ԲՀԿ-Ի ՀԱՅՏՆԻ ԱՆՀԱՅՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այն, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ցուցակը լի է ապաքաղաքական դեմքերով, գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Այս կուսակցության ցուցակում են հանգրվանել մարդիկ, որոնք, բացի փողատեր լինելուց եւ Գագիկ Ծառուկյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենալուց, որեւէ արժանիք չունեն: Սակայն արի ու տես, որ այդքանն էլ բավական է եղել, որ հայտնվեն երկրի օրենսդիր մարմնում` Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակով: 
Ահավասիկ, մեկն էլ ԲՀԿ պատգամավորներից, որին քաղաքական դաշտում ոչ ոք չի ճանաչում: Ըստ էության, շատերը չեն ճանաչում նաեւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունում: Ո՞վ է Մերուժան Սիմոնյանը, ի՞նչ քաղաքական կենսագրություն ունի կամ էլ մինչեւ խորհրդարան գալն ինչո՞վ է զբաղվել… Հիսնամյա այս պատգամավորը ծնունդով Սյունիքի մարզից է եւ իր աշխատանքային ուղին սկսել է շարքային բանվորից: Աշխատել սկսել է 1980 թվականից` “Սյունիք” խորհրդային տնտեսությունում, ապա Կապանի անտառտնտեսությունում` որպես բանվոր: 1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում: Բանակից վերադառնալուց հետո՝ 1984-1985թթ., Կապանի “Սպին” գործարանում աշխատել է տնտեսագետ: Այստեղ, իհարկե, արդեն տարակույսներ են ծնվում, քանի որ ընդամենը միջնակարգ կրթություն ունեցողն աշխատել է տնտեսագետ, ինչի համար առնվազն միջնակարգ մասնագիտական կրթություն էր պահանջվում: Բայց երեւի էն գլխից երջանկության հավքը կանգնել էր ապագա պատգամավորի ուսերին, ուստի 1985-1990թթ. նա աշխատում է Սեւաքարի խորհրդային տնտեսությունում, ապա 1990-1992թթ.` Սյունիքի թռչնաֆաբրիկայում որպես գլխավոր տնտեսագետ: Իհարկե, այս ընթացքում արտադրությունից չկտրված, հեռակա կարգով ավարտում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետն ու 1988-ին ստանում տնտեսագետի եւ գյուղարդյունաբերության կազմակերպչի որակավորում: Երկրի համար ամենադժվարին տարիներին՝ 1992-1994 թվականներին, Մերուժան Սիմոնյանը որեւէ տեղ չի հայտնվում. ո՛չ տնտեսությունում, ո՛չ պետական ծառայության մեջ, ո՛չ էլ պատերազմի դաշտում: Դե, կյանքն ավելի թանկ էր, ուստի, հավանաբար, հեռացել էր երկրից, որպեսզի հեռվից սիրի հայրենիքն ու պատրաստվի նոր պաշտոնին:
1995-1997թթ. ապագա պատգամավորն աշխատել է ՀՀ հարկային տեսչությունում`որպես քաղաքացիների եկամուտների հարկման բաժնի պետական հարկային տեսուչ, ապա գույքային հարկերի բաժնի ավագ պետական հարկային տեսուչ, իսկ 1997-1999թթ.` ՀՏ 4-րդ վարչության Սյունիքի տարածքային բաժնի օպերլիազոր: Թե ինչպես էր գյուղարդյունաբերության կազմակերպիչը “վերաորակավորվել” հարկային տեսուչի ու հարկային բարձրաստիճան պաշտոնյայի, միայն ինքը կարող է ասել: 
Իհարկե, Մերուժան Սիմոնյանը որեւէ տեղ չի պատմում իր պաշտոնական այդպիսի կերպարանափոխման մասին, բայց հպարտությամբ հիշատակում է, որ 1999-2001թթ. եղել է ՀՀ ՊԵ նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետ, Սյունիքի մարզային հարկային տեսչության պետ, իսկ 2001-2009թթ. էլ` արդեն Կապանի հարկային տեսչության պետ: 2009թ. եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության օպերատիվ հետախուզության բաժնի պետ, ապա 2011-2012թթ.` ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի պետ: Իր այս ծառայության համար էլ արժանացել է հարկային ծառայության գնդապետի կոչման:
Հիմա արդեն այլ հարց է ծագում, թե հարկային ծառայության գնդապետի ինչի՞ն էր պետք Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, երբ նա առանց այն էլ ուներ անհրաժեշտ իշխանությունը: Ինչպես Սյունիքում, այնպես էլ Եղեգնաձորում նրան ճանաչողները մեզ հետ զրույցներում նշում էին, որ Մ. Սիմոնյանը մշտապես համարվել է “մարդկանցից տասը կաշի քերթող”:
Չնայած հարկային համակարգում իր տեւական ստաժին, Սիմոնյանը չափազանց համեստ հայտարարագիր է ներկայացրել: Պարզվում է, որ նա իր հաշվին ունեցել է ընդամենը 1 մլն 100 հազար դրամ: Այսինքն, խորհրդարան եկած ծայրահեղ աղքատներից մեկն է, որի հաշվետու տարվա եկամուտը կազմել է ընդամենը 2 մլն 317 հազար դրամ: Նշանակում է, այս մարդն ամսական ծախսել է ընդամենը 65-70 հազար դրամ եւ տնտեսել է իր գումարները: Կարելի է Մերուժան Սիմոնյանին խնդրել, որ նա 60 հազարով լավ ապրելու հմտությունների “մասթեր քլասներ” անցկացնի: Այն էլ` ոչ թե լավ, այլ շքեղ ապրելու, որովհետեւ ունի երեք ավտոմեքենա՝ “Լեքսուս LX-470”, “Տոյոտա Քեմրի-24”, “Ֆորդ Տրանզիտ 330-9″… Կապանում ունի մեկ բնակարան՝ 82,5 քմ մակերեսով, մեկ շինություն՝ 67,3 քմ մակերեսով, երեք ավտոտնակ՝ յուրաքանչյուրը 18,00քմ մակերեսով եւ մեկ վարձակալած հողամաս… “Բնականաբար”, թանկարժեք առարկաներ, ոսկեղեն ու ադամանդեղեն չունի: Մերուժան Սիմոնյանը միայն Կապանի բնակարանն է նշել իր հայտարարագրում՝ “թոզ փչելով” շատերի աչքին: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ չի նշել երեւանյան բնակարանը, ինչո՞ւ չի նշել, որ Կապանում նաեւ “օբյեկտներ” ունի: Ինչի՞ց է վախեցել, ի վերջո, ո՞վ կարող է հարկային ծառայության գնդապետին հարցնել, թե որտեղից է այդ ամենը: Մարդն իր ,քրտինքովե կուտակել է…
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 597 համար




Լրահոս