ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՇԱՆՎԵԼ Է
Օրեր առաջ նշանվել է Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Աննա» սերիալից եւ «Կարգին հաղորդում» նախագծից… Դերասանուհու ընտրյալը ամերիկաբնակ Խաչիկ Թութուզյանն է, ում հետ Արմինեն ծանոթացել է շատ պատահական: «Միացյալ Նահանգներից ընկերուհիս փաթեթ էր ուղարկել, որն ինձ հենց Խաչիկը պետք է փոխանցեր: Գնացի, վերցրի, շատ ջերմ զրուցեցինք, ես էլ նրան հրավիրեցի հաջորդ օրվա իմ ներկայացմանը: Դրան հաջորդեց հանդիպումը սրճարանում, եւ հենց այդ օրվանից էլ անսպասելիորեն մտերմացանք»,-պատմեց Արմինեն: Իսկ նշանադրությանն անգամ դերասանուհին չի սպասել, քանի որ նրանք հրավիրված են եղել Արմինեի քրոջ աղջկա ծննդյան տարեդարձին, եւ հենց այդտեղ էլ` խնջույքի ժամանակ, փեսացուն անակնկալ ձեւով ընտանիքի անդամների ներկայությամբ մատանի է դրել դերասանուհու մատին: Մեզ հետ զրույցում Արմինեն ասաց, որ անչափ երջանիկ է. «Նա է իմ կյանքի տղամարդը` բարի, կնամեծար»: Քանի որ Խաչիկը Միացյալ Նահանգներից է, ամուսնությունից հետո զույգը բնակվելու է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում:

ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ամբողջ ամառ բուռն աշխատանքային գործունեություն է ծավալել եւ չի հասցրել հանգստանալ: Հիմա էլ Մոսկվայում է` կրկին գործնական հանդիպման: Հուլիսին Սիլվան շրջագայությունների մեջ է եղել, նույնիսկ հասցրել է բարեգործական համերգ ունենալ հայրենի Վայք քաղաքում: Սեպտեմբերից երգչուհին կվերսկսի համերգային շրջագայություններն ու, հավանաբար, մինչեւ տարեվերջ կունենա եւս մեկ տեսահոլովակ: Բայց մինչ այդ Սիլվան կներկայացնի իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Նորահարսիկ» երգի հիման վրա: Երաժշտության եւ խոսքերի հեղինակը, ինչպես միշտ, երգչուհու քույրն է` Մանե Հակոբյանը, իսկ գործիքավորումը կատարել է եղբայրը` Էդգարը:

ՄԿՐՏՎԵԼ Է
«Դժվար ապրուստ» սերիալից մեզ հայտնի Էլենը` նույն ինքը դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ամառային արձակուրդներն անց է կացրել Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ օրեր առաջ մկրտվել է հայկական Սուրբ Կատարինե եկեղեցում: «Հիմա արդեն լիարժեք քրիստոնյա եմ»,- նկատել է դերասանուհին:




Լրահոս