ՕՊԵՐԱՅԻ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ ԳՈՀ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Լինսի” հիմնադրամի` Հայաստանում իրականացրած ծրագրով 18 միլիոն դոլար գումար հատկացվել էր մշակութային օջախների վերանորոգման աշխատանքներին: 
Մասնավորապես, ըստ պաշտոնական տվյալների՝ հիմնովին նորոգվել են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը եւ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը: Ամբողջությամբ փոխվել է Օպերայի շենքի տանիքածածկի կոնստրուկցիան, հիմնովին նորոգվել են ջրամատակարարման, կոյուղու համակարգերը, բեմի վերին եւ ստորին մեքենասարքավորումները, տեղադրվել են գեղարվեստաթատերական եւ ձայնային ուժեղացման համակարգեր…  
Ինչպես “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, “Լինսի” հիմնադրամի միջոցներից ընդհանուր առմամբ մոտավորապես 2 միլիոն դոլար է ծախսվել օպերային թատրոնում. “Օրինակ՝ 10 տարի չշահագործվելուց ջեռուցման համակարգն էր շարքից դուրս եկել, որը փոխարինվեց ժամանակակից բարձրակարգ համակարգով, այն մինչեւ այսօր գործում է, եւ ամբողջ հսկայական շենքը ջեռուցվում Է: Ինչ վերաբերում է բեմի վերին ու ստորին տեխնիկային, գեղարվեստաթատերական եւ ձայնային ուժեղացման համակարգերին, ապա դրանք հիմնականում ենթարկվել են կոսմետիկ վերանորոգման: Վերանորոգվել են արտիստական հանդերձարանները, համալրվել նոր կահույքով, կատարվել են ամբողջ ներքին հարդարման աշխատանքները”: 
Ըստ տնօրենի՝ ամեն ինչ հիմնավոր է արվել, որը 90 տոկոսով պահպանվում է: Որոշ բան քայքայվել, մաշվել է.”Մի քանի ստեղծագործական կոլեկտիվ է գործում` մոտ 400-հոգանոց անձնակազմով, շենքն էլ շահագործվում է շաբաթվա բոլոր օրերին՝ 24 ժամ”: Մի խոսքով, պարոն Հովհաննիսյանը գոհ է “Լինսի” հիմնադրամի կատարած աշխատանքներից: Իհարկե, պարզից էլ պարզ է, որ տնօրենը չի դժգոհի կատարված աշխատանքներից, սակայն “Ժողովուրդ”-ի հետ մասնավոր զրույցներում թատրոնի աշխատակիցներից ոմանք դժգոհում էին կատարված աշխատանքների որակից, վերանորոգված տեխնիկայից… Բացի այդ, եթե ամեն ինչ այդքան լավ էր, ինչո՞ւ վերջերս պետբյուջեից 6 միլիոն դոլար հատկացվեց թատրոնի բեմը ժամանակակից տեխնիկայով վերազինելու համար: Իսկ հայտնի մասնագետներից մեկն էլ ժամանակին դժգոհել էր ակուստիկայի համակարգից: Թատրոն հաճախող հանդիսատեսն էլ հաճախ ամռանը շոգում, ձմռանը մրսում էր…  
Առաջիկա համարներում կներկայացնենք, թե այլ մշակութային օջախներում ինչ աշխատանքներ է կատարել հիմնադրամը, ինչ է մնացել այդ ամենից, եւ արդյոք գումարները քամուն չեն տրվել:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 595 համարի 




Լրահոս