Ոչ մի ժողովուրդ այսօր ապահովագրված չէ սպառնալիքներից ու ոտնձգություններից. Արտակ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանկ ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը.

«Գլոբալ ֆորումի հարգարժան մասնակիցներ,
Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո աշխարհի քաղաքական գրականության մեջ տարածված տերմիններից մեկը «Ցեղասպանություն»-ն է: Համաշխարհային երկու պատերազմները պատճառ դարձան, որպեսզի միջազգային հանրությունը ավելի լուրջ ուշադրություն դարձնի այդ երևույթին դիմագրավելու և նրա դեմ պայքարելու մեխանիզմներին:

Ցեղասպանությունը համարվում է միջազգային ամենազազրելի հանցագործություններից մեկը, այսպես ասած “crime of the crime”, որը խոր ազդեցություն է գործել մարդկային խղճի վրա: Այն իր մեջ ներառում է ծանր հանցագործությունների գրեթե ամբողջ ցուցակը` սպանություն, բռնաբարություն, երեխաների սպանություն, ստրկավաճառություն, բռնի տեղահանում, ուրիշի գույքին ապօրինի տիրացում կամ ոչնչացում, մշակութային արժեքների ոչնչացում և այլն. մի խոսքով` այն իր մեջ ներառում է համարյա ամբողջ քրեական օրենսդրությունը:
Ցեղասպանությունը, իսկ որոշ երկրներում նաև ցեղասպանության ժխտումը, ընդգրկված է քրեական օրենսդրություններում: Ուստի ցեղասպանությունը նախ և առաջ ոչ թե պատմական երևույթ է, այլ իրավական խնդիր: Հետևաբար հանցագործության համար պատասխանատվության ենթարկելը պետք է հանդիսանա մարդկության առաջնային խնդիրներից մեկը, որի նպատակն է սոցիալական արդարության վերականգնումը և նմանատիպ հանցագործությունների կանխումը:
Ինչպես առանձին անձանց սպանությունը, այնպես էլ ցեղասպանությունը չի կարող որևէ կերպ արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով: Մի ամբողջ ժողովրդի սպանությունը և, թերևս ամենասուրբ իրավունքից` կյանքի իրավունքից զրկումը, ուղղված է ոչ միայն զոհ դարձած ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ` վտանգի տակ դնելով ցանկացած ժողովրդի կամ նրա մի մասի գոյության, կյանքի և արժանապատվության իրավունքը:

Ցեղասպանությունների ժխտման քրեականացումը երբեմն գնահատվում է որպես խոսքի ազատության սահմանափակում: Սակայն խոսքի ազատության իրավունքը չպետք է ուղղված լինի այլ իրավունքների ոչնչացմանը կամ արժեզրկմանը, իսկ ցեղասպանության ժխտումը ոտնահարում է միջազգային բոլոր հումանիտար արժեքները և ոտնահարում ցեղասպանության զոհ դարձածների ու նրանց հետնորդների արժանապատվության, սոցիալական արդարության վերականգնման իրավունքները:
Ցավոք, ցեղասպանությունների դեմ պայքարը ժամանակակից աշխարհում չափից ավելի քաղաքականացված է, որը հնարավորություն չի տալիս իրագործել ժխտողականության դեմ պայքարի, սոցիալական արդարության և խեղված իրավունքների վերականգնման, ինչպես նաև ցեղասպանության վտանգի տակ հայտնվող ազգային և կրոնական փոքրամասնությունների արդյունավետ պաշտպանության ու անվտանգության հարցերը: Ցեղասպանություն վերապրած ժողովուրդները, կարծում եմ պետք է զգան համաշխարհային հանրության միանշանակ աջակցությունն այս հարցում, թեկուզև դա միայն իրենց խնդիրը չէ:

Մենք շատ հաճախ ենք լսում խորհրդարանական հարթակներում, որ պետք է պայքարել ցեղասպանությունների կանխարգելման համար և պետք է միավորել ջանքերը: Ժամանակակից աշխարհի ուշադրության հարց է միասնական անվտանգությունն ու օրեցօր ահագնացող սպառնալիքների դեմ պայքարը, պետությունների հակաահաբեկչական ջանքերն ու դրանց միավորման անհրաժեշտությունը: Եվ տրամաբանական է, որ այս պարագայում պետք է ճանաչվեն ու դատապարտվեն բոլոր տիպի ցեղասպանական հանցագործությունները: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, մենք հաճախ են լսում հետևյալը “այո հայոց ցեղասպանությունը եղել է, մենք դա չենք ժխտում, բայց մենք ունենք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ”: Իսկ ինչ է այն մի քանի տասնյակ պետություններն, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, չունեն արդյոք լավ հարաբերություններ թուրքիայի հետ: Կամ ներկայումս ի՞նչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ, արդյո՞ք դա ցեղասպանության սպառնալիք չէ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Կամ այն ինչ տեղի է ունեցել և շարունակվում է ունենալ Մերձավոր Արևելքում ԴԱԵՇ-ի կողմից ցեղասպանական ակտեր չե՞ն այնտեղ բնակվող կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:
Հարգելի գործընկերներ,

Ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում եթե մենք դատապարտումն ու ժխտողականությունը դարձնենք քաղաքական նպատակահարմարության հարց և դրանով պարարտ հող ստեղծենք, ուրեմն պետք է նաև պատրաստ լինենք նոր հնարավոր ցեղասպանական ակտերի: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե որ ազգին, կամ էթնիկ խմբին այն բաժին կհասնի:
Անվտանգ ու խաղաղ ապրելն այսօր դարձել է բոլոր ժողովուրդների ու պետությունների առաջնահերթությունը: Մարդկության պատմությունը արյան գնով հաղթահարել է բազմաթիվ էջեր, ինչպիսիք են Օսմանյան կայսրությունը, որը չարիք դարձավ հույների, ասորիների, հայերի, Փոքր Ասիայի և Արևելյան Եվրոպայի մյուս ժողովուրդների համար, ֆաշիզմը՝ որը չարիք դարձավ հրեաների և եվրոպայի շատ ժողովուրդների համար, տարբեր տիպի ռեժիմներն ու ահաբեկչական խմբավորումները, որոնց գործողությունների թիրախում հայտնվեցին Դարֆուրի, Կամբոջայի, Ռուանդայի ժողովուրդները և այսօր էլ շարունակում են գտնվել տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունները Մերձավոր Արևելքում:
Սրանք մարդկության պատմության կողմից բացթողնված, կամ որոշ դեպքերում ցավոք անտեսված էջեր են, որոնց անդրադառնալը մեծ անհրաժեշտություն է:
Հարգելի բարեկամներ,
Երևանյան գլոբալ ֆորումի այս հարթակը ժամանակի ընթացքում կարող է դառնալ միջազգային կարևոր հարթակներից մեկը, որն ունի հստակ ու անհրաժեշտ առաքելություն՝ հանուն խաղաղ ու անվտանգ գոյակցության: Ոչ մի ժողովուրդ այսօր ապահովագրված չէ սպառնալիքներից ու ոտնձգություններից, հետևաբար բոլորն էլ ունեն համատեղ գործելու, միմյանց հասկանալու և միասին պայքարելու անհրաժեշտություն:
Շնորհակալություն, ուշադրության համար.»




Լրահոս