2011 թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 11.10-ին, Երեւանի Արցախի փողոցի «Հարդասթոուն» ՍՊ ընկերության տարածքում սպանվել էր նույն ընկերության արտադրամասի պետ Շալիկո Եղինյանը: Ավելի ուշ պարզվեց, որ սպանության պատճառը կնոջ գերեզմանի բարեկարգման աշխատանքն է եղել:
Սույն պատմությունն այն սարսափելի սպանություներից է, երբ մարդկային դաժանությունը սահմաններ չի ճանաչում, եւ, առհասարակ, դժվար է պատկերացնել, թե ինչ աստիճանի պետք է չարացած լինեն մարդիկ, որ այս կերպով վրեժխնդիր լինեն:
Մինչ դեպքի պատճառներին անդրադառնալը նշենք, որ սույն սպանությունը գործած Սուրեն Բեգլարյանն անձամբ էր ներկայացել ոստիկանության Էրեբունու բաժին եւ հայտնել, որ սպանել է Շալիկո Եղինյանին: Ըստ գործի նախաքննական եզրակացության, Սուրեն Բեգլարյանը եւ սպանված Շալիկո Եղինյանը ծնվել եւ մեծացել են Լոռու մարզի Քարինջ գյուղում ու մանուկ հասակից ճանաչել են միմյանց: Սուրենը, լինելով արհեստավոր, զբաղվել է մասնավոր շինարարական աշխատանքներով, իսկ սպանված Շ. Եղինյանն աշխատել է «Հարդասթոուն» ՍՊ ընկերությունում որպես արտադրության պետ:
1999թ. Շ. Եղինյանի կինը` Սեդա Ռամազյանը, մահացել է, եւ 2000թ. Շ. Եղինյանը Սուրենին պատվիրել է կառուցել կնոջ գերեզմանը` վարձատրության դիմաց առաջարկելով գերեզմանաքարեր: Սուրենը համաձայնվել է եւ 2000թ. սկսել կառուցապատումը:
Ըստ արդեն կայացված դատավճռի, ավելի ուշ Շ. Եղինյանը Ս. Բեգլարյանից պահանջել է վերադարձնել որպես վարձավճար իր կողմից տրված քարերի արժեքը՝ պատճառաբանելով, որ դրանք ավելի մեծ արժեք ունեն, քան նրա կատարած աշխատանքները: Սակայն Սուրենը առարկել է` հիմնավորելով, որ իր կատարած աշխատանքների արժեքը ավելի մեծ է, քան տրամադրած քարերի արժեքն: Արդյունքում նրանց միջեւ լուրջ վեճեր են սկսվել եւ շարունակական բնույթ կրել:
Ըստ նշված փաստաթղթի, Քարինջ գյուղում մշտական աշխատանքի բացակայության պատճառով Շ. Եղինյանը Սուրենին առաջարկել է տեղափոխվել ք. Երեւան` «Հարդասթոուն» ՍՊ ընկերության քարի արտադրամաս` որպես սղոցավար աշխատելու: Սուրենը ոչ միայն համաձայնվել է, այլ նաեւ բնակվել է արտադրամասի տարածքում գտնվող տնակում:
Համատեղ աշխատանքի ընթացքում նույնպես տուժող Շ. Եղինյանի եւ Սուրենի միջեւ հաճախակի վիճաբանություններ են ծագել, որի արդյունքում վերջիններիս հարաբերություններն ավելի են լարվել:
Արդյունքում, 2011թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 16-ի սահմաններում, Շալիկոյի եւ Սուրենի միջեւ ծագած վեճը ճակատագրական եղավ: Հերթական անգամ կնոջ գերեզմանի աշխատանքներն իրականացնելու շուրջ լուրջ վիճաբանություն ունենալով` Սուրենը, Շալիկոյի կողմից իր եւ ընտանիքի անդամների հասցեին տված հայհոյանքներից դրդված, որոշել է սպանել Շ. Եղինյանին: Բայց, որպեսզի շրջապատում գլխի չընկնեն, նա որոշել է էլեկտրահարելու միջոցով դժբախտ պատահարի իմիտացիա ստեղծել:
Եվ այսպես, նշված օրը Սուրենը, քարի արտադրամասում էլեկտրական հոսանքի երկու հաղորդալարերը միացնելով էլեկտրական բաշխիչ վահանակին, իսկ հաղորդալարերի մյուս ծայրերը մոտեցնելով Շ. Եղինյանի աշխատասենյակի հատվածին, որտեղ Շալիկոն սովորաբար կանգնեցնում է ավտոմեքենան, նպատակ է դրել հենց ավտոմեքենայի մեջ էլեկտրական հաղորդալարերը կպցնել Շալիկոյի պարանոցին: Սակայն փոքր-ինչ ծանրութեթեւ անելուց հետո մտածել է, որ հնարավոր է` ավտոմեքենայի դուռն ու ապակին փակ լինեն, սցենարը ձախողվի, ուստի ամեն դեպքում իր հետ վերցրել է մետաղյա լինգը:
Եվ ահա, նույն օրը` ժամը 10:30-ի սահմաններում, նկատելով արտադրամասին մոտեցող Շ. Եղինյանի «ՎԱԶ-2121» մակնիշի 36օօ160 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբաստանյալ Ս. Բեգլարյանը վերցրել է Էլեկտրական բաշխիչ վահանակին միացված հաղորդալարերը, անմիջապես մոտեցել ավտոմեքենային եւ, բացելով ավտոմեքենայի աջ դուռը, Շ. Եղինյանին սպանելու համար էլեկտրալարերը սեղմել է նրա պարանոցին: Սակայն սպանությունը չի ստացվել. Շալիկոյի վերցրած հաղորդալարերը եղել են միայն ֆազային, ուստի «տոկը չի խփել»:
Բայց, քանի որ Սուրենը մտադրված է եղել վերջ տալ իր վաղեմի ընկերոջ կյանքին, նրա թեւից բռնելով քաշել է դեպի իրեն եւ մետաղյա լինգով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին, ապա մարմնի տարբեր մասերին՝ ի վերջո սպանելով նրան:
Իր զազրելի արարքից հետո, ըստ դատավճռի, Սուրենը փոխել է կոշիկները եւ կամովին ներկայացել ոստիկանություն: Իսկ թե ինչն է կոշիկները փոխելու պատճառը, փաստաթղթում չի երեւում: Վերջինս դատարանին հայտնել է, որ Շ. Եղինյանի անմարդկային հայհոյանքներից ինքը «շաշացել» եւ դիմել է այդ քայլին, սակայն անկեղծորեն զղջում է:
Սպանված Շալիկո Եղինյանի հարազատ դուստրը՝ Արմինե Եղինյանը, դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ դրա պատճառը կարող էր լինել միայն չար նախանձը: Իսկ տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Սուրեն Դալլաքյանը դատարանին հայտնել էր, որ իր քեռուն Սուրենը սպանել է շահադիտական նպատակով, որպեսզի քեռու մահանալուց հետո զբաղեցնի արտադրամասի վարիչի տեղը:
Ինչեւէ, դատարանը Սուրենին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն)՝ դատապարտելով 11 տարվա ազատազրկման: Ու, թեեւ Սուրենի դուստրը բողոքարկել է վճիռը, սակայն այն մնացել է անփոփոխ:
ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵՑԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՊԵՏԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ