ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌՈՒՆ ԿԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երբ 2008-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց այդ պաշտոնում, հասարակական, քաղաքական դաշտում գերիշխող էր այն տեսակետը, որ նա թույլ ֆիգուր է եւ լինելու է Սերժ Սարգսյանի հլու կամակատարը ու դրա համար էլ նշանակվել է: Սակայն իրադարձություններն այլ կերպ ընթացան:
Նախ հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը համարվում էր այն մարդը, ով ընկալելի էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, եւ Սերժ Սարգսյանը առանց երկար տատանվելու նրան շնորհեց երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը: Բայց, շատ չանցած, Սարգսյանն իր հարաբերությունները Քոչարյանի հետ կտրուկ սառեցրեց՝ արժանանալով վերջինիս կողմից իրեն “ուղարկված” հայհոյանքներին, բայց միաժամանակ դարձավ Սերժ Սարգսյանի հավատարիմը: Ու այս կարգավիճակին նա հասավ ոչ թե երկրի տնտեսությունը իրականում զարգացնելով, այլ պարզապես ներիշխանական խարդավանքների գործիքները հմուտ աշխատեցնելով: Կարճ ժամանակում նա իր կողքին հավաքեց երիտասարդների թիմ, հավաքագրեց նաեւ ահել ու ջահել հանրապետականների՝ այդպիսով իր տեղն ամրապնդելով իշխանության կուսակցական համակարգում:
Բայց, լինելով տնտեսագետ, Տիգրան Սարգսյանը հաշվարկել էր նաեւ կառավարման համակարգում “տարածվելու” անհրաժեշտ քայլերը եւ զգաց, որ այդ ոլորտում իրեն առաջնահերթ խանգարում է իշխող կոալիցիայի անդամ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: Ու, քանի որ վարչապետը լրջագույն ներդրումներ է կատարում նաեւ հայրենի լրատվական դաշտի վրա, նույնիսկ սեփական լրատվամիջոցներ ունի, ուստի նա Գագիկ Ծառուկյան եւ Հովիկ Աբրահամյան խնամիական զույգի “հախից գալու” համար գործի դրեց ավանդական մեթոդները՝ լրատվական “տեռորը”: Ու պետք է խոստովանել, որ “տեռորին” զուհագեռ Սերժ Սարգսյանի մոտ տարած ,բացատրական աշխատանքներըե, ի վերջո, տվեցին ցանկալի արդյունքը, եւ Տիգրան Սարգսյանը հաղթեց Ծառուկյան-Աբրահամյան զույգին: Նրանք նախորդ տարվա գարնանից, ըստ էության, մեկուսացված են քաղաքական դաշտից:
Իսկ Տիգրան Սարգսյանն այսօր ունի “գրպանային նախարարներ”՝ բացառությամբ 2-3 հոգու, իսկ գրեթե բոլոր նախարարություններում՝ հավատարիմ կառավարիչներ: Նույն տոտալ վերահսկողության տակ են նաեւ մարզպետարանները: Ու ընդհանրապես, Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում, որտեղ կա ֆինանսական աշխուժություն, ՀՀ վարչապետը որեւէ ձեւով կամ որեւէ մեկի դեմքով ներկայացված է: 
Ու սա դեռ բավական չէ, Տիգրան Սարգսյանը այս տարիների ընթացքում հետեւողականորեն ձեռնամուխ է եղել իր համար քաղաքական կապիտալ հիմնելու լրջագույն գործին: Նա չի դադարում քայլեր կատարել՝ վերակազմավորելու ԱԺՄ-ն, որտեղից սկսվել է իր քաղաքական կարիերան: Բացի այդ, փորձում է նաեւ ավանդական կուսակցություններին վերակենդանացնել որպես իր քաղաքական կապիտալ: 
Հավելենք, որ Տիգրան Սարգսյանի շրջապատն արդեն անթաքույց խոսում է այն մասին, որ ՀՀ հաջորդ նախագահը հենց նա է: “Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների համաձայն, նույնիսկ ինքը՝ Տ. Սարգսյանը, շատ պաշտոնյաների հետ զրույցում արդեն ակնարկել է, որ այս իշխանության շարունակողն ինքն է լինելու, հետեւաբար, պետք է իրեն հաշվետու լինել: 
Ի դեպ, Տ Սարգսյանն այսօրվա դրությամբ համարվում է Սերժ Սարգսյանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործիչը: Նրա գրեթե բոլոր խոսքերն ընդունվում են “հալած յուղի” տեղ: Դրա համար էլ, չնայած մեր երկրում առկա ողբերգական իրավիճակին, Սերժ Սարգսյանը, բացի ,Տիգրանե-ով դիմելուց եւ մի թեթեւ նրան կշտամբելուց, որեւէ անգամ վարչապետին ,պատժելուե փորձ չի արել:
Հիշեցնենք, որ, երբ Տիգրան Սարգսյանը վարչապետ նշանակվեց, մեր երկրում պաշտոնական տվյալներով աղքատությունը 27,6 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,6: Մինչդեռ այսօր աղքատության ցուցանիշը պաշտոնական տվյալներով վաղուց հատել է 35 տոկոսի շեմը, իսկ ծայրահեղ աղքատության տոկոսը՝ 3,7-ի շեմը: Ասել է թե՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնապես մեր երկիրը տանում է դեպի կործանում եւ դեռ այդքանից հետո հավակնում է դառնալ ՀՀ հաջորդ նախագահը, ու նրա “ձեռքը բռնող չկա”:
 ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 597 համար




Լրահոս