1994 թ. կնքված անժամկետ զինադադարի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հիշեցումը վերահաստատեց, որ նոր պայմաններով ու առանց Լեռնային Ղարաբաղի զինադադար կնքելու Ադրբեջանի ձգտումը ֆիասկո է ապրել: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Եվ սա շատ կարևոր է, որ Ռուսաստանի արտգործնախարարը, հստակ նշում է, որ 1994 թվականի զինադադարի պայմանագիրն անժամկետ է: Եվ սա Լավրովը հայտարարեց ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև 3 համանախագահ երկրների անունից»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը հիշեցրեց, որ հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, հստակ նշել էր, որ «մեզ նոր զինադադար պետք չէ, կա 94 թվականին կնքված զինադադարի պայմանագիր, որի պահպանմանն էլ կողմերը պետք է ձգտեն հասնել»:
ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև Սերգեյ Լավրովի այն արձանագրմանը, որ սեղանին դրված է այն փաստաթուղթը, որը համանախագահները 2011-ին առաջարկել են կողմերին և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե այն մերժել է Ադրբեջանը, ապա դա նշանակում է, որ այն ձեռնտու չէ Ադրբեջանին: «Եվ բոլոր այն խեղաթյուրված հայտարարությունները` հրապարակային կամ պատերի տակ, որ ինչ-որ միակողմանի զիջումների մասին են խոսում, անիմաստ են: Այնպես էլ այսօր ՌԴ արտգործնախարարի հայտարարությամբ արձանագրվեց, որ նաև դիվանագիտական դաշտում Ադրբեջանը հաջողության չհասավ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: