Լավրովը կոչ է արել Ղարաբաղի հարցով Կազանի համաձայնագրերը կյանքի կոչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում ողբերգական իրադարձություններն ավելորդ անգամ հաստատեցին, որ կոնֆլիկտը չունի և չի կարող ռազմական լուծում ունենալ և պետք է հաղթահարվի բացառապես դիվանագիտաքաղաքական ճանապարհով: Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ներկա փուլում մենք բացարձակ առաջնահերթ ենք համարում 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրերի լիարժեք ապահովումը, որն անժամկետ է և որպես այդպիսին պետք է ամբողջությամբ հարգվի»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» անդամ, կանի հնարավոր ամեն ինչ կողմերին աջակցելու համար:

Լավրովը կրկին հիշեցրել է, որ 2011թ. ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ճանապարհային քարտեզ էր պատրաստել: Եվ դրա հետ կապված՝ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան կարևոր է համարում, որպեսզի ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան կենտրոնանա դրա վրա և հենց այդտեղ դրսևորի կազմակերպության ղեկավարի իրավասությունները:

«Կնպաստենք, որպեսզի Բեռլինը գիտակցի այդ ոլորտում իր ողջ պատասխանատվությունը»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարարը պատասխանել է այն հարցին, թե արդյոք համապատասխանում են իրականությանն այն հաղորդագրությունները, որ կոնֆլիկտի կողմերը մերժել են Կազանի փաստաթուղթը: «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»,-պատասխանել է Լավրովը:




Լրահոս