ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է Արգենտինայի դեսպանատան գործունեությունը Հայաստանում: «Չնայած տարածքային հեռավորությանը, մեր ժողովուրդների միջև մշտապես ջերմ, բարեկամական հարաբերություններ են եղել և այս առումով դեսպանատան գործունեությունը կարող է նպաստել երկու երկրների կրթական ոլորտի համագործակցությանը»:
Նախարարը ցանկություն է հայտնել հայ-արգենտինյան համագործակցությունն ակտիվացնել կրթության ոլորտի տարբեր ուղղություններով, մասնավորապես` նա առաջարկել է աջակցության ծրագրեր իրականցնել իսպաներեն լեզվի տարածման և համալսարանական կրթության ուղղությամբ:
Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա Հայասատանի կրթության համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կրթության ոլորտում հետագա գործակցության շրջանակը հստակեցնելու և ամրագրելու նպատակով առաջիկայում ստորագրել մտադրությունների հուշագիր:
Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության ոլորտում Հայաստան-Արգենտինա երկկողմ համագործակցությանը, զարգացումներին և հեռանկարին վերաբերող այլ հարցեր: