Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի հրավերով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ oգոստոսի 20-ին, քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:
Այցի նպատակը համագործակցության պայմանագրերի կնքումն է կոնկրետ ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակում, փոխօգնություն՝ պարտապանի և նրա գույքի հետախուզման գործառույթներում: Վերոնշյալը բխում է 2013 թվականի մայիսի 16-ին Երևանում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի դրույթներից:
Ըստ օրակարգի՝ օգոստոսի 20-23-ը Տալլինում նախատեսվում են հանդիպումներ Էստոնիայի խորհրդարանի, Գերագույն դատարանի, արդարադատության նախարարության, ինչպես նաև Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի ներկայացուցիչների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն համագործակցության խորացման այլ ուղղություններ ևս: