Armenian text to speach

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՋՈՒՐՆ ԷԼ ԵՆ ԿՏՐԵԼ
Արմավիրի մարզի Գայ համայնքում ոռոգման ջուր չկա։ Խմելու եւ ոռոգման ջուր չունենալու համար գյուղացիները մեղադրում են մի շարք բիզնեսմենների, որոնք օգտագործում են իրենց հասանելիք ջուրը: Գյուղացիներից Սանասար Երիցյանն «Ա1+»-ին ասել է. «Առաջ կար, հիմա բասեյիններ են սարքել ձկների համար, ամեն մեկը մի 10 հատ խփելա, որտեղի՞ց լինի»: 20 տարի շարունակ Գայ գյուղում ոռոգման ջուր չլինելու պատճառով հողերի 80 տոկոսը մնացել է անմշակ: Թեեւ գյուղացիները չեն կարողանում իրենց հողերը մշակել, սակայն համայնքի ղեկավարները նրանցից պահանջում են ջրի հարկ վճարել:

ԷԼ ԴԱՐԴ ՉՈՒՆԵՆՔ
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից մշակված դրոշի գույների հստակեցման փաթեթն արդեն ստացել է կառավարության համաձայնությունը եւ ուղարկվել ԱԺ: Հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանն «Առաջին լրատվական»-ին ասել է, որ աշխատանքային խմբում ներառված է եղել նաեւ էկոնոմիկայի նախարարության ստանդարտների ազգային ինստիտուտը. «Մենք հստակեցրել ենք գունային չափորոշիչները եւ ստանդարտները, կարելու, տպելու, կտորի որակի հետ կապված հարցերը»: Հնարավոր է` դրոշի գույների հարցը քննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում: Ինչպես ասում են` բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էին դրոշի գույները:

ԿՓՈԽԱՐԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա որոշմամբ` ՀՀ վարչապետին ժամանակավորապես կփոխարինի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Ինքը` Տիգրան Սարգսյանը, մեկնում է արձակուրդ:

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստան ժամանած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, քննարկել ՖԻԴԵ-ի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջեւ համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու ուղղությամբ հարցերի լայն շրջանակ:

ՄԻԳՐԱՆՏԱԶԵՐԾՈՒՄ ԵՆ
ՌԴ ՆԳՆ Սամարայի երկրամասի գլխավոր վարչության աշխատակիցները Սամարայի բանջարեղենների բազայում ԱՊՀ երկրների 100 քաղաքացու են ձերբակալել միգրացիոն ռեժիմի խախտման կասկածանքով:

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ
Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների, 2013թ. հունվար-հունիսին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 54: Այսպիսով, մինչեւ 6 ամսական երկու ծնող ունեցող որդեգրման ենթակա երեխաները հինգն են, միայնակ մայր ունեցողները՝ իննը, որոնցից երեքն աղջիկ է: Իսկ առանց ծնողական խնամքի որդեգրման ենթակա երեխաները երկուսն են, որոնցից մեկն աղջիկ է:

ԴԱՍԱԼԻՔ ԱԿՏԻՎԻՍՏԸ
Երեկ առավոտյան ոստիկանները Երեւանի քաղաքապետարանի հարակից այգու զուգարանի մոտից բերման են ենթարկել հուլիսի 26-ից Երեւանի քաղաքապետարանի մոտ անցկացվող նստացույցի աջակից, Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին: Ոստիկանության հայտարարության համաձայն, Մելքոնյանը սույն թվականի հունիսի 21-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ դասալքության համար դատապարտվելուց եւ համաներմամբ ազատվելուց հետո ոստիկանական բաժանմունք չներկայանալու համար:




Լրահոս