100 տարվա հեռավորությունից թուրք պատմաբանը պատասխանել է Կոմիտասի նամակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց ժամանակակիցները փորձել են պատկերացնել Եղեռնը ապրած հայ երեւելիների զգացածը եւ 100 տարվա հեռավորությունից պատասխանել նրանց անպատասխան մնացած նամակներին: Պատկերագիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 22-ին, հենց այդպես էլ կոչվում է`«Պատասխան՝ 100 տարի անց»:

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի նախաձեռնությամբ մշակված համալիր ծրագիրն ամփոփող գիրքը, որը բաղկացած է 10 մասից, ներառում է նշանավոր մարդկանց նամակները, որոնք թարգմանվել են մի քանի լեզուներով եւ ուղարկվել հայ եւ օտարազգի մշակութային, քաղաքական, տնտեսական հայտնի ժամանակակից գործիչների եւ դրանց պատասխանները. «Գրականության եւ արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանից եւ այլ արխիվներից վերցված 100 նամակներից եւ վկայություններից ընտրել ենք 10-ը` հետեւյալ չափանիշներով. տվյալ երեւելի անձը պետք է խորհրդանշեր նկարագրվող ժամանակը (ցեղասպանության տարիները), նա պետք է հանրությանը հայտնի լիներ, եւ նրա նամակը պետք է աչքի ընկներ իր հուզականությամբ ու ցեղասպանության հետ կապված փաստերի առկայությամբ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

13045515_1104848759572023_899580979_n

Ընտրվել են, օրինակ, Կոմիտասի, Սիամանթոյի, Զորավար Անդրանիկի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Սեւակի, Դանիել Վարուժանի, Գարեգին Խաժակի, Արմին Վեգների, եւ այլոց անպատասխան նամակները: Նրանցից ոմանք այդ նամակներն իրենց հարազատներին ուղարկել են աքսորավայրերից, սակայն մինչ դրանք տեղ են հասել, վերջիններիս արդեն սպանդի են ենթարկել:
Մեր ազգի ճակատագրի համար իրենց անձնուրաց գործունեությամբ աչքի ընկած այս նվիրյալների նամակներին հայ ժամանակակից նշանավոր դեմքերից պատասխանել են, օրինակ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ֆրանսահայ կինոգործիչ Պատրիկ մալաքյանը: Ուշագրավ է, որ արձագանք է ստացվել նաեւ թուրք գործարար Օսման Կավալայից, ով պատասխանել է Գարեգին Խաժակի նամակին, թուրք պատմաբան Սաիդ Չեթինօղլուից, ով իր հերթին պատասխանել է Կոմիտասի նամակին: Արձագանքներ են ստացվել, օրինակ, անգլիացի ֆոտոլրագրող Ռասսել Փոլլարդից, ամերիկացի կոմպոզիտոր, երգիչ Դանիել Դեքերից եւ այլ նշանավոր անձանցից:
«Ընդհանուր առմամբ` մոտ 30 պատասխան-նամակ ենք ստացել: Ասեմ, որ դրանց զգալի մասը բավական հուզիչ է, այնքան ազդեցիկ, որ կարելի է դրանց հիման վրա նույնիսկ բեմադրություն իրականացնել: Ինձ շատ է տպավորել, օրինակ, եղեռնազոհ մտավորական Սմբատ Բյուրատի` կնոջն ուղղված նամակի պատասխանը` շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանից: Նա, փաստորեն, պատկերացրել է իրեն Բյուրատի կնոջ դերում եւ նրա փոխարեն շարադրել իր մտորումները»,-ասաց Կ. Վարդանյանը:

Պատկերագիրքը ներառում է նաեւ կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր ու արխիվային լուսանկարներ: Դրանում ընդգրկված են մեկ տասնյակից ավել հեղինակների աշխատանքներ, թեմատիկ հոդվածներ եւ մտորումներ:
Նշենք, որ «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի հեղինակն ու համակարգողը Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի աշխատակցուհի Հասմիկ Հախվերդյանն է, իսկ համանուն գրքի խմբագիրը`Կարո Վարդանյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս