
ՀՀ քաղաքաշինության նախարարությունն օրերս 26 մլն 173 հազար դրամ (մոտ 63 հազար դոլար) է տրամադրել Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 դպրոցի համար գույք ձեռք բերելու նպատակով: Այդ գումարով Տեղ գյուղի դպրոցը, ըստ էության, կապիտալ կահավորվել է՝ ձեռք են բերվել աշակերտական սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, ճաշասեղաններ: Բացի այդ, ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, սեղաններ, գրապահարաններ ու զգեստապահարաններ ձեռք են բերվել նաեւ ուսուցիչների համար: Իհարկե, լավ է, որ հեռավոր գյուղերի դպրոցները կահավորվում են: Սակայն ուշագրավն այն է, որ Սյունիքի մարզի հեռավոր Տեղ գյուղի նկատմամբ իշխանությունների առատաձեռնությունը պայմանավորված է Սերժ Սարգսյանի դրական վերաբերմունքով: Բանն այն է, որ Տեղը Սերժ Սարգսյանի ծննդավայրն է: