Դեկորների, զգեստների, բուտաֆորական իրերի ձեւավորումը, գրիմավորումը եւ լուսավորումը հսկայական նշանակություն ունեն հանդիսատեսի մոտ վիզուալ տպավորություն թողնելու եւ ներկայացման հաջողության հարցում: 21-րդ դարում բեմանկարչությունը (սցենոգրաֆիա) թվային տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ աշխարհում մեծ թափով զարգացում է ապրում: Դրան զուգահեռ նորովի դրսեւորումներ է ունենում բեմանկարիչների ստեղծագործական միտքը: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե զարգացման որ փուլում է հայ բեմանկարչությունը, դրան խոչընդոտող ինչ խնդիրներ կան, որոնք ենթակա են լուծման:
ՀՀ վաստակավոր նկարիչ, բեմանկարիչ Մարտիրոս Բադալյանը, ով մի շարք թատրոններում ձեւավորել է 40-ից ավել ներկայացումներ, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօր գլխավոր ռեժիսորները «իրենց ձեռքն են վերցրել» ինչպես դերասաններին, այնպես էլ նկարիչներին. «Ռեժիսորը շատ ֆունկցիա վերցրեց իր վրա, բայց մեկ է` առանց բեմանկարչի յոլլա չի գնա: Առհասարակ, թատրոնում ամեն նկարիչ չի կարող դիմանալ: Դու այնտեղ թագավորը չես: Իսկ քո մոլբերտի առաջ տերը դու ես. ի՜նչ ռեժիսոր, ի՜նչ դերասան. դու միայն ստեղծագործիր: Թատրոնում նկարիչը կարող է ռեժիսորի հետ լեզու չգտնել: Ես ու ռեժիսորները, որոնց հետ աշխատում եմ, իրար համոզում ենք արվեստով. կարծես թե ստացվում է»,-ասաց նա:
Բեմանկարիչը պատմեց, որ մի անգամ հրաժարվել է աշխատել թատրոններից մեկում. «Բեմում իմ կատարելիք աշխատանքն ամբողջովին ծրագրել էի, մեկ էլ գնացի, տեսա՝ լրիվ ուրիշ մի դեկոր են բերել-դրել: Հարցրի՝ էս ի՞նչա, ասացին՝ պետք է յոլլա տանես: Պահո՜, ասացի»:
Նրա խոսքով` բեմանկարիչը կարող է ներկայացման ողջ էսքիզը ստանալ, տնօրինությունը հավանություն տա, բայց որոշ ժամանակ անց ասի, որ դա հնարավոր չէ ամբողջությամբ իրականացնել, քանի որ բավարար ֆինանսական միջոցներ չկան:
Ֆինանսական միջոցների բացակայության հետ են կապված նաեւ բեմերի աղքատիկ ձեւավորումները. «Բեմը պետք է հարուստ լինի լույսով: Լույսն այսօր առավել քան մեծ նշանակություն ունի. միայն դրանով կարելի է դեկորացիա ստանալ: Մեր բեմերին պակասում են նաեւ դռնակով անցքերը: Ես աշխատում եմ, օրինակ, Երեւանի խամաճիկների պետական թատրոնում, այնտեղ մի քանի հատ նման անցք ունենք, որոնք տեխնիկական մեծ հնարավորություններ են տալիս ե՛ւ ռեժիսորին, եւ՛ բեմանկարչին»,- նկատեց Մ. Բադալյանը:
Երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանի համար եւս բեմանկարչությունը արվեստի հետաքրքիր տեսակ է. «Այս դեպքում ստեղծագործելու նյութը միայն ներկն ու վրձինը չեն. դու աշխատում ես բեմի կոնկրետ կերպարի հետ»,- շեշտեց նա:
Հակոբը, ով նաեւ դերասան է, արդեն երեք տարի է` զբաղվում է բեմանկարչությամբ: Ասում է` ցանկացած նկարիչ, որը երբեւէ մոտիկից շփում ունենա թատրոնի հետ, հնարավոր չէ, որ չտարվի բեմանկարչի աշխատանքով:
Նրա համոզմամբ` սա զարգացող արվեստ է մեր երկրում. «Իհարկե, կան շատ խնդիրներ, բայց հնարավոր է ստեղծագործել նաեւ այս պայմաններում` հույս ունենալով, որ մի օր լուսային տեխնիկան կբարելավվի, նոր հարթակներ կստեղծվեն, խորհրդային տարիներից մնացած դեկորները, որոնք ամեն կերպ փորձում ենք համահունչ դարձնել այսօրվա պահանջներին, կփոխարինվեն նորերով»,-ասաց նա` հավելելով, որ թվային դարաշրջանի մարտահրավերները չեն կարող պարզապես անցնել հայ թատրոնի կողքով, հարկավոր է, որ «ներխուժեն» նաեւ այստեղ:
Երկու սերնդի բեմանկարիչներն էլ այն կարծիքին են, որ մենք ունենք հետաքրքիր մտածողությամբ մասնագետներ, պարզապես այն, ինչ կատարվում է երկրում, իր անմիջական արտացոլումն է ստանում թատրոնում, ուստի ֆինանսական խնդիրները չեն կարող չանդրադառնալ դեկորացիոն այս արվեստի զարգացման վրա:
«ԻՆՁՆԻՑ ԿԼՈՐԻԿ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՊԱՀԱՆՋԵՑԻՆ»
«X ֆակտոր» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանում հաղթելուց հետո երգիչ Վրեժ Կիրակոսյանը մասնակցեց «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնին, հանդես եկավ մի շարք այլ նախագծերում, ունեցավ շրջագայություններ տարբեր երկրներում, հասցրեց նկարահանվել սիթքոմում: Իսկ նախորդ տարի էլ նա հանդիսատեսին ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը` նկարահանված հայտնի «La danza: Tarantella napoletana» ստեղծագործության հիման վրա, համաշխարհային «Sony Music» ընկերության կողմից (Սա «X ֆակտոր» նախագծում Վրեժի մրցանակն էր): Դրանից հետո, թվում է, երգիչը չի երեւում ասպարեզում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` ինչով է նա այժմ զբաղված եւ արդյոք շարունակում է հանդես գալ դասական ժանրում:
Վրեժը մեզ տեղեկացրեց, որ ինքն այժմ աշխատում է նոր նախագծի վրա եւ նախատեսում է ներկայանալ համերգով. «Սկզբում այն նշանակված էր մայիսի 1-ին, սակայն, հաշվի առնելով վերջերս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը, օրը տեղափոխեցինք. համերգը, հավանաբար, կկայանա մայիսի 20-ին: Ինձ այդ օրը կնվագակցի կենդանի նվագախումբ, կհնչեն դասական գործեր` իտալերեն եւ հայերեն, կկատարեմ Սայաթ-Նովա, Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, սպասվում են ժողովրդականի եւ նեոդասականի շատ հետաքրքիր միքսեր»,-նշեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք այսօր Հայաստանում հնարավոր է դասական ժանրի ստեղծագործություններով պարբերաբար լսարան հավաքել ու գումար վաստակել, Վրեժը պատասխանեց, որ հնարավոր է, եթե հեռուստա եւ ռադիոընկերություններն ինտենսիվորեն աշխատեն այդ ուղղությամբ. «Կուզենամ անպայման նշել այն մասին, որ երբ ես ներկայացրեցի «La danza: Tarantella napoletana»-ի հիման վրա նկարահանած իմ տեսահոլովակը, մեր հեռուստաընկերություններին առաջարկեցի ցուցադրել այն: Սակայն վերջիններս դրա դիմաց բավական կլորիկ գումար պահանջեցին ինձնից: Ես բացատրեցի, որ այդ տեսահոլովակը «պատի տակ» չեմ նկարել, ես էլ փողոցից անհայտ մեկը չեմ, ռաբիս բան չեմ ներկայացնում, որ մի հատ էլ վճարեմ` երգը «պտտեցնելու» համար, իսկ այդ ստեղծագործությունն էլ համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոց է, սակայն ապարդյուն (դասականի եւ ռոքի համադրությամբ այդ երգի ձայնագրման ընթացքում նրան նվագակցել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը` Պյոտոր Ֆերենցի ղեկավարությամբ: Երգչի կերպարով զբաղվել են ռուս եւ Լոնդոնից ժամանած մասնագետները, իսկ տեսահոլովակը «Օստանկինո» ստուդիայի տաղավարներում նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Ֆյոդոր Գլազաչեւը-հեղ.): Ասացի, որ եթե նույնիսկ ունենամ, ոչ մի դեպքում չեմ տրամադրի այդ գումարը, քանի որ այն կարծիքին եմ, որ մեր եթերն է, որ ունի նման ստեղծագործության կարիքը: Այսինքն` շատ բան կախված է պրոպագանդայից»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
5-ՈՎ` ԻՎԵՏԱՅԻ ՀԵՏ
Արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ 2016»-ին Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 5 բեք-վոկալիստների հետ։ Նրա հետ բեմում կլինեն Քրիստինա Մանգասարյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Գյուլխասյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը եւ «LoveWave» երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը՝ ստեղծելով երգչախմբի տպավորություն։ Bravo.am-ի հետ զրույցում Մաշա Մնջոյանը պատմել է, որ մասնակիցներն ընտրվել են լսումների արդյունքում։ Հիշեցնենք, որ Մաշան որպես բեք-վոկալիստ մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2008»-ին՝ ձայնակցելով Մոնիկա Մանուչարովային. «Կարծում էի՝ ծանոթ եմ «եվրատեսիլյան» մթնոլորտին, բայց պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով՝ փոքրերի մրցույթը խաղաղ մթնոլորտում է, մրցակցությունը քիչ է, երեխաների համար տոնի է վերածվում, իսկ մեծերի մրցույթն ավելի լուրջ ու լարված է, մեծ պատասխանատվություն է պահանջում։ Ինչպես շատ երգիչների, այնպես էլ ինձ համար երազանք է, որ մեկ օր ինքս լինեմ Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ»-ում, հուսով եմ՝ այն կիրականանա»։ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 երկրի ներկայացուցիչներ:
«ՎԱՏԵՐԻ» ՎԱՐԿԱՆԻՇԸ
Vox ամերիկյան լրատվական պորտալը կազմել է այն դերասանների հակավարկանիշը, որոնք մյուսներից ավելի հաճախ են նկարահանվում վատ ֆիլմերում: Այն հիմնված է կինոքննադատների արձագանքների վրա: Տղամարդկանց ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Ռոբ Շնայդերը. փորձագետները բացասաբար են արտահայտվել նրա կինոնկարների մեծ մասի (69 տոկոս) վերաբերյալ եւ դրանցից ոչ մեկը չեն համարել իսկապես հաջողված: Երկրորդ հորիզոնականում Ադամ Սենդլերն է (վատ ֆիլմերը՝ 54 տոկոս, լավերը՝ 8 տոկոս), իսկ երրորդում՝ Էշթոն Քաթչերը (53/0): Վատ ֆիլմերում հայտնված դերասանների հնգյակում տեղ են գտել նաեւ Քեւին Ջեյմսը (57/7) եւ Թեյլոր Լոթները (50/0): Դերասանուհիների հակավարկանիշը գլխավորել է Ջենիֆեր Լավ Հյուիթը (վատ ֆիլմերը՝ 70 տոկոս, լավ կինոնկարներ չկան): Նրան հաջորդում են Ջեսիկա Ալբան (57/4) եւ Քեթրին Հեյգլը (61/11): Կանանց հնգյակը եզրափակում են Դենիզ Ռիչարդսը (50/17) եւ Ալիսիա Սիլվերսթոունը (54/8):
ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՔԼԻՆԹՈՆԻՆ
Ջորջ եւ Ամալ Քլունիները, ովքեր մի քանի օրից ժամանելու են ՀՀ, 33 հազար դոլար արժողությամբ տոմսերով ընթրիք են կազմակերպել ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցելու համար: Ինչպես փոխանցում է ETOnline-ը՝ զույգը Քլինթոնի նախընտրական քարոզչության համար դրամահավաքի նպատակով կազմակերպել է բարեգործական գալա համերգ, որին մասնակցել են 150 հայտնի անձինք, այդ թվում` Պորցիա Դե Ռոսսին, Էլլեն ԴեՋեներեսը, Ջեյն Ֆոնդան, Աննա Վինտուրը, Ջիմ Պարսոնսը եւ այլք: Հավաքված գումարին Քլունիներն ավելացրել են երեկույթի համակազմակերպիչների նվիրատվությունները՝ յուրաքանչյուրից 354 հազար դոլար: Ողջ գումարը կուղարկի Հ. Քլինթոնի հաղթանակի հիմնադրամ: