Աղքատացման հետքերով. հացահատիկի աճեցմամբ Հայաստանում զբաղվում են՝ սոված չմնալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին տարիներին գնալով ավելանում են հացահատիկի ցանքատարածքները, եւ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ է ապացուցվում, որ գյուղացիական տնտեսությունում հացահատիկը հիմնականում աճեցնում են անձնական սպառման կամ այլ կերպ ասած՝ սոված չմնալու համար եւ ոչ թե արտադրական նպատակներով:

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության՝ երեկ հրապարակած «Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (օգտագործումը) անհատական (գյուղացիական) տնային տնտեսությունների կողմից» վիճակագրական տեղեկագրի համաձայն՝ 2015 թ-ին մեր հանրապետությունում աճեցված հացահատիկի միայն 30,8 տոկոսն է վաճառվել: Ի դեպ, նախորդ 2014 թվականին Հայաստանում գյուղացիները վաճառած են եղել իրենց աճեցրած հացահատիկի բերքի 34,8 տոկոսը:

Մյուս կողմից 2015-ին հացահատիկի ցանքատարածքները 2014-ի համեմատ զգալի աճել են: 188 հազար 695 հեկտարից դրանք դարձել են 201 հազար 254 հեկտար: Այսինքն՝ ցանքատարածքներն աճել են, բերքի ծավալները` նույնպես, բայց վաճառքի տեսակարար կշիռը նվազել է:

Նշենք, որ անցած տարի Հայաստանում հացահատիկի բերքի ծավալը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 637 հազար 920 տոննա: Չնայած պաշտոնապես չի ներկայացվում, բայց հայտնի է, որ Հայաստանում տեղական արտադրության հացահատիկի վաճառքի ծավալների անկումը պայմանավորված է 2015-ի աշնանից Ռուսաստանից էժան ցորեն եւ ալյուր ներկրելու փաստով: Ալրաղացների համար անցած տարի ավելի ձեռնտու է եղել Ռուսաստանից էժան ցորեն ներկրել, քան թե այն տեղական արտադրողից գնել, քանի որ տեղացի արտադրողը չի կարող իր ցորենը նույնքան էժան վաճառել, որքան ռուսական ֆերմաները, որոնք հազարավոր տոննաներով բերք են ստանում եւ իրացման խնդիր ունեն:

Իսկ ինչու են Հայաստանում տարեցտարի ավելանում հացահատիկի ցանքատարածքները: Առաջին հայացքից վերը բերված հարցը կարող է տարօրինակ հնչել, քանի որ թյուր կարծիք կարող է լինել, թե որքան շատ հացահատիկ ցանեն, այնքան ավելի լավ, որովհետեւ քիչ կներկրենք: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի գյուղատնտեսության պայմաններում գյուղացին չի կարող արտադրական նպատակներով հացահատիկի աճեցմամբ զբաղվել:

Այլ կերպ ասած՝ Հայաստանում հացահատիկի բերքը այնքան բարձր չէ, որպեսզի մարդիկ ցորեն կամ գարի ցանելով՝ իրենց ապրուստի խնդիրը հոգան: Իրականությունն այն է, որ հացահատիկի ցանքատարածքները ավելացան արտագնա աշխատանքի մեկնողների թվի եւ արտագաղթի աճին զուգահեռ: Այսինքն՝ գյուղացին իր հողում աշնանացան կամ գարնանացան հացահատիկ է ցանում եւ մեկնում «խոպան»:

Եթե ոռոգման հնարավորություն կա, ապա տանը մնացած կանայք, իսկ երբեմն նաեւ հարեւաններն են ջրում եւ տեր կանգնում հացահատիկի դաշտին: Եթե հարեւանն է խնամում, ապա նա իր «ծառայության» դիմաց բերքի մի մասը վերցնում է իրեն, իսկ մնացածը տալիս «խոպանից» վերադարձած հարեւանին կամ նրա ընտանիքի անդամներին:

Այլ կերպ ասած՝ հացահատիկի ցանքատարածքների ավելանալու գործընթացը, ոչ թե դրական նշան է, այլ ուղղակի համեմատական կապի մեջ է արտագաղթի հետ: Հանրահայտ փաստ է, որ, օրինակ, Արարատյան դաշտավայրում ցանքատարածքը հացահատիկով զբաղեցնելը, մեղմ ասած, «անխղճություն» է:

Արարատյան դաշտավայրի հողերը խելամիտ մշակելու դեպքում գյուղացին բանջարաբոստանային կուլտուրաներից կարող է տարվա կտրվածքով մինչեւ երեք անգամ բերք ստանալ: Սակայն աճեցրած բերքը իրացնել չկարողանալու, սպառողների գնողունակության ցածր մակարդակի պատճառով գյուղացիներից շատերը հոգնում են հող մշակելուց եւ նախընտրում են գնալ ՌԴ եւ շինարարությունում բանվորություն անելով՝ իրենց ընտանիքի ապրուստը վաստակել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015-ին Արմավիրի մարզում հացահատիկի ցանքատարածքները կազմել են 6 հազար 204 հեկտար, իսկ Արարատի մարզում՝ 7 հազար 83 հեկտար:

Ամենեւին էլ պատահական չէ, որ հացահատիկի ամենաշատ ցանքատարածքները առկա են աղքատության ամենաբարձր մակարդակն ունեցող երկու մարզերում` Շիրակում եւ Գեղարքունիքում: Նշված մարզերում հացահատիկի ցանքատարածքները գրեթե նույնքան են` 47 հազար հեկտարից մի փոքր պակաս:
Հայաստանը մշտապես եղել է հացահատիկ ներկրող երկիր: Իսկ հացահատիկի ցանքատարածքների ավելացումն ուղղակի փաստում է, որ մեր գյուղացիական տնտեսությունները գտնվում են շարունակական քայքայման եւ աղքատացման անվերջանալի թվացող շրջափուլում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս