16-ամյա անչափահաս, կողոպուտ կատարելու մեջ կասկածվող Էմիլ Հակոբյանին ոստիկանությունում ծեծել են: Այս մասին “Փաստինֆո”-ին հայտնել է նրա պաշտպան Արթուր Ալիխանյանը:
Ըստ նրա պաշտպանյալի հայտարարության՝ առաջին անգամ անչափահասին ծեծել են ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվելու օրը՝ օգոստոսի 15-ին՝ բաժնի հերթապահ մասում: Անչափահասը, ըստ նրա վկայության, ծեծի է ենթարկվել նաեւ օգոստոսի 17-ի ուշ երեկոյան ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին՝ մեքենայի մեջ: Ծեծի հետեւանքով, ըստ անչափահասի ու նրա պաշտպանի, աչքի տակ կարմրել է, որը, ըստ ամենայնի, կվերածվի կապտուկի, իսկ գլխին առկա են նաեւ կոշտուկներ:
Անչափահասը թեեւ ծեծողների անունները չգիտի, բայց հայտնել է, որ դեմքով կճանաչի: Ծեծողներն, ըստ նրա, “քննչականի աշխատողներ են”:
Քննության խորթ մեթոդների մասին անչափահասի հայտարարությունը պաշտպանը ներկայացնելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանին, ապա միջոցներ կձեռնարկվեն միջադեպի առնչությամբ: Անչափահասը պատրաստվում է նաեւ դիմել դատաբժշկին: