ՀԱՑԻ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դարդերը քիչ էին, մեկն էլ ավելացավ. երեկվանից Կապանում 600գ-ոց հացը նախկին 210-ի փոխարեն կվաճառվի 240 դրամով: Գինը սահմանվել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հացի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: 190 դրամով հացը կհանձնվի խանութ, որին կգումարվի վաճառողի աշխատավարձը՝ 20 դրամ, իսկ 10 դրամը` որպես ճանապարհածախս: Թանկացմանը նպաստում են նաեւ միջազգային շուկայում վառելիքի, բուսական յուղի աճող գները, հետագայում չի բացառվում նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը: «Այս պարագայում նույնիսկ ավելի ձեռնտու է Պարսկաստանից մազութ գնելը. շուկայական գներով 1 տ մազութն արժե 550 դոլար»,- առաջարկեցին գործարարները: «Ամեն օր մեզ կոտորում ենք, որ Եվրամիություն մտնենք: Հիմա ուզենք թե չուզենք, պետք է հարմարվենք բարձր գներին»,- նշեց մարզպետը: Մարզում 30-ից ավելի հացի արտադրությամբ զբաղվող ընկերություններ կան: Նրանց համագործակցությունից եւ համերաշխությունից է կախված նաեւ, որ հացի բիզնեսում գները շատ չտատանվեն: «Մրցակցությունը միշտ էլ «անառողջ» է լինում: Բոլորս էլ գիտենք, գործընկերներ ունենք, ովքեր խանութին 190-ի փոխարեն հաց տալիս են 170 դրամով: Նախ դրա դեմը պետք է առնել»,- նշեց «Կապանի Հաց» ՍՊԸ տնօրեն Գարիկ Աթաջանյանը: Համակարգի մի քանի թերություններ վերհանելով՝ ներկաները բանավոր համաձայնության եկան. աշխատել առանց իրար վնասելու: Երեկվանից ստեղծվել է հանձնաժողով, որը կհետեւի գործընթացին: Բայց ամեն դեպքում, բնակիչը հույսը իր վրա պետք է դնի եւ չզլանա հացի համար 240 դրամ տալուց առաջ վաճառողին խնդրել կշռել այն: «Իսկ որակի մեջ խախտում անող ընկերությունը կպատժվի, չի բացառվում նույնիսկ արտադրամասի փակումը»,- հրապարակավ խոստացավ մարզպետը: Ինչ վերաբերում է լավաշին, ապա դրա գներն առայժմ անփոփոխ կմնան, չնայած օրեցօր դրա չափերն են փոքրանում: Ի դեպ. մարզի բոլոր քաղաքներում է հացը թանկացել: Երեկ մարզպետարանում տեղի ունեցած հավաքի ժամանակ մի լավ որոշում էլ կայացվեց. Սյունիքում դեղորայքի գինը պետք է էժանացվի 10 տոկոսով: Սուրեն Խաչատրյանը կարծում է, որ դեղորայքի վաճառքը հանրապետությունում ծաղկում է, որին հակառակ միաժամանակ վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը: Առաջարկվող 10 տոկոս զեղջը առայժմ միայն կապանցիների համար է, բայց այն  կգործի նաեւ մարզի ողջ տարածքում։ Ու թեեւ շուկայի հիմնականում 2` «Ալֆա Ֆարմի» եւ «Նատալի ֆարմի» ներկայացուցիչները կարծում են, որ իրենց այսօրվա գները բավականին մատչելի են, այնուամենայնիվ, մարզպետը ուսումնասիրությունների համար հանձնաժողով է կազմել։ 1 շաբաթվա ընթացքում խնդիրը պետք է լուծված լինի։ «Եթե ընկերությունները չհամաձայնեն գները զեղչել, արդեն գաղտնի ճանապարհներով դրան կհասնեմ։ Այս դեպքում արդեն քաղաքի բոլոր դեղատների համար լավ չի լինի»,- սպառնաց մարզպետը։ Փաստորեն, նա մի կողմից մարզի բնակիչներին լավություն է անում` ուրիշի հաշվին էժանացնելով դեղորայքի գները, մյուս կողմից էլ զարկ է տալիս սեփական բիզնեսին` բարձրացնելով հացի գները: ՄԵԼԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿապան




Լրահոս