ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՕՐԸ ՉԳԻՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 12-ը ողջ աշխարհում նշվում է որպես Երիտասարդների միջազգային օր: Առաջին անգամ արդեն որպես պաշտոնական տոն՝ այն նշվել է 2000թ.: Արդյոք հայ երիտասարդները գիտեին այդ մասին՝ պարզեցինք հենց իրենց հետ զրույցում:
Երգչուհի ՆԱՐԻՆԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ մեր միջոցով տեղեկացավ տոնի մասին եւ մեծ սիրով շնորհավորեց բոլոր երիտասարդներին` ցանկանալով նրանց նպատակասլացություն եւ աշխատասիրություն, ինչպես նաեւ չափի զգացողություն`
“չափի մեջ  թող ազատ ու անկեղծ լինեն”:
-Որպես երիտասարդ՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչն է պակասում մեր այսօրվա երիտասարդին:
-Մերօրյա երիտասարդության մեջ տեսնում եմ գծեր, որ չէի ցանկանա տեսնել, բայց չեմ էլ մեղադրում նրանց, ժամանակն իրենն է թելադրում: Շատ անգամ ընկերներիս մոտ էլ եմ դա նկատում` նրանք շատ են կապված համացանցին: Նույնիսկ հանդիպման ժամանակ հեռախոսով անընդհատ ստուգում են իրենց սոցիալական էջը, նամակ գրում… Կցանկանայի, որ կտրվեին վիրտուալ աշխարհից ու ավելի շատ ապրեին իրական աշխարհում, իրական ընկերների հետ:
-Իսկ ի՞նչն է դուր գալիս երիտասարդության մեջ:
-Այն, որ շատ ակտիվ են հիմա: Կուզեի, որ բոլորն ակտիվ լինեին, չամաչեին, կաշկանդված չլինեին, ամեն մեկն իր խոսքն ասեր ոչ թե ինտերնետում, այլ ընկերների ներկայությամբ, ինստիտուտում կամ այլ հարթակներում: Որ բոլորն իրենց սրտի խոսքն ասեին, ոչ թե կախում ունենային հասարակության կարծիքից: Կուզենայի՝ ճիշտ ազատություն լիներ, ոչ այն սխալը, որ հիմա կա:
-Դուք՝ որպես երիտասարդ, միշտ անում ու ասում եք այն, ինչ ուզո՞ւմ եք:
-Հիմնականում անում եմ այն, ինչ ուզում, ես վատ բան չեմ ուզում: Անգամ իմ երգելաոճը կհաստատի, որ ես երգում եմ այն, ինչ իմ ներսից է, ինձ հարազատ է: Չեմ մտածում` երգեմ մի բան, որ մարդիկ հավանեն: Դրա համար էլ ինձ ազատ եմ համարում որպես երիտասարդ:
-Մերօրյա երիտասարդությունն ունի՞ այն ամենը, ինչ իրեն հարկավոր է:
-Շատ վատ է, որ ուսման վարձերը տարեցտարի բարձրանում են: Լավ կլիներ, որ իրապես խելացի ու տաղանդավոր ուսանողները սովորեին անվճար: 
Երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ չկարողացավ հստակ ասել, թե ինչ չունի այսօրվա երիտասարդը` նկատելով, որ չի կարող բոլորի անունից խոսել, քանի որ յուրաքանչյուրն անհատականություն է:
-Ես ճանաչում եմ շատ կիրթ, դաստիարակված երիտասարդների, որոնցից ամեն մեկն էլ կարող է իր ազդեցությունն ունենալ: Վերջիվերջո, ամեն մեկն իր առաքելությունն ունի այս ամբողջ պատմության մեջ: 
-Դուք գտե՞լ եք Ձեր առաքելությունը, ո՞րն է այն:
-Ես չեմ դադարում սովորել: Ինձ համար կան որոշակի արժեքներ, որոնք ես փորձում եմ պահել: 
-Կարողանո՞ւմ եք ազատ արտահայտվել, ասել ու անել այն, ինչ ուզում եք:
-Այո՛, դրա համար ես խոչընդոտներ չեմ տեսնում: Ուղղակի կան բաներ, որոնց մասին լռում եմ, չեմ արտահայտվում, գտնում եմ, որ դրանց մասին կարիք չկա խոսել:
-Ի՞նչ կցանկանաք մեր երիտասարդներին, Ձեր մաղթանքը:
-Կուզեմ, որ յուրաքանչյուրն ինքնաճանաչմամբ զբաղվի եւ, ամենակարեւորը, ինքն իրեն սիրի եւ ընդունի: Եթե մարդ իրեն սիրի ու ընդունի այնպես, ինչպես ինքը կա, նա նաեւ կսիրի դիմացինին: Կցանկանայի, որ երիտասարդները ներդաշնակ լինեին իրենք իրենց տեսակի հետ, որովհետեւ յուրաքանչյուրն էլ առանձին ստեղծագործություն է: Իրենք պետք է հասկանան, որ իրենց նմանն իրենցից առաջ չի եղել ու իրենցից հետո էլ չի լինի: Պետք է կարողանալ գնահատել սեփական անհատականությունը: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 595 համար




Լրահոս