Դեռեւս հուլիսին տարածված հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են դատական հայց ներկայացնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ եւ այդ նպատակով նախաձեռնել են ստորագրահավաք:
«Մի խումբ ՀՀ քաղաքացիների» կողմից տարածած հայտարարությունում նշված է. «Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, միանում եմ ներկայացված դատական հայցին ընդդեմ Լեւոն Տեր Պետրոսյանի, առ այն, որ նա 1995թ.-ին, կեղծելով սահմանադրական հանրաքվեն, ժողովրդից խլեց իշխանությունը: 1995թ.-ին ՀՀ Ազգային ժողովի որոշման համաձայն, հանրաքվեի դրվեց ավտորիտար պետական կառավարման համակարգ ներկայացնող սահմանադրության նախագիծ: Այն հակասում էր պետական իշխանության տարանջատման եւ հակակշիռների հաստատման ժողովրդավարական սկզբունքներին, ինչպես նաեւ Սահմանադրության անհերքելի եւ փոփոխման ոչ ենթակա 1-ին եւ 2-րդ հոդվածներին, որոնք, չնայած բոլոր անօրինականություններին, մնացին անփոփոխ: Այդ նախագծով պետության ողջ կառավարումը կենտրոնացվում էր ՀՀ նախագահի եւ, որոշ չափով, Աժ-ի մեծամասնության ձեռքում: ՀՀ քաղաքացիները զրկվում էին հանրաքվե նախաձեռնելու իրենց իրավունքից, որը ամրագրված էր ՀՀ հռչակագրում եւ 1991թ.-ին օրենքի տեսքով ամրագրված էր եւ հաստատված Գերագույն խորհրդի կողմից»,-նշված է հայտարարությունում:
Տեր-Պետրոսյանի դեմ ստորագրահավաքի հիմք հանդիսացող այդ տեքստում նաեւ նշված է. «Հավատի կորուստը ապագայի հանդեպ հանգեցրեց մեզ համար ահռելի չափերի հասնող արտագաղթի: Իշխանության զավթման արդեն հաջորդ տարում` 1996 թ.-ին, հնչեց անկեղծ խոստովանություն, որ, եթե նույնիսկ քաղաքացիների 100% -ը այլ որոշում կայացնի, միեւնույն է, իշխանությունը չենք հանձնի: Առ այսօր բոլոր ընտրությունները եւ հանրաքվեներն առանց կեղծիքների չեն կայացել: Այդ դեպքերից հետո անցել է 18 տարի, բայց մինչ այժմ ոչ ոք պատասխան չի տվել»:
Այդ հայտարարությանն ու նախաձեռնված ստորագրահավաքին, սակայն, ՀԱԿ-ում լուրջ չեն վերաբերվում: ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ գիտեմ, թե ինչ են պահանջում, ովքեր են պահանջում: Ուղղակի մի բան հստակ է, որ դա իշխանությունների կողմից հովանավորվող հերթական ծրագիր է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը շեղել ստեղծված իրավիճակից: Բովանդակությանը ծանոթ չեմ, բայց համոզված եմ, որ դա մեծ անհեթեթություն է, այսօրվա իշխանությունն ուզում է, որպեսզի մարդիկ իրենց պրոբլեմներն առաջնային չհամարեն ու իրենց ուշադրությունը շեղեն այլ խնդիրների վրա»:
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇԵՂԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ