ԵՍ ԳՏԱ ԳՈՏԵՊՆԴԵԼՈՒ ՄԻ ՁԵՎ.ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրված դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ կրկին Հայաստանում է եւ, ինչպես միշտ, նոր ներկայացմամբ` “Ամեն երկուշաբթի”: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ ներկայացումը արդիական խնդիրների մասին է` արտագաղթ, կոռուպցիա, քաղաքական գործընթացներ… Ամենահետաքրքիրն այն է, որ ներկայացման վերջում դերասանին հաջողվում է, բառիս բուն իմաստով, երգացնել ամբողջ դահլիճը, ընդ որում, միմյանց ձեռք բռնած:
-Արվեստի գերխնդիրը մարդուն մի քայլ դեպի ազնվություն տանելն է: Սա է իմ հավատամքը: Ես եւ իմ հանդիսատեսը ներկայացման վերջում գալիս ենք մեծ ու միասնական հաղթանակի. միմյանց ձեռք բռնած` երգում ենք: Իսկ Դուք լավ գիտեք` ինչ դժվար բան է հայ մարդուն երգացնելը: Չեք պատկերացնի` այս ներկայացմանն ինչ սրտի թրթիռով եմ սպասել:
-Եվ ինչո՞վ է այս ներկայացումը տարբերվում Ձեր այլ ներկայացումներից: 
-Վերջին ամիսներին Երեւանում էի, ականատես եղա հետընտրական թեժ օրերին ու, երբ գնացի Փարիզ, դադարեցրի աշխատանքներս այդ պահին պատրաստվող մեկ այլ ներկայացման վրա, որովհետեւ այն այսօրվա համար ինձ ոչ պիտանի թվաց: Ու ստեղծվեց այս մեկը: Ես չէի ուզում դավաճանած լինել ինքս ինձ, խաբել մարդկանց ու մոռացնել մեր հոգսերի մասին: Մեծ բան է, իհարկե, մարդկանց ծիծաղեցնել երկու ժամ, բայց ես չէի ուզում ուղղակի ծիծաղեցնել: Այ, երբ դու կարողանում ես հոգսերը շոշափելով ծիծաղեցնել ու բերել գոտեպնդման, դա արդեն ուրիշ է: Գնալով կյանքը բարդանալու է: Մենք տեսնում ենք` ինչպես են եվրոպական խորհրդարաններում խոսում այն մասին, որ ճգնաժամը դեռ պիտի շարունակվի, խորանա: Հասկանալի է, որ այդ ամենը կբերի նաեւ քաղաքական ճգնաժամի` համապատասխան դրսեւորումներով: Ինչպե՞ս մարդուն նախապատրաստել դրան: Լուծումներ տալը արվեստի գործը չի: Բայց ես կարծում եմ` գտա միավորելու մի ձեւ` իրար ձեռք բռնել: Եվ այդ ամբողջ ընթացքում չկորցնել մեր մեջ ամենակարեւորը` սերը: Մարդը, առավել եւս, հայ մարդը սիրելու, սիրվելու, հասկացվելու կարիք շատ ունի. ահա որտեղ է խնդիրը: Հիշո՞ւմ եք Պողոս առաքյալի խոսքերը` ամենակարեւորը սերն է: Նա ասում էր` ամեն ինչ կվերանա, կկորչի, բայց սերը կմնա: Արվեստի գործը դա է. անել ամեն ինչ, որ սերը չմարի:
-Արդյոք ունա՞կ է արվեստն այդքան սրտեր բուժել, հոգիներ ամոքել. մեր իրականության մեջ այնքան շատ են խնդիրները:
-Մի լուսավոր քահանայի հետ էի խոսում կրոնական հարցերից, կյանքից: Ասացի` ուզում եմ սա անել, նա անել, բայց վախենում եմ` ուժերս չհերիքեն: Ասաց` դու քոնն արա, Աստծունն էլ թող Աստծուն:
-Աստծո վրա հույս դնելով հարց կլուծվի՞: 
-Ամբողջ դժբախտությունն այն է, որ չգիտես` այսօրվա քաղաքակրթությունն ինչի վրա է իր հույսը դրել: Մարդկությունն այսօր մոռացել է Աստծուն: Նա գնում է բոլորովին ուրիշ ուղղությամբ եւ ելքեր է փնտրում ուրիշ տեղ: Այսօր աշխարհը կարելի է նմանեցնել մի փակ սենյակի, ուր օդը պակասում է, մարդիկ սկսում են խեղդվել, օդի կարիքը գնալով շատանում է, թթվածին չկա, իսկ նրանք շորերն են փոխում, տեղաշարժում են կահույքը: Ելք են փնտրում, ինչ-որ բաներ են անում` առանց մտածելու, որ ընդամենը պետք է բացել լուսամուտը, որ օդ գա: Բայց կան գաղափարախոսություններ, վախեր. “Չբացեք լուսամուտը, որովհետեւ միջանցիկ քամին ձեզ կմրսեցնի, դուք կհիվանդանաք”: Մենք չենք նայում` ուր որ պետք է, չենք փնտրում հոգեւոր ճանապարհներ, բայց չէ՞ որ մարդը հոգեւոր արարած է: Գլոբալիզացիան մարդուն այսօր զրկում է հոգեւորից ու դարձնում կենդանի: Եթե նկատել եք, մեզ փորձում են դարձնել իրար ատող կենդանիներ: Ջեկ Լոնդոնը մի հրաշալի վեպ ունի` “Սպիտակ ժանիք”: Գլխավոր կերպարը շնագայլն է, որին սկզբում դարձնում են կռվող շուն: Ու գիտե՞ք ինչպես` անընդհատ ծեծելով, սոված պահելով, չկերակրելով, ուրիշների հետ կռվեցնելով, նորից ծեծելով: Մեզ էլ, կարծես, այդպես տանջելով, հոգահան անելով` սարքում են կռվող, գազազած շներ: Տեսեք` ինչ է այսօր կատարվում աշխարհում, մեր շուրջը: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆԱՅՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 597 համար




Լրահոս