ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԿՍՏԱՆԱՆ
Հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ հաշմված անձանց, զինվորական կենսաթոշակից բացի, կտրամադրվի ամսական պարգեւավճար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նրա խոսքով սպայական անձնակազմի պարագայում, ըստ հաշմանդամության առաջին, երկրորդ եւ երրորդ խմբերի, միջին կենսաթոշակը կազմում է համապատասխանաբար 54, 50 եւ 35- հազարական դրամ: Ի լրումն հաշմանդամության կենսաթոշակի` անձին վճարվում է նաեւ 55, 48 եւ 36-հազարական դրամ պարգեւավճար՝ համապատասխան հաշմանդամության կարգին:
Հաշմանադամության առաջին խմբի դեպքում սպայական անձնակազմի կենսաթոշակն ու պարգեւավճարը միասին կկազմեն շուրջ 110 հազար, պայմանագրային զինծառայողներինը՝ 95 հազար, իսկ ժամկետային զինծառայողներինը` 85 հազար դրամ: Սաիյանը նշել է, որ պայմանագրային զինծառայողների հաշմանադամության կենսաթոշակի չափն ավելի ցածր է, դա հաշվարկելու համար հիմք է ընդունվում զինծառայողի ստացած աշխատավարձը: «Իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանված է հաշմանդամության 36, 26 եւ 18 հազար դրամ կենսաթոշակ, եւ ի լրումն դրա՝ նրանք կստանան նաեւ պարգեւավճար 55, 48 եւ 36 հազար դրամի չափով»,-ասել է նա:
Պարգեւավճարը կենսաթոշակի հետ տրվող ամենամսյա պարբերական վճարում է: Օրինակ՝ սպայական անձնակազմի հաշմանդամ ճանաչված զինծառայողը, եթե առաջին խմբի հաշմանդամ է, կստանա 54 հազար դրամ կենսաթոշակ եւ 55 հազար դրամ պարգեւավճար, այսինքն՝ ամսական մոտ 110 հազար դրամ:
«Ինչ վերաբերում է կամավորականներին, ովքեր մասնակցել են ապրիլի 2-ից սկիզբ առած մարտական գործողություններին, զոհվել կամ ստացել ծանր վիրավորում, նրանց ընտանիքները եւս պետք է ներառվեն սոցիալական ապահովության ծրագրերում: 94 թվականից հետո առաջին անգամ մարտական գործողություններին մասնակցեցին նաեւ կամավորները, այստեղ մի առանձնահատկություն պետք է նկատի ունենալ, որ նշված բոլոր երաշխիքները վերաբերում էին միայն զինծառայողներին: Սակայն վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է մինչեւ ապրիլի 20-ը կառավարություն ներկայացնի առաջարկություններ ապրիլի 1-ին հաջորդած ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության խնդիրները լուծելու ուղղությամբ: Վստահեցնում եմ, որ սոցիալական պաշտպանության համակարգի տեսանկյունից զոհված կամավորականի ու զոհված զինվորականի ընտանիքի միջեւ տարբերություններ չպետք է լինեն»,- հավելել է Սմբատ Սաիյանը:

 
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
Երեկ Մասիս քաղաքը մարդաշատ էր։ Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների անմար հիշատակը: Հարյուրավոր մասիսցիներ ինքնաբուխ հավաք էին կազմակերպել` ի հիշատակ մարտի դաշտում զոհված հայորդիների:
Տեղի ունեցավ հանգանուկություն, հավաքած գումարն ուղարկվելու է Արցախ։ Հիշեցնենք, որ հատուկ տեղադրված ցուցատախտակի վրա քաղաքի դպրոցների բարձր դասարանների աշակերտները փակցնում էին իրենց կողմից գրված նամակներ՝ «Իմ եղբայր զինվորին» խորագրով, որոնք հանրահավաքից հետո ուղարկվելու են առաջնագծում ծառայող զինվորներին: Հրապարակում հատուկ տեղադրված թափանցիկ արկղում բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան կատարել հանգանակություն՝ ի նպաստ Արցախի: Հավելենք, որ Մասիսից 200 կամավոր է գնացել առաջնագիծ:

 

 

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Գեղարքունիքի, Արմավիրի եւ Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներում իրականացվում են անասնահամաճարակային մշտադիտարկումներ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ եւ բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան եւ ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը պարզելու նպատակով: Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանն օրերս շրջայց է կատարել Արմավիրի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի խեցգետնի արտադրությամբ զբաղվող 11 ընկերություններում մշտադիտարկման ընթացքին տեղում ծանոթանալու ու հնարավոր թերացումների շտկմանն աջակցելու նպատակով:
Տնտեսավարողներին ներկայացվել են ՀՀ-ում, ԵՄ-ում եւ ԵՏՄ-ում գործող անասնաբուժասանիտարական նորմերն ու պահանջները:
Նշվել է, որ այսօրինակ մշտադիտարկումներն ուշադրության առանցքում կպահեն իրացվող եւ արտահանվող խեցգետնի որակն ու անվտանգությունը, ինչը կնպաստի առանց խոչընդոտների հայկական խեցգետինը ԵՄ եւ ԵՏՄ արտահանելուն:

 

 

ՆԱՎԹԻ ԳԻՆՆ ԸՆԿԵԼ Է
«Սեւ ոսկի» արտահանող երկրները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած բանակցություններից հետո նավթի գներն անկում են ապրել: Ասիական շուկայում նավթի գները նվազել են 5,45%-ով: Brent տեսակի նավթի գինը կազմել է $40,87, իսկ WTI տեսակի նավթի գինը հասել է $38,6-ի: Դոհայում բանակցությունները տեւել են 6 ժամ: Այդ ընթացքում մասնակից երկրները վերաշարադրել են համաձայնագրի նախնական նախագիծը:




Լրահոս