ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել: “Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը` Հայաստանի կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության և աջակցության համար: Ես համոզված եմ, որ մեր բարդ տարածաշրջանում հենց կրթությունն է այն հիմնաքարը, որ կնպաստի հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդմանն ու տարածաշրջանի հետագա զարգացմանը: Ուզում եմ հավաստիացնել, որ կրթության համակարգում հայ-ամերիկյան համագործակցությունը լավագույն օրինակ դառնալու իրական հնարավորություններ ունի”, -նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարը նշել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դերը մեր կրթական համակարգում` ընդգծելով, որ Ամերիկյան համալսարանն իր ձևավորման օրվանից նոր կրթական չափանիշ և որակ բերեց բարձրագույն կրթության համակարգում` խթան դառնալով նաև մյուս համալսարանների համար: Միաժամանակ, նախարար Լ. Մկրտչյանը ցանկություն է հայտնել ամերիկյան մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում:
Իր հերթին դեսպան Ռիչարդ Միլսը գոհունակություն է հայտնել կրթության ոլորտում առկա հայ-ամերիկյան համագործակցության մակարդակից նշելով. “Հպարտ եմ, որ ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կա նման տևական ու կենսական նշանակության գործընկերություն, որի հիմքում մեր այն ընդհանուր համոզմունքն է, որ կրթությունը մարդու կենսական իրավունքներից է”:
Խոսելով անկախության տարիներին կրթական մի համակարգից մյուսի անցման ճանապարհի մասին` Լևոն Մկրտչյանը նկատել է, որ կառուցվածքի առումով Հայաստանի կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ ձևավորվել է, սակայն մեծ անելիքներ կան բովանդակության ապահովման ուղղությամբ: Ընդ որում, նախարարը նշել է, որ կրթական նոր համակարգի ձևավորման գործում մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգները, Համաշխարհային բանկն` իր վարկային ծրագրերով, մասնավորապես ՀԲ վարկային ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետության մի շարք դպրոցների նորոգման աշխատանքներ: Նախարարը ցանկություն է հայտնել՝ ՀԲ-ի հետագա վարկային ծրագիրն ուղղորդել կրթության որակի բարձրացմանը միտված նախաձեռնություններին, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության և ավագ դպրոցի բովանդակության և որակյալ կրթության ապահովմանը: Լևոն Մկրտչյանը կարևորել է “Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում” ծրագրի իրագործման վերաբերյալ ԱՄՆ ՄԶԳ (USAID)-ի հետ ստորագրված համաձայնագիրը, որի իրականացումը ոչ միայն ուղղված է մարդկային ճակատագրերի կառուցմանը, այլ նաև հասարակական համապատասխան վերաբերմունքի ձևավորմանը:
Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթ են առաջադիմության, գերազանց կրթության խթանումը և մերօրյա մրցունակ աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ապահովելու հարցում բոլորի համար հավասար հնարավորությունների երաշխավորումը: “Միայն որակյալ կրթություն ստանալու միջոցով է, որ հաջորդ սերունդը կարող է կերտել ու ամրապնդել Հայաստանի ապագան: Հպարտ ենք, որ աջակցում ենք նախարարությանը՝ երեխաների պաշտպանության ազգային բարեփոխումների ու ներառական կրթության ասպարեզներում, լիահույս ենք, որ այսուհետ առավել կխորացնենք մեր գործընկերությունը կրթության ոլորտի հետագա զարգացմանը միտված ձեր նախաձեռնությունների շրջանակում”,-ավելացրել է ԱՄՆ դեսպանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գերազանցության կենտրոններին, անգլերեն լեզվի տարածման արդյունավետության բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, հակակոռուպցիոն ծրագրերի իրականցմանը, ինչպես նաև կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների համագործակցությանը վերաբերող այլ հարցերի: