Մեծ Եղեռնից անցել է 101 տարի, սակայն մեր պահանջը Թուրքիայից եւ ամբողջ աշխարհից մնացել է նույնը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ազգային այս ասելիքն իր յուրովի արտացոլումը գտել է նաեւ արվեստում: Թատրոնում, օրինակ, տարբեր ժամանակներում բեմադրվել են ներկայացումներ` ցեղասպանության թեմայով: Իսկ արդյո՞ք գտնվել է գեղարվեստական այն ձեւը, որը դուրս է ճակատային ֆորմաներով խնդրի մատուցման շրջանակներից, եւ որի շնորհիվ արծարծվող թեման կարող է հասու դառնալ համամարդուն: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է հայ թատրոնի ներկայացուցիչների հետ:
Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ դեռ չի գտել թեման մատուցելու իր ձեւը. «Չեմ կարծում, թե ցեղասպանության վերաբերյալ, առհասարակ, հնարավոր է ինչ-որ բան բեմադրել: Թե ինչպես պետք է գտնվի գեղարվեստական այդ ձեւը, ես չգիտեմ: Մենք ունենք, օրինակ, մեր պատմությանն անդրադարձող, թեմայի հետ որոշ եզրեր ունեցող «Գիրք ծաղկանց» կամ «Շերանիկ» ներկայացումները: Ունենք նաեւ «Այծծես» ներկայացումը, որն ըստ էության, մեր իրականության մետաֆորիկ պատկերն է. այն մարդկանց մի խմբի, հանրույթի մասին է, որը լի է երազանքներով, գնում է դեպի լույսը եւ փորձում է դուրս գալ ճահճից»,-նշեց նա:
Ըստ Ժ. Դադասյանի՝ միշտ էլ հնարավոր է ստանալ պրիմիտիվ տեսարաններ` ներկայացնելով, օրինակ, տառապող, կոտորվող մարդկանց, բայց, նրա պատկերացմամբ, բռնության թեմայի մասին պետք է խոսել շատ ավելի ընդհանրացված. «Փոքրիկ օրինակ բերեմ. Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի թանգարանում ներկայացված է իսկական մի վագոն, որն ամբողջովին լցված է 30-40-ականների մանկական կոշիկներով: Սա գեղարվեստական մատուցման գտնված ձեւ է: Մենք էլ պետք է փորձենք գտնել նման ֆորմաներ: Իսկ թեմայի վերաբերյալ ճակատային ձեւերով դրսեւորումները խոսում են մեր դեգրադացիայի մասին, ուստի դաշտում պետք է գործեն պրոֆեսիոնալները՝ թեկուզ սկզբում սխալվելով»,-մեկնաբանեց նա:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նաեւ համոզմունք հայտնեց, որ իր ոլորտում ցեղասպանության թեման միջազգային մասշտաբով արծարծելու հաջող ձեւ է գտել գործարար Ռուբեն Վարդանյանը «Ավրորա» մրցանակաբաշխության գաղափարով:
Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության մասին թարմ ասելիքով եւ մատուցմամբ ներկայացումներ չեն բեմադրվել. «Մենք չենք ստեղծում այնպիսի ներկայացում, որն ընկալելի կլինի նաեւ ոչ հայ կամ ոչ հայախոս հանդիսատեսի համար, մի գործ, որի շնորհիվ վերջիններս կզգան մեր ցավը, կվերանայեն իրենց տեսակետները: Դա նույնն է, որ մի դիվանագետ գնա բանակցության եւ անգլախոսի հետ խոսի հայերենով, թեկուզ շատ գրագետ եւ գեղեցիկ վարվեցողությամբ: Թատրոնում էլ հարկավոր է խոսել համամարդկային լեզվով: Մենք այս առումով հետ ենք աշխարհից»,-շեշտեց նա:
Վ. Մկրտչյանի համոզմամբ` մենք համապատասխան գրական հիմքի եւ մտքի ճգնաժամ ունենք. «Որքան էլ կոլեգաներս վատ զգան (ես էլ եմ վատ զգում), բայց պետք է ասեմ, որ մեր հայ թատրոնում մտքի ներհոսք չկա. չկան դրսի հետ փոխհարաբերություններ, իսկ սա տանում է ճահճացման: Ցեղասպանության թեմայով կարելի է խոսել, օրինակ, պարի, մնջախաղի, երաժշտական թատրոնին բնորոշ արտահայտչամիջոցների լեզվով. տարբերակներ շատ կան: Դրա համար պետք է համարձակ կերպով զարկ տալ երիտասարդ, ամբիցիոզ ուժերի գործունեությանը, անել ամեն բան, որ դրսի ստեղծագործողները հայկական միջավայրում աշխատելու ցանկություն ունենան: Կարծում եմ` այս դեպքում կստեղծվեն ինքնատիպ գործեր: Սահմանում նռնականետով ուղղաթիռ խփած տղայի համառության պես մի դրսեւորում էլ թատրոնում է պետք»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան