ՄԱՆՐՈՒՔ Է, ԲԱՅՑ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես, Վլադիմիր Պուտինի` այդքան քննարկված այցը Ադրբեջան այլեւս իրողություն է: Ինչպես եւ սպասվում էր, այդ այցելությունն ունեցավ բավականին նշանակալի հետեւանքներ` ռուս-ադրբեջանական տնտեսական մի շարք համաձայնագրերի տեսքով, որոնցից գլխավորը, իհարկե, ռուսական «Ռուսնեֆտ»-ի եւ ադրբեջանական «Սոքարի» միջեւ կնքված պայմանագիրն է` համատեղ ձեռնարկություն հիմնելու եւ ադրբեջանական նավթի մատակարարման շուրջ: Կարեւոր էին նաեւ մի շարք այլ` առեւտրային, հումանիտար եւ ուրիշ ոլորտներում կնքված պայմանագրերը: Սակայն ամենաառանցքային` Ղարաբաղի հարցը, կարծեք թե, մնաց անփոփոխ: Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո այդպես էլ որեւէ հայտարարություն չեղավ առաջիկայում թեկուզ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին: Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում անդրադառնակով ղարաբաղյան հակամարտությանը` Վլադիմիր Պուտինն ընդամենն ասաց. «Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով»: Ընդ որում, Պուտինի այս հայտարարությունը հետեւեց հայկական ուժերի կողմից Ադրբեջանի տարածքները «օկուպացնելու» մասին Ալիեւի երկարաշունչ ելույթին: Լավ է դա, թե վատ, արդյոք Պուտինը հենց Բաքվում պետք է Ղարաբաղի հարցով որեւէ նոր բան ասեր, թե նման զարգացումների պետք է սպասել առաջիկայում, դժվար է միանշանակ ասել: Սակայն այն, որ ՌԴ նախագահի այցն ինքնին սովորական չէր` ոչ պատվիրակության կազմի, ոչ ստորագրված համաձայնագրերի, ոչ էլ առհասարակ` նրա ելույթում տեղ գտած շեշտադրումների առումով, կասկածից դուրս է: «Ադրբեջանը Ռուսաստանի հին, ավանդական եւ հուսալի գործընկերն է»` ընդգծեց Պուտինը` հատկապես շեշտադրումն անելով հուսալի բառի վրա: Գուցե թե ձայնային ինտոնացիան կամ այս կամ այն բառի վրա արված շեշտադրումները պետք չէ հարկ եղածից ավելի կարեւորել, սակայն, երբ խոսքը գնում է այդպես էլ Հայաստան ոտք չդրած Ռուսաստանի նախագահի մասին, այդ ամենը, թերեւս, որոշակի նշանակություն է ձեռք բերում: Չի կարելի չնկատել նաեւ Պուտինի օգտագործած «քաղաքական միջոցներով» արտահայտությունը: Սովորաբար Ղարաբաղի հարցի վերաբերյալ գերտերությունների ղեկավարներն օգտագործում են` «խնդիրը պետք է բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի» ձեւակերպումը, մինչդեռ Պուտինը գերադասում է քաղաքական միջոցներ արտահայտությունը, որը, թեեւ նույնպես նշանակում է ոչ պատերազմական եղանակով, սակայն, այդուամենայնիվ, որոշակիորեն տարբեր է «խաղաղ ճանապարհով» եզրույթից: Ի դեպ, ուշագրավ էր նաեւ այն, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը ադրբեջանցի հանդիսավարը արտաբերեց նաեւ հայերիս շատ հայտնի հայհոյանքի տեսքով` Սերգեյի փոխարեն ասելով «սիկտի…» Լավրով: Այս ամենը, իհարկե, մանրուքներ են, սակայն, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է:




Լրահոս