ԲԱՔՎԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԿԼԻՆԵՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գրեթե ողջ օրը քննարկվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Կասպյան նավատորմի ռազմանավերի ուղեկցությամբ Բաքու կատարած այցը: Բաքվի ծովախորշում ձեռնարկվել էին անվտանգության արտակարգ միջոցառումներ, որոնցում ներգրավվել էին նաեւ ադրբեջանական ռազմանավերը: Պուտինի գալստյան հետ կապված՝ անվտանգության խիստ միջոցներ էին ձեռնարկվել նաեւ Բաքվի կենտրոնական փողոցներում: Քաղաքի մի շարք փողոցներ ընդհանրապես փակվել էին:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր փոխքարտուղար, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հերքել է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը կապված է հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Նա հավելել է, որ Վլադիմիր Պուտինը կանոնավորապես այցելում է Ադրբեջան, եւ սա նրա հերթական այցերից մեկն է: Մինչդեռ շուրջ 7 տարի է` Վ. Պուտինը Ադրբեջան չէր այցելել: Ինչեւէ. Պուտինի` Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:
-Պարոն Շիրխանյան, արդեն քանի օր է` քաղաքական քննարկումների կիզակետում է Վլադիմիր Պուտինի այցը Բաքու: Ըստ Ձեզ` որքանո՞վ կարող է այդ այցելությունը բեկումնային նշանակություն ունենալ ռուս-ադրբեջանական եւ ռուս-հայկական հարաբերությունների համար:
-Ինչքան ես տեղյակ եմ, Պուտինը գնում է ոչ թե Բաքու, այլ Թեհրան, հիմնական հանդիպումը Պարսկաստանի նոր նախագահի հետ է: Ճանապարհին եղավ նաեւ հանդիպում Բաքվում՝ Ալիեւի հետ, այցն այդպիսինն է: Իսկ որ ՌԴ-ի նախագահը հանդիպում է Ադրբեջանի նախագահին, այն էլ` մեծ շքախմբով, դա, իհարկե, մեզ պետք է անհանգստացնի:
-Խնդրում եմ կոնկրետ նշեք, թե ինչու պետք է դա մեզ անհանգստացնի:
-Գիտեք ինչ. որ Ադրբեջանը կունենա Ռուսաստանին հետաքրքրող մի շարք առաջարկություններ, դա պարզ է: Որ Ռուսաստանը նույնպես կունենա Ադրբեջանի հետ հարաբերություններում իրեն համար նոր, շահավետ մոտեցումներ, դա նույնպես պարզ է: Այդ բոլորը ինչ-որ չափով նաեւ կարող է հրահրված լինել Հայաստանում ծայր առած այս նոր տիպի շարժումներով` դեպի Եվրոպա, դեպի Եվրասիական միություն, դա էլ կարող է իր դերը խաղացած լինել:
-Շատ վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կարծիքով` առաջին հերթին Ալիեւը քննարկելու է Ղարաբաղի հարցը ու…
-Անհնար է, որ այդ հարցը չքննարկվի, որովհետեւ Ղարաբաղի հարցը քննարկվել է բոլոր մակարդակներում եւ բոլոր հանդիպումներում: Ու բնական է, որ այս հանդիպման ժամանակ եւս այն քննարկվի:
-Գրեթե մեկ տարի առաջ հայտարարություն եղավ, որ ՌԴ նախագահն առաջինը այցելելու է Հայաստան, սակայն այդ խոստումը մնաց «օդում կախված»: Ըստ Ձեզ` ինչո՞ւ Վ. Պուտինը չընդունեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրավերը ու որոշեց գնալ Բաքու:
-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Մեկ բան հստակ է. մենք Ռուսաստանի հետ ունենք բազմաթիվ պայմանագրեր ու փոխադարձ պարտավորություններ, եւ դրանք մեկ այցով կամ Բաքվում կայացած մեկ հանդիպումով փոխվել չեն կարող. դա անհնարին բան է: Բայց որ այդ այցը նոր երանգ ու նոր իմպուլս կարող է հաղորդել Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին, դա է ինձ համար անցանկալի:
-Վերջին շրջանում բուռն քննարկման առարկա էր դարձել նաեւ Ռուսաստանի կողմից մեկ միլիարդի հարձակվողական զենքի վաճառքը Ադրբեջանին: Ըստ Ձեզ` արդյո՞ք այդ գործարքը եւս պետք է դիտարկել Ռուսաստանի կողմից դեպի Եվրոպա ձգտող Հայաստանին «դաս տալու» համատեքստում:
-Չէ, ես դա ինչ-որ նոր վերաբերմունք Հայաստանի հանդեպ չեմ համարում. զենքի վաճառը գործարք էր, եւ դա կատարվել է առանց խախտելու սպառազինությունների բալանսը երկու երկրների միջեւ: Ու նորից եմ ասում` այն պայմանագրային հիմքը, որը գոյություն ունի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, շատ ավելի լուրջ է, խորն է ու բազմակողմանի, քան կարելի է ենթադրել, որ կարող է լինել ՌԴ-ի ու Ադրբեջանի միջեւ:
– Ըստ Ձեզ` Ռուսաստանի հետ հարաբերությունների լարումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրների առումով:
-Մի բան նշեմ. բոլորի մոտ քննարկվում է պատերազմի հարցը, բայց ասեմ, որ պատերազմը ձեռնտու չի ո՛չ ՌԴ-ին, ո՛չ էլ մյուս երկրներին, ո՛չ էլ հենց Ադրբեջանին ու Հայաստանին: Ես դրա հավանականությունը շատ փոքր եմ գնահատում, բայց ինչ-որ նոր մոտեցումներ, ինչ-որ նոր տեսակետներ անպայման կլինեն` կապված այդ այցի հետ: Մի կողմից կլինեն դեպի Եվրոպա գնալու կոչեր` ներկայացնելով, որ տեսնո՞ւմ եք` ՌԴ-ն ինչ արեց: Մարդիկ, որոնք նման ծրագիր ունեն, կօգտվեն այդ այցից: Մյուս կողմից` ավելի խորը մարդիկ կասեն, որ դա այց էր, որը մեզ ստիպում է լրջորեն մտածել մեր արտաքին քաղաքականության մասին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս