ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Նորանշանակ դեսպանի առաջին հանդիպումը բնապահպանության նախարարին նշանավորվել է բնապահպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների ստեղծման նախադրյալների քննարկումով:
Դեսպանը ներկայացրել է Լիտվայի կողմից իրականացվող թվինինգային ծրագրերի կատարման ընթացքը և առաջարկել հնարավորության դեպքում ի թիվս այլ ոլորտների համագործակցել նաև այս ուղղությամբ:
Արամ Հարությունյանը ողջունելով դեսպան Պետրիկասին Հայաստանում` նշել է, որ Հայաստանը և Լիտվան համագործակցության բավականաչափ ներուժ ունեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում թե՜ միջազգային կոնվենցիաներով շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակներում, թե՜ երկկողմ հարաբերություններում: “Հայաստանի բնապահպանության նախարարությունը մասնակից է շուրջ քսան միջազգային կոնվենցիաների և անհրաժեշտ է ուղիներ որոնել այդ ոլորտում համագործակցելու ուղղությամբ: Բացի սա, պետք է մշակել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության ուղիները և այն առաջարկում եմ սկսել օրենսդրական դաշտի ձևավորումից”,- նշել է նախարար Հարությունյանը:
Դեսպանը խոստացել է մեծապես նպաստել այդ համագործակցության կայացմանը:
Ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց` արդյունավետ համագործակցության հենք ստեղծելու կապակցությամբ: