ԱՐԱԳ «ՓՈՂԱՉԱՓ» ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ից «Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 4 հատվածներում կգործարկվեն երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր: Այսպիսով՝ արագաչափերի գերշահութաբեր բիզնեսը ծավալվում է նաեւ միջպետական մայրուղու վրա՝ նոր բազմամիլիոնանոց գումարների հոսքը ապահովելով անհայտ օլիգարխի գրպանը: Թե ով է այն, առայժմ չի գաղտնազերծվում:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ անցած տարվա ընթացքում արագաչափերի ֆիքսած խախտումների համար հայ վարորդներից գանձվել է 2 միլիարդ 827 միլիոն դրամ՝ մոտ 7 միլիոն դոլար գումար, որի 70 տոկոսը բաժին է հասել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, իսկ ընդամենը 30-ը՝ ՀՀ ոստիկանությանը: Մեր՝ շարքային հարկատուներիս հաշվին անհայտ օլիգարխին հարստացնելու այս անարգել փորձից ոգեւորված՝ հիմա էլ Երեւանի քաղաքապետարանն է փորձում նույն համամասնությամբ հարստացնել «Փարքինգ սիթի» ընկերության սեփականատիրոջը: Այս դեպքում խոսքը գնում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանի մասին, որը հավակնում է դառնալ Երեւանի գլխավոր «պարկովչիկը»: Հարությունյանը ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է:
Ու սա այն դեպքում, երբ մեր երկրում ծայրահեղ սոցիալական վիճակ է, երբ «մազից կախված է» գազի սուբսիդավորման հարցը, իսկ կառավարությունն էլ միջոցներ չունի օրեցօր ահագնացող գնաճի դեմն առնելու: Եվ ահա, աղքատության շեմին ապրող բնակչության աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն, փաստորեն, միլիոնավոր դոլարներն անարգել հոսում են մի քանի հոգու գրպանները: Այսինքն, շարունակում են հարստանալ մի քանի հոգի: Մինչեւ ե՞րբ:




Լրահոս