«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ կարող է անդրադարձ լինել նաև Ադրբեջանի վերջին օրերի ագրեսիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի հիմնական նպատակն է շարունակել Հայաստանի նախաձեռնողական քայլերը՝ ուղղված ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը: Ապրիլի 22­ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

«Նպատակն է նաև նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այս առաջնային խնդրի հետևողական իրականացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մակարդակով քննարկման առարկա դարձնել ինչպես 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, այնպես էլ դրանից հետո աշխարհի տարբեր մասերում կրկնված նմանօրինակ ոճրագործությունները»,­ -«Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

Նա չբացառեց, որ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ևս քննարկման առարկա դառնա: Նազարյանի խոսքով՝ դա արդեն կախված կլինի մասնակիցների մոտեցումներից: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ ընդգծեց, որ իրենք նպատակ չունեն գլոբալ ֆորումը դարձնել զուտ հայկական օրակարգի քննարկման հարթակ: «Բայց ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցող այսպիսի միջոցառումը չի կարող անմասն մնալ վերջին իրադարձություններից, որոնք մոտիկից հիշեցնում են ահաբեկչություն և չեն տարբերվում այն կազմակերպությունների գործելաոճից, որոնց մասին մենք խոսելու ենք ապրիլի 23­ին կայանալիք համաժողովի ժամանակ»,­- եզրափակեց Սարգսյանը:




Լրահոս