Մեծ Եղեռնից անցել է 101 տարի, սակայն մինչ օրս ցեղասպան Թուրքիան չի ընդունում իր կատարած ոճրագործությունը: Դժվար է գտնել որեւէ հայ ընտանիք, որի նախնիների շրջանում չկան ցեղասպանությունը վերապրածներ եւ որն այս կամ այն կերպ չի տուժել այդ ոճիրի հետեւանքով: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է Եղեռնից փրկված ու նոր կյանք սկսած մի քանի արվեստագետների նախնիների պատմությունները:
Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հովակ Գալոյանի մոր տատը, օրինակ, ցեղասպանության տարիներին Արեւելյան Հայաստան է գաղթել Վանից:
Դերասանին բախտ է վիճակվել տեսնել նրան եւ անձամբ Քնարիկ տատից (Վարդանյան) լսել վերջինիս ընտանիքի պատմությունը: «Նրանք 12 երեխա են եղել (ամենամեծը` 12 տարեկան), որոնց աչքի առաջ թուրքը սպանել է իրենց ծնողներին, իսկ փոքրիկները հարեւանների օգնությամբ փախել են ու միացել հայ գաղթականների մի խմբի, ապա հատել Արաքսը: Քնարիկ տատը Երեւանում մանկատանն է մեծացել: Նա պատմում էր, որ ինքը հարուստ ընտանիքից է եղել եւ Վանից փախչելիս իր հետ գրքեր, մի շարք արժեքավոր զարդեր ու այլ իրեր է բերել, որոնք, սակայն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպված է եղել փոխանակել սննդի հետ, որպեսզի կարողանար գոյատեւել: Իմ տեղեկություններով` 12 երեխաներն էլ փրկվել են, սակայն նրանց բաժանել են իրարից եւ տարել տարբեր ուղղություններով` մի մասին` Պարսկաստան, մյուս մասին` Միացյալ Նահանգներ: Հետագայում մենք իմացանք, որ Իրանում դեռ բարեկամներ ունենք, սակայն, ցավոք, այդպես էլ չկարողացանք նրանց հետ կապ հաստատել»,- հիշեց Հ. Գալոյանը:
Իրենց գերդաստանի հուզիչ պատմություններով կիսվեց նաեւ օպերային երգչուհի Լեոնորան (Արեւիկ Գրիգորյան-Թանաշեան), ում մոր ծնողները եղել են Երզնկայից ու Ղարսից եւ Եղեռնի տարիներին փախել են Արեւելյան Հայաստան: «Մորական կողմից տատիկիս հայրը ինը տարեկան է եղել, երբ սկսվել է Եղեռնը: Նրան, մառանում պահելով, փրկել է մի թուրք կին` իրենց հարեւանը: Այդ երեխայի աչքի առաջ մորթել են իր ամբողջ ընտանիքին. փրկվել է միայն մի եղբայրը եւ գեղեցկադեմ քույրը, որին թուրքերը տարել են, եւ որի ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնացել: Այդ փրկված տղան հետագայում անդամագրվել է Զորավար Անդրանիկի զորքին, նրա անունը եղել է Հովհաննես, իսկ ազգանունը` Թուռչունյան, որը հետագայում փոխել է` դարձնելով Հովհաննիսյան: Հովհաննեսը պատանի հասակում գնացել է Ռուսաստան, ծանոթացել իր ապագա կնոջ հետ եւ ամուսնացել, իսկ արդեն 40-ականներին նրանք եկել եւ բնակվել են Գյումրիում»,-մանրամասնեց երգչուհին:
Լեոնորայի մոր հորական տատն էլ` Սաթենը, որն այդ տարիներին փախել էր Ղարսից, իր հետ Արեւելյան Հայաստան է բերել Սուրբ Գեւորգի պատկերով ձեռագիր նկարազարդ, որդան կարմիրով գունավորված աղոթքների գիրք: Այն այժմ գտնվում է երգչուհու պապական տանը` Ախուրիկ գյուղում (Գյումրի):
«Դա մի հրաշագործ գիրք է. եղել են դեպքեր, որ չբեր կանայք եկել են Ախուրիկ` մեր տուն, աղոթել են մեր սրբին եւ երեխա են ունեցել, հիվանդ մարդիկ` ապաքինվել են, չամուսնացած աղջիկները` պսակադրվել: Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձել են տեղաշարժել այդ գիրքը, փորձության մեջ են ընկել: Մորս հորեղբայրն, օրինակ, ուզեցել է այն տանել ու հանձնել եկեղեցուն, սակայն մինչ այդ նրա երազում երեք անգամ հայտնվել է Սուրբ Գեւորգը եւ զգուշացրել, որ նման բան չանի: Իսկ երբ այդ մարդը կրկին փորձել է կատարել իր մտադրությունը, 40 օրով հիվանդացել է, եւ չի ապաքինվել այնքան ժամանակ, մինչեւ որ այդ գիրքը չի վերադարձրել մեր պապական տուն»,- պատմեց երգչուհին:
Ինչպիսին էլ որ լինեն ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների պատմությունները, դրանք վկայում են այն մասին, որ թուրքերն այդպես էլ չհասան հայերիս բնաջնջելու՝ իրենց նպատակին. մենք, պահելով մեր նախնիների հիշատակը, շարունակում ենք ապրել եւ արարել:
Աննա Բաբաջանյան