եւ այլն: Հիմա մենք եկանք, հասանք իրենց օպերացիայի քաղաքական մասի տրամաբանական ավարտին: Ադրբեջանը այժմ ասում է՝ եթե չեք ուզում նորից հրադադարը խախտվի, նորից սկսենք կռվել, մարդկային զոհեր լինեն, ապա պետք է բանակցենք: Եվ այդ հարցում Ադրբեջանն առաջնային տեղ է տալիս ոչ այնքան մադրիդյան, որքան կազանյան փաստաթղթին: Հիմա դրա վերջնական վիճակն այն է, որ մենք անվտանագության գոտուց ազատագրված որոշակի տարածքներ զիջում ենք, դրա փոխարեն ստանում ինչ-որ ժամանակավոր կարգավիճակ, դրանից հետո երբ որ ամեն ինչ հանդարտվի, վերջնական կարգավիճակ պետք է որ լինի. ԼՂՀ-ն հանրաքվեով որոշի: Հիմա Պուտինը կմտնի խաղի մեջ, Օբաման կմտնի, Օլանդը կմտնի… ով որ մտնի խաղի մեջ, հարցը դրա մեջ չէ: Հիմա ԴԱՀԿ-ի պետին կհեռացնեն, Հրազդանում ընտրություններ կկեղծեն, չգիտեմ՝ ինչ ուսումնական նռնակներ կնետվեն, չեն նետվի, ինչ ասես, կլսենք, կտեսնենք իրավիճակը շեղելու, խառնելու քայլեր, բայց հարցը մնալու է հստակ. արդյո՞ք ՀՀ իշխանությունը նմանատիպ կոմպրոմիս տեսնում է, թե չի տեսնում: Ինչ կանեն դրսի խաղացողները, ոնց կանեն, դա այդքան էլ դժվար չէ հասկանալ:
-Ձեր կարծիքով՝ մենք ինչի շուրջ պետք է բանակցենք:
-Իմ համար ամենակարեւորը սկզբունքն է, մնացածը տեխնիկայի խնդիր է: Կարծում եմ՝ Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ ԱԳՆ-ն, նաեւ ազգային անվտանգության խորհուրդը դրա մասին պետք է մտածած լինեն: Բա իրենց գործը ի՞նչ է, նաեւ սցենարներ մշակելը չէ՞: Ինչ կլինի, որ դեպքում ինչպես պահել եւ այլն… հուսամ, որ իրենք պատրաստվել են: Եթե սկզբունքը ընդունելի չէ, դրա շուրջ խոսել էլ պետք չէ:
-Պարո՛ն Կարապետյան, անձամբ Դուք այս խնդրի լուծումը ինչպե՞ս եք տեսնում:
-Ես կարծում եմ, որ եթե բանակցություններն այդ սկզբունքների վրա են գնալու, ոչնչի չեն բերելու: Երբ անալիզ ենք անում այն, ինչ դրված է սեղանին, ինչի մասին գրվում է, մենք տեսնում ենք, որ ոչինչ չտվող բանակցություններ են: Միակ դրական բանն այն է այդ բանակցություններում, որ համեմատաբար լայնամասշտաբ ռազմական գործողությունները դադարի մեջ կլինեն: Դատելով այն պրոցեսից, որը գնում է տարածաշրջանում` տնտեսական, քաղաքական, բիոքաղաքական առումով, հատկապես Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վիճակը, նավթի գների վերջին անկումը, այդ ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, ցավոք սրտի, ռազմական առումով դժվար թե կանգնի:
ՊԵԴՐՈ ԱԳՐԱՄՈՒՆՏԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Երեկ Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշարջանը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամները առավելագույնս անդրադարձան ապրիլի սկզբում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային:
Նիստի մեկնարկին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հունվարյան նստաշրջանին «կողմ» քվեարկելով՝ ադրբեջանական ռազմատենչ օրակարգը սպասարկող Սարսանգի ջրամբարի զեկույցին ԵԽԽՎ-ն եւս դրանով քարտ բլանշ տվեց Ադրբեջանին՝ սկսելու լայնամասշտաբ ռազմական գործողություններ: ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաեւ կոչ արեց պատասխանատվության ենթարկել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ Ալիեւի հանցագործ ռեժիմին սատարող հայտարարություններ անելու համար:
«Այն ժամերին, երբ Ալիեւի վարձկանները ռազմական հանցագործություններ էին կատարում, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն իր հայտնի հայտարարությամբ սատարում էր ահաբեկչական Ադրբեջանին: Այն, որ ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը մեր Վեհաժողովում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է, հայտնի ճշմարտություն է: Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ԵԽԽՎ նախագահն իրեն պահել է որպես Իլհամ Ալիեւի մամուլի խոսնակ: ԵԽԽՎ պատմության մեջ աննախադեպ է, երբ Վեհաժողովի նախագահը զբաղվում է ոչ թե ԵԽԽՎ, այլ մեկ առանձին երկրի շահերի բացահայտ պաշտպանությամբ»,-հայտարարեց Զոհրաբյանը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւս քննադատական խոսքեր հնչեցրեց Արգամունտի հասցեին: «Դժբախտաբար, պարոն Ագրամունտի հայտարարությունը եւս մեկ անգամ հաստատեց նրա կողմնակալությունը որպես Վեհաժողովի նախագահ եւ լրատվամիջոցներին առիթ տվեց հաղորդելու Ադրբեջանի լոբբինգի կառույցներում իր ենթադրյալ ներգրավվածության մասին՝ լրջորեն վնասելով միլիոնավոր եվրոպացիների եւ մեր Ժողովրդավարության տան բոլոր անդամների աչքերում Վեհաժողովի հեղինակությունը»,-նշեց Ֆարմանյանը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը նաեւ հիշեցրեց, որ հունվարին ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի հակահայկական զեկույցների քննարկման ժամանակ հայ պատվիրակները բազմիցս խոսել են այն մասին, որ նման միակողմանի զեկույցների քննարկումն ու ընդունումը որեւէ կերպ չեն կարող նպաստել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ խոսում են այն մասին, որ Ադրբեջանի բռնատիրական ղեկավարությունը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել: «Իսկ լայնածավալ ռազմական գործողությունների սկսումը նշանակում է խափանել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, դա սպառնալիք է Հարավային Կովկասի տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությանը: Երբ մենք մեր մտահոգությունն էինք հայտնում, նկատի ունեինք այն հնարավոր զարգացումները, որ տեղի ունեցան վերջերս, ինչի հետեւանքով հակամարտության երկու կողմերը հարյուրավոր անմեղ կյանքեր կորցրեցին»,-ընդգծեց Ֆարմանյանը:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԱՄՆ-Ը ՀՀ ՔԿՀ-Ի ՄԱՍԻՆ
Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ պետական դեպարտամենտը օրերս հրապարակեց 2015 թվականի Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որն անդրադառնում է աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին: Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում անդրադարձ կար ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածությանը, ինչպես նաեւ հակասանիտարական, բժշկական օգնությունից զուրկ պայմաններին: Զեկույցի հատվածներից մեկը նվիրված է Վանաձորի ոստիկանությունում քաղաքացի Անի Բոշյանի արժանապատվությունը նվաստացնելու, հոգեբանական ճնշումների ենթարկելու գործին: Պետքարտուղարության ուշադրությանն է արժանացել նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկուսարանում արձանագրված իրավիճակը: Ըստ զեկույցի՝ 2014 թվականի տասն ամիսներին Հայաստանի մեկուսարաններում մահացել է 24 դատապարտյալ, մեկը՝ հոսանքահարումից:
ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իրավապահները Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի թաղված դին: Հաջորդ օրը իրավապահները սպանությունը կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել Երեւանի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին եւ Երեւանի Սիսակյան փողոցի 4-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 43-ամյա Արթուր Միհրանյանին: «Ժողովուրդ»-ին տեղեկություններով՝ այս քրեական գործով կալանավորված Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը մեկմեկու դեմ ցուցմունքներ են տվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Գեւորգը, որը առավել մտերիմ է եղել սպանված Կարենի հետ, իրավապահներին հայտնել է, թե ինքը իր կյանքում ճանճ սպանած չկա եւ նա չի սպանել, իսկ, ահա, Արթուր Միհրանյանն էլ պնդում է, թե նրանք երկուսով են երիտասարդին սպանել: Արդյունքում, նախաքննության մարմինը որոշել է, որ մեղադրյալները տարբեր հանրային պաշտպաններ պետք է ունենան: Հիշեցնենք, որ դիտավորյալ սպանության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է:
ՀԱՆՈՒՆ ՄԻԱՍԻՆ ՆԿԱՐՎԵԼՈՒ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման նպատակը եղել է ԵՏՄ շրջանակներում անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացման գործընթացի կարգավորման հարցերի քննարկումը: Սակայն կարծիքներ կան, որ հանդիպումը հատուկ կազմակերպվել է այս տարվա ապրիլի սկզբից Հայաստանում բարձրացած հակառուսական տրամադրությունները չեզոքացնելու նպատակով: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ կոլեգիայի նախագահ է դարձել այս տարվա փետրվարի 1-ից: